ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը իրատեսական պահանջ չի համարում մանդատները վայր դնելու «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի կոչը:
«Նոր պահանջ չէ, շատ դեպքերում են մեզ նման պահանջով դիմել, բայց մոռանում են՝ ինչ կերպ է ձեւավորվում Ազգային ժողովը: Եթե վայր դնենք մանդատները, ապա մյուսներն են վերցնելու, եւ նրանք ավելի լավը չեն քան մենք ենք: Այնպես որ մեր մանդատները վայր դնելով՝ խնդրին լուծում չենք կարող տալ: Վստահեցնում եմ՝ մյուսները չեն կարող անել ավելին ու որակ ապահովել, քան անում ենք մենք, հետեւաբար իրատեսական առաջարկ չէ դա».- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր կոչ է արել պատգամավորներին վայր դնել իրենց մանդատները եւ թողնել դաշտը նրանց, որոնք ապօրինի, հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են կայացնում.« Դրանով դուք կստեղծեք քաղաքական ճգնաժամ` առաջին հերթին չլեգիտիմացնելով այդ որոշումներն ու որոշողներին…»:
Տիկին Սարգսյանի կարծիքով, հոսանքի դեմ թանկացման պայքարը որոշակիորեն մարեց, որովհետեւ որոշակի արդյունքներ գրանցելուց հետո այդ շարժումը նոր օրակարգ չձեւավորեց.«Չէր կարող այդպես շարունակվել: Այդուհանդերձ, կարծում եմ, որ երիտասարդները իրենց մաքսիմալ հնարավորությունները օգտագործեցին: Չեմ համարում, որ այդ շարժումը մոտեցել է իր վախճանին, կարծում եմ՝ այդ երիտասարդները ունակ են համախմբվելու, նոր օրակարգ ձեւավորելու, հոսանքի թանկացման գործընթացը դեռ չի ավարտվել:
Կարդացեք նաև
Հույս ունեմ, որ իրենք հետեւելու են այդ գործընթացին ու անհրաժեշտ պահին նորից իրենց բողոքն ու պահանջները ներկայացնելու են»:
Անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ սկսած երիտասարդներին՝ տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կփոխի պայքարի այդ կտրուկ մեթոդը:
«Հացադուլը պայքարի արդյունավետ մեթոդ չէ: Բազմաթիվ նման փորձեր են եղել, եթե կհիշեք Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բազմաթիվ անգամներ հացադուլ է արել եւ ոչ մի արդյունքի չի հասել: Դավիթ Սանասարյանը իր հացադուլը պայմանավորում է քաղաքացիների պասիվությամբ…կարծում եմ, որ երկու օրվա հացադուլը պետք է նրան ցույց տա, որ հացադուլով քաղաքացուն չես կարող ակտիվացնել, քաղաքացին ակտիվ է միայն այն դեպքում, երբ տեսնում է հստակ օրակարգ եւ այդ օրակարգի լուծման մեխանիզմները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