Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդիկ հիասթափվեցին, երբ տեսան, որ համակարգող խումբը զադնի է տալիս». Կարո Եղնուկյան

Հուլիս 08,2015 22:30

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի համոզմամբ, հոսանքի թանկացման դեմ պայքարը շեղեցին «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամների վատ խորհրդատուները:

«Անկեղծ նպատակներով կազմակերպված այդ ցույցի մեջ ներդրվեցին մարդիկ, որոնք փորձում էին կողքից համակարգող խմբին զգուշացնել, վախեցնել: Դա արեցին իշխանության մարդիկ, ոստիկանությունը, որոնք կազմակերպիչներին հորդորեցին, որ պատասխանատվությունն իրենց ուսերին է մնալու: Այդ երիտասարդները, լինելով անփորձ ու ազնիվ, չէին ուզում, որ այդ պատասխանատվությունն իրենց ուսերին մնա: Հետեւաբար, կազմակերպիչները, որոնց չորս կողմում կային սխալ խորհուրդներ տվողներ, վախվորած էին պատասխանատվությունից»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե, պարզ էր, որ պայքարը յոթ դրամի հարց չի լուծում, եւ շարժումը ոչ տնտեսական , ոչ սոցիալական հարց է, այլ՝ քաղաքական. «Որ գնում ես Բաղրամյան պողոտա, կարո՞ղ է Բաղրամյանում ՀԷՑ-ի գրասենյակն է, Բաղրամյանում իշխանության երեք տարբեր կենտրոններ են: Վատ խորհրդատուները երիտասարդներին հուշում էին, թե սա քաղաքական պայքար չէ, սոցիալական է, տնտեսական, եւ այն մարդիկ, որոնք գնացել էին այնտեղ՝ սա հասկանալով, հիասթափվեցին, երբ տեսան, որ համակարգող խումբը, այսպես ասած, զադնի է տալիս՝ վերադառնալով հրապարակ: Հրապարակ վերադառնալու իմաստը չկար»:

Մեր հարցին, պայքարն իր վախճանի՞ն է մոտեցել ու ինչ կփոխի Ազատության հրապարակում շարունակվող պայքարը, ասաց. «Պայքարը պետք է անցնի երկրորդ փուլ, որովհետեւ մենք գիտենք, որ յոթ դրամը հետեւանքն է, պատճառը պետք  է վերացնենք, որ չկրկնվի: Երիտասարդությունը, չնայած որ իրենց մոլորեցրին, այսօր այն զանգվածն են, որոնք ծնվել են անկախ Հայաստանում եւ սահմանափակված չեն խորհրդային մտածողությամբ՝ այսպես չի կարելի, այնպես չի կարելի: Հետեւաբար, սա վերջը չէ, սկիզբն է»:

Մեր հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեք վաղվա հանրահավաքից, ասաց՝ կախված է, թե արմատական մոտեցմամբ մարդիկ կգա՞ն, թե՞ չեն գա հանրահավաքին. «Եթե հիասթափությունը թողնեն, գան, ապա վաղը կարեւոր օր կարող է լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031