Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում հանցագործության մասին. ՀԲՃ

Հուլիս 09,2015 10:32

(Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի գերշահագործման և դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ)

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդում է տալիս ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, կոչ անելով այս խնդրին քաջածանոթ բոլոր անհատներին ու կազմակերպություններին մասնակցել այս գործընթացին: Խնդրվում է ներքևում ներկայացված հաղորդման տակ ստորագրել ցանկացողներին այդ մասին գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անհանգստացած լինելով մեր հայրենիքի շրջակա միջավայրի վիճակի և որակի մասին, ինչպես նաև նրանում կենսագործունեություն իրականացնող բնակիչների էկոլոգիական անվտանգության ու ապահովության բացակայությամբ, մանրամասն ուսումնասիրելով ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի աջակցությամբ 2014թ. մարտին Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակին վերաբերող «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Մել-Հով» ՍՊԸ-ի կոնսորցիումի կողմից հրապարակված հետազոտությունների հաշվետվությունները, հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ պետական որոշ պաշտոնյաներ կատարել են այնպիսի գործողություններ և թույլ են տվել այնպիսի խախտումներ, որոնց համար նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության և վերականգնեն բնության հասցված վնասները։

Խնդրի էությունը կայանում է հետևյալում.

Արարատյան դաշտի բնության կողմից շնորհված արտեզյան ջրերը բնության հետ ներդաշնակ գոյատևման աղբյուր և միջավայր են ապահովել մարդկանց համար։ 20-րդ դարում՝ դեռևս խորհրդային տարիներին, դրանք առաջին անգամ սկսել են օգտագործվել պետական ծրագրի հիման վրա։ Այդ ժամանակ սահմանված է եղել այդ ջրերի այն թույլատրելի սահմանը, որի օգտագործման արդյունքում տեղի բնակչությունը ներդաշնակորեն կկարողանար ապրել շրջակա միջավայրում՝ առանց վտանգելու Արարատյան արտեզյան ավազանի (հետագայում ԱԱԱ) ջրային պաշարները։ Տասնյակ տարիներ շարունակ այդ ջրային պաշարները խմելու, կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, տեխնիկական և այլ նպատակներով ջուր են մատակարարել բնակչությանը և նպաստել էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական կայուն վիճակին։

Սակայն վերջին տաս տարիների ընթացքում Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում բացվել են խոշոր ձկնաբուծարաններ, որոնց գործունեության արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը, վտանգվել է ստորերկրյա ջրերի բնականոն վիճակը, իսկ բնակչության համար ստեղծվել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Դեռևս 1984 թվականին, տարբեր ջրաբանների հետազոտությունների արդյունքները հիմք ընդունելով՝ Պաշարների պետական հանձնաժողովը (ՊՊՀ) հաստատել էր խորքային հորերից ջուր վերցնելու տարեկան թույլատրելի սահմանը, որը կազմել էր 34,7 խմ\վրկ կամ 1,0943 մլրդ․ խմ/տարի, ինչը պահպանելու դեպքում ջրային պաշարների գերշահագործում չէր նկատվի։

Սակայն այս չափն էականորեն գերազանցող թվեր արձանագրվել են երեք տասնամյակ անց, և համաձայն վերջին հետազոտությունների՝ 01.07.2013թ. դրությամբ, ջրառը ԱԱԱ-ում  կազմել է 55,6 խմ/վրկ կամ 1,7534 մլրդ․ խմ/տարի, ինչը 1984թ. հաստատված 34,7 խմ/վրկ թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը գերազանցել է 20,9 խմ/վրկ կամ 659,1 մլն. խմ/տարով՝ այսինքն 1,6 անգամ, որի 64%-ը բաժին է հասել հենց ձկնաբուծարաններին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ այդ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառը կատարվել է և մինչ օրս շարունակվում է կատարվել լավային և լավատակ բարձրորակ ջրերի` խմելու ու կենցաղային ռազմավարական նշանակություն ունեցող ջրատար հորիզոններից, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնում շրջակա միջավայրի և բնակչության համար:

Այս ամենի արդյունքում արձանագրվել է հետևյալը պատկերը.

1.      Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:

2.      Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ:

3.      Մասիսի տարածաշրջանում մակարդակների նվազում 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվում է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով:

4.      1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:

5.      Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ:

6.      Ջրի պահանջարկը բավարարելու նպատակով 2014 թվականին Սևանա լճից 100 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:

7.      Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կկանգնի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաև կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը:

Մեր կարծիքով սա առանձնապես վտանգավոր և ծանր հանցագործություն է, որն իրականացվել է ՀՀ Բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների թողտվությամբ և համաձայնությամբ՝ նախկին նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ, քանի որ նրանց կողմից 2008-2013թթ․ սահմանվածից ավել տրամադրված ջրօգտագործման  թույլտվություններն են հենց պատճառ հանդիսանում նշյալ տարածքում էկոլոգիական այսպիսի աղետալի վիճակի առաջացման համար:

ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից խմելու-կենցաղային, ոռոգման և արդյունաբերական նպատակներով 2013թ. դրությամբ ԱԱԱ-ում տրամադրված է եղել 1571 հորատանցքերով ջրօգտագործման թույլտվություն (հետագայում ՋԹ):

