Հայաստանի հասարակությունը վերածվել է բողոքի մի մեծ կծիկի, որը, սակայն, կարծեք թե կազմված է առանձին թելերի կտորներից, այսինքն՝ մեկ ամբողջականություն չէ: Երեկ կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի բնակիչները, իրացման գոտի դարձած իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով վարչապետի հետ հանդիպման նպատակով: Հայաստանում չկա մի ուղղություն, չկա մի ոլորտ, չկա մի հասցե, որտեղ բողոք չլինի, ըստ որում՝ ոչ թե տրտունջ կամ քմահաճություն, այլ իսկապես խորը և հիմնավոր բողոք, որն ակնհայտորեն հանդիսանում է համակարգային խնդրի հետևանք:
Այսինքն՝ պատճառի առումով այս բոլոր բողոքները կապված են միմյանց, սակայն առերևույթ ամեն մեկը բողոքում է, ըստ էության, իր խնդրով, և մի օր բնակիչները բնակարանի հարց են բարձրացնում, մյուս օրը առևտրականները ՀԴՄ-ի հարց են բարձրացնում, երրորդ օրը՝ տաքսիստները, չորրորդ օրը՝ երթուղայինները, հինգերորդ օրը՝ բնապահպանները, և այդպես շարունակ, ամեն օր մի նոր բողոքող խումբ՝ իր խնդրով: Սակայն այս ամենը իշխանությունների համար հեշտ կառավարելի է, հեշտ մարվող «հրդեհ» է, որովհետև այս բոլոր բողոքի թելերը միմյանց կապված չեն, նրանք կծիկ են կազմել առանձին թելերով, կտրված, և երբ կծիկը թվում է, որ սկսել է քանդվել, մեկ էլ պարզվում է, որ թելը կտրված է, և ամեն անգամ կծիկը քանդվելու թվացյալ էֆեկտ է, ոչ իրական:
Սա էլ իշխանություններին թույլ է տալիս համեմատաբար հանգիստ, սառնասրտորեն ընդունել այդ բողոքները, գտնել իրավիճակային լուծումներ և ձեռք չտալ համակարգին: Այսինքն՝ իշխանությունները համոզված են, որ ամբողջական, մեկ լիարժեք կծիկ չի լինելու, և այն քանդվել չի սկսելու երբեք: Ինչքանով է իշխանությունների այս համոզվածությունը հիմնավոր, շատ բարդ է ասել: Առ այսօր նրանց համոզվածությունն արդարացել է, սակայն ի վերջո ամեն ինչ լինում է առաջին անգամ՝ ինչ-որ պահից սկսած: Եվ հույսը դնել այն բանի վրա, որ թելերը երբեք չեն միանալու, և կծիկը երբեք չի ամբողջանալու, մեղմ ասած՝ այնքան էլ խելամիտ չէ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում