Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն պայծառ ստեղծագործական միտքը բավարար չէ օպերային եւ բալետային պատշաճ ներկայացում ունենալու համար»

Հուլիս 09,2015 12:30

Ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդհանուր կառավարման հարցերի գծով փոխտնօրենը:

Ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր ոլորտները գործում են արագընթաց զարգացման պայմաններում եւ դրանց դիմակայելու համար կառույցները ստիպված են անընդհատ որոնել ու գտնել նորանոր միջոցներ: Վերջին ժամանակներում խոշոր գործունեություն իրականացնող կազմակերպություններն ավելի հաճախ են դիմում կառավարման կառուցվածքային փոխակերպումներին, որոնք բազմաթիվ հարցեր են ներառում՝ ղեկավարման մեկ-երկու միավորի մեջ համադրելով եւ միաժամանակ լուծելով բազմաթիվ խնդիրներ: Ինչ վերաբերում է ընդհանուր հարցերի կառավարման խնդիրներին, այստեղ կարեւորվում է ընդհանուր կառավարման պատասխանատու անձի առկայությունը, որի հիմնական սկզբունքը նեղ մասնագիտական ու արտաքին ընդհանուր խնդիրների օրգանական համադրության կազմակերպումն է:

Մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ակնկալելու համար «Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդհանուր կառավարման հարցերի գծով փոխտնօրեն Նարեկ Անտոնյանին (լուսանկարում):

Օպերային թատրոնը, որպես բազմաֆունկցիոնալ մշակութային օջախ, ենթադրում է աշխատանքի ընդհանրացման եւ ընդհանուր կառավարման խնդիրների բարդ համակարգ: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ելնելով իր պաշտոնից, ինքը հենվում է ներկայացմա՞ն, թե՞ բյուջեի վրա: «Վարչական աշխատանքը, բյուջեն, մի խոսքով՝ բոլոր գործառույթները, միտված են մեկ նպատակի՝ թատրոնի բարօրության, որի վերջնական արդյունքը հանդիսացող բեմադրություններն ու այլ միջոցառումները հավուր պատշաճի հանդիսատեսին ներկայացնելն է,- նշեց պարոն Անտոնյանն ու հավելեց,- այդ առումով ներկայացումը հենարան է ոչ միայն իմ, այլեւ թատրոնի ողջ անձնակազմի համար: Նույնիսկ եթե պրեմիերայի նախապատրաստվելիս, նախատեսված գումարից բացի, չնախատեսված խնդիրներ են առաջանում, անկասկած, ամեն ջանք գործադրում ենք նոր միջոցներ հայթայթելու համար: Ի վերջո, ներկայացումով է երեւում թատրոնի բոլոր օղակների աշխատանքը»:

Հարցին, թե ինչքանո՞վ է հաջողվում ընդհանուր հայտարարի բերել թատրոնի վարչական եւ ստեղծագործական գործունեությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարող տարանջատել թատրոնի ստեղծագործական եւ վարչական գործառույթների կարեւորությունը: Նախ՝ դրանք փոխկապակցված են, երկրորդ՝ ասենք, մի օղակի թերացման դեպքում մյուսի արդյունավետ աշխատանքը պարզապես անհնար է: Այնպես չէ, որ միայն պայծառ ստեղծագործական միտքը բավարար է օպերային եւ բալետային պատշաճ ներկայացում ունենալու համար: Վաղուց, շատ վաղուց «ընդունված» չափանիշների՝ այդ ժանրում սովորաբար լինում են ֆինանսապես թանկ ներկայացումներ: Դրա համար մեր պայմաններում ջանքեր են պահանջվում միջազգային նշաձող ապահովող ներկայացումներ իրականացնելու»:

Նարեկ Անտոնյանը շուրջ մեկ տարի առաջ օպերային թատրոնում ստանձնելով այս պաշտոնը, հանդիսացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտորը վարչատնտեսական գծով: Փաստորեն, գործունեություն է ծավալել դարձյալ երաժշտական ոլորտում: Իհարկե, չհամեմատելով նախորդ աշխատանքը ներկայի հետ, այդուհանդերձ, հետաքրքրվեցինք՝ արդյոք տնտեսական հիմք է ապահովում երաժիշտների գործունեությա՞ն համար, թե՞ երաժշտական գործունեությունն է հարմարեցնում եղած վարչատնտեսական հնարավորություններին: Պարոն Անտոնյանը նշեց, որ մասնագիտությամբ երաժիշտ է (ալտահար) եւ տնտեսագետ եւ իր ձեւակերպմամբ՝ գործունեության ընթացքում արագ է կողմնորոշվում: «Երկու մասնագիտությունների համադրումը ինձ, այնուամենայնիվ, «թեքում» է ավելի շատ երաժիշտների կողմը: Իմ դեպքում տնտեսագետ վարչարարը իսկապես ջանք է թափում, որ երաժիշտները ստեղծագործելու համար ունենան ամուր վարչատնտեսական հենարան: Ի վերջո, սա արտիստի թատրոն է, այլ ոչ վարչական անձնակազմի»,- հայտնեց Նարեկ Անտոնյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031