Ընդ որում, 2008-2013թթ. ՋԹ-ներ են տրամադրվել 274 նոր հորատանցքի համար 23,3 խմ/վրկ կամ 734.8 մլն. խմ/տարի գումարային ծախսով: Այդ ՋԹ-ները տրամադրելուց հաշվի չեն առնվել 2006-2007թթ. գույքագրման արդյունքները, որոնց համաձայն 2008թ. դրությամբ ԱԱԱ-ում ստորերկրյա ջրերի 36,5 խմ/վրկ կամ 1,1511 մլրդ. խմ/տարի ծավալով օգտագործումն արդեն իսկ գերազանցում էր 1984թ. ՊՊՀ կողմից հորատանցքերով սահմանված 34,7 խմ/վրկ կամ 1,0943 մլրդ. խմ/տարի թույլատրելի միջին տարեկան ջրառը: Այսինքն ՀՀ Բնապահպանության նախարարությունը իրավունք չուներ նոր ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու, սակայն բոլորիս հասկանալի պատճառներով գնացել է այդ քայլին և կորստյան եզրին կանգնեցրել ԱԱԱ-ի ստորեկրյա ջրերը։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԱԱԱ-ի խնդրով երկու տարի առաջ քրեական գործ է հարուցվել ՀՀ դատախազությունում, սակայն ըստ մեր ունեցած տեղեկությունների ոչ մի պաշտոնատար անձ այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։ Մենք համոզված ենք, որ իրավական պետությունում և պետական ծառայողների օրինապաշտ աշխատելաոճի պարագայում մենք չէինք ունենա էկոլոգիական այս աղետալի վիճակը, որն ունենք այսօր: Պարզ է, որ այս ստեղծված ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում, մեղավորներին պատասխանատվության չկանչելու և չպատժելու, իրավիճակը չվերահսկելու պարագայում, բացասական հետևանքներն ու նմանատիպ հանցագործությունները հետզհետե ավելանալու են: Եթե որևէ գործուն քայլեր չձեռնարկվեն իրավապահ մարմինների կողմից, ապա Հայաստանը շուտով կհայտնվի էկոլոգիական արտակարգ դրության մեջ։

Վերոշարադրյալից ելնելով ակնհայտ երևում է, որ կատարվել է ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց չբացահայտման և չկանխման դեպքում Հայաստանին սպառնում է էկոլոգիական և հասարակական աղետ,  այդ իսկ պատճառով դիմում ենք ՀՀ դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայությանը, պահանջելով հետևյալը.

Հարուցել քրեական գործ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարներից 2008-2013թթ. ընթացքում սահմանվածից ավել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման փաստի առթիվ, ինչը մեր կարծիքով նաև իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով, որի արդյունքում անդառնալի էկոլոգիական վնաս է հասցվել շրջակա միջավայրին, և վտանգվել է Հայաստանի բնության և բնակչության մի ստվար զանգվածի անվտանգությունը։
Հուսով ենք, որ Ձեր կողմից կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, իսկ օրինախախտ պաշտոնյաները՝ թե ներկայիս, թե նախկին, կենթարկվեն քրեական պատասխանատվության և կվերականգնեն ՀՀ հասցված էկոլոգիական և տնտեսական վնասները:

Սույն հաղորդման մեջ բերված տվյալների գերակշիռ մասը վերցված են ՄԶԳ-ի (USAID) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի աջակցությամբ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Մել-Հով» ՍՊԸ-ի կոնսորցիումի կողմից 2014 թ մարտի 28-ին հրապարակված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման ուսումնասիրության վերջնական զեկույց-հաշվետվությունից, որին կարող եք ծանոթանալ այս հղումով https://cew.am/am/news/show/176/4 և գտնել բազմաթիվ այլ խոսուն փաստեր իրականացված էկոցիդի վերաբերյալ:

Ծանոթություն. Նման հանցագործությունները ընդունված է անվանել Էկոցիդ: Այն իրենից ներկայացնում է հանրային վտանգավորություն, հսկայական վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին և վտանգում է մարդու գոյությունը:

Հ. Գ. Ներկայացնում ենք ԶԼՄ-ների մի քանի հրապարակումներ այս խնդրի առնչությամբ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալու վիճակի լրջությունը, պարզելու խնդիրներն ու նաև իմանալու, թե ովքեր են այդ  ձկնաբուծական ընկերությունների սեփականատերերը»:

Մեր խմելու ջրերի պաշարների 30 տոկոսը հանում-ուղարկում ենք մեր «բարեկամներին». Յուրի Ջավադյան   yerevan.today

Անապատացող Արարատյան դաշտը և խոշոր պաշտոնյաների ձկնաբիզնեսը   hetq.am

Արարատյան արտեզյան ջրերի նվազման հետևանքով վտանգված է նաև ատոմակայանը   hetq.am

Ձկնաբուծությունը պատուհաս է դարձել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի և բնակչության համար   armecofront.net

«Բիբլիական աղետ» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում   ecolur.org

 Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031