Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը կարող է ասել ձեր տանը անցկացրեք բողոքի ակցիա». փաստաբան

Հուլիս 08,2015 20:15

Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի ԿԻվիրյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 4-ին մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները երթով գնացել էին նաեւ գլխավոր դատախազության շենք, որտեղից ակցիայի մասնակիցներ Արգիշտի Կիվիրյանը, Վարդգես Գասպարին եւ այլ քաղաքացիներ բերման էին ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Այս գործով վարչական դատարանը բավարարել էր ոստիկանության հայցը՝ վարչական պատասխանատվության ենթարկելով Արգիշտի Կիվիրյանին:

«Ենթադրյալ օրինական պահանջը, բոլորն ասում են՝ օրինական պահանջ, բայց ես այնտեղ օրինական պահանջ չեմ տեսնում: Չեմ կարծում, որ այն անձը, որը բողոքի ակցիա է իրականացնում, որին ասում են՝ չպետք է բողոքի ակցիա իրականացնես, ապա ոստիկանության այդ պահանջը չեմ դիտարկում օրինական պահանջ: Որովհետեւ ոստիկանությունը չէ որոշելու՝ որ վայրում անցկացնի բողոքի ակցիա: Նման պայմաններում ոստիկանությունը կարող է ասել՝ ձեր տներից ընդհանրապես դուրս չգաք, ձեր տանը անցկացրեք բողոքի ակցիա: Ոստիկանությունը ակցիայի վայրը չի որոշում, դա nonsense է, ոստիկանությունը վերապահում է լիազորություն, որ ինքը պետք է որոշի՝ որտեղ պետք է անցկացվի բողոքի ակցիա»,- այսօր դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Նա Վերաքննիչ դատարանի որոշումն հիմնավորված չի համարում, պնդում է՝ խախտումներն ակնհայտ էին. « Անձի ձերբակալման ժամկետի հաշվարկման հետ կապված Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, թե որ պահից պետք է հաշվարկվի այդ ժամանակահատվածը, այսինքն, կոնկրետ այն պահից սկսած, երբ անձը գտնվում է  արգելանքի տակ: Փաստորեն, դատարանը վճիռ է կայացրել ու հակասահմանադրական նորմ է կիրառել, որտեղ նշում էր կատարում, որ հաշվարկը կատարվում է այն ժամանակվանից սկսած, երբ կազմվում է համապատասխան արձանագրություն:

Նույնիսկ այդ ժամանակ, երբ այս փաստարկը ներկայացրինք, այդ մասով դատարանը, ըստ էության, եզրահանգում չի կատարել, վճիռը թողել է  անփոփոխ: Եթե անդրադարձ կատարվեր բոլոր փաստարկներին, դատարանը այլ վճիռ, քան վերաքննիչ բողոքը բավարարելու, չէր կարող կայացնել»:

Կիվիրյանները պատրաստվում են բողոքարկել վճռաբեկ դատարան, Արամազդ Կիվիրյանն ասաց՝  մի քանի գործեր ունեն, որոնցով նույնպես դիմել են Վճռաբեկ դատարան, բայց այս դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել իրենց բողոքները: Նրանք պատրաստվում են բողոքարկել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Պարոն Կիվիրյանը համոզված է՝ այս գործով իրենց բողոքը վճռաբեկ դատարանը վարույթ չի վերցնելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031