Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. Ցեղասպանությունը չի իմաստավորվել եւ ընկալվել մարդկության կողմից, եւ ինչ-որ առումով մենք հաշտվել ենք դրա գոյության ու հետեւանքների հետ

Հուլիս 08,2015 18:33

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ  Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» վերտառությամբ համաժողովի բացումը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը խորհրդանշական համարեց, որ համաժողովն  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հենց Երեւանում է տեղի ունենում:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաժողովի՝  այստեղ անցկացման համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մրցույթի հայտով է դիմել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը, եւ հանձնաժողովը հաշվի է առել զեկույցները, դրանց բովանդակությունն եւ անցկացման այլ մանրամասներ:

Գիտաժողովին իր բացման խոսքում նա ասաց.  «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւս մեկ անգամ բոլորիս ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն մեզ՝ հայերիս պատուհասած ողբերգությանը, այլեւ վերհիշել Առաջին եւ Երրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան:

Պարոն Դեմոյանի խոսքով՝ ցեղասպանագետների մի պատկառելի համայնք է հավաքվել Երեւանում մի քանի օր շարունակ կիսվելու, քննարկելու եւ բանավիճելու մարդկության չարիք, ու խարանը դարձած մի հանցագործության շուրջ, որի անունն է ցեղասպանություն: «Այս երեւույթը տակավին չի իմաստավորվել եւ ընկալվել մարդկության կողմից, եւ ինչ-որ առումով մենք հաշտվել ենք դրա գոյության ու հետեւանքների հետ,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր էլ  աշխարհի տարբեր կետերում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները անուշադրության չպետք է մատնել: «Հայերը, հույները, թութսիներն ու բոսնիացիներն չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի եւ հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն է ու օրակարգային խնդիրը՝ տեղի ունեցած ողբերգության հետեւանքներին առերեսվելու համար»,- ասաց նա:

Նա նշեց, որ ցեղասպանությունը պատմական հասկացողություն չի եւ այն չի սահմանափակվում տարածության եւ ժամանակի մեջ, քանի որ իր ծանրությամբ եւ  հետեւանքներով համամարդկային միջամտություն, կանխարգելում ու իմաստավորում է պարտադրում բոլորին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաեւ ցեղասպանագետի մասնագիտությունն  ընտրողներին, որոնց մի խումբ այս օրերին Երեւանում քննարկելու են ցեղասպանությունների հետեւանքներն ու արհավիրքները: Հայ Դեմոյանը նշեց, որ որքան էլ հոգեբանորեն դժվար է աշխատել նման թեմայի շուրջ, այնուամենայնիվ նրանք, ովքեր ընտրել են այդ մասնագիտությունը, կայացրել են ճակատագրական որոշում:

«Այն նշանակում է ապրել մեկ ուրիշի, հարյուրների, հազարների ու միլիոնների պատուհասած ցավով ու ողբերգությամբ, մտովի կիսել այդ ցավը եւ նույնիսկ անհնար դիտել դա անելը: Հենց այս ծիրում ակադեմիական խստությունը ու գիտականությունը միահյուսվում է բարոյականի ու մարդկայինի հետ, որը դառնում է իսկական կրեդո, համոզմունք  իսկական գիտնականների համար»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031