Լրահոս
Օրվա լրահոսը

Արիության բացառիկ պատմություններ՝ «Ավրորա» մրցանակի համար

Հուլիս 08,2015 17:48

The Huffington Post-ում հրապարակվել է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ «Enough» նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթի՝ «Բաց մարտահրավեր. գտնել մարդկայինն անմարդկայինի մեջ» խորագրով հոդվածը, որում հեղինակները կոչ են անում օգնել՝ գտնելու արիության բացառիկ օրինակներ պարունակող դեռևս անհայտ պատմություններ, որոնք կյանքեր են փրկել և անգամ շրջել են պատմության ընթացքը:

«Մեր նախաձեռնությունը՝ «100 LIVES»-ը, ստեղծվել է հենց այդ նպատակով: Մենք պետք է լսենք այդ բոլոր պատմությունները և ճանաչենք ու մեծարենք դրանց հերոսներին: Նրանց օրինակը մեզ հույս ու կյանք է ներշնչում՝ հուշելով, որ ցանկացած ոք կարող է շոշափելի քայլեր ձեռնարկել մարդկային տառապանքներն ամոքելու ուղղությամբ

Սարսափելի վտանգների առջև սխրանքներ գործող անհատներին մեծարելու, նրանց մեր երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև մարդասիրության վառ դրսևորումներ պարունակող պատմություններն ի հայտ բերելու ու հրապարակելու նպատակով այս տարի մարտին մենք հայտարարեցինք «Ավրորա» մրցանակի հիմնադրման մասին: Համաշխարհային այս նոր մրցանակը կշնորհվի այն անհատներին կամ խմբերին, որոնք անգամ ծանրագույն պայմաններում վճռականորեն շարունակել են մարդկային կյանքերի փրկությանն ուղղված իրենց գործունեությունը»,-գրել են հեղինակները:

Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորեւ.

«Այսօր Սուդանում մարդասիրական օգնության ծայրահեղ կարիք ունի մոտ 7 միլիոն մարդ՝ երկրի որոշ շրջաններում սեփական իշխանությունների կողմից ենթարկվելով ռմբակոծությունների, բռնության և թալանի ամենօրյա սարսափի: Միավորված Ազգերի Կազմակերպությունը դատապարտել է Էրիթրեայի իշխանություններին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, որոնք երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների արտագաղթի պատճառ են դարձել: Սիրիայի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է կամ ստիպված է եղել գաղթել երկրից: Հարևան Իրաքում վիճակը նույնպես հեռու է խաղաղ լինելուց. այնտեղ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից ամեն օր զանգվածաբար խաղաղ բնակիչներ են ահաբեկվում և սպանվում:

Խեղելով միլիոնավոր անհատական կյանքեր ու ճակատագրեր՝ նման ողբերգությունները վտանգի տակ են դնում ողջ մարդկության ապագան: Իշխող վարչակարգերի կողմից իրենց պաշտպանությանը հանձնված բնակչության նկատմամբ վայրագության դրսևորումները քաղաքական իրողություն են դարձել: Եվ երբ նման հանցագործությունները կանխվում կամ ձախողվում են, դա տեղի է ունենում այն անհատների շնորհիվ, ովքեր անգամ ամենածանր պայմաններում չեն վախենում վճռական ու ճիշտ քայլերի դիմելուց: Դա հենց այն չտեսնված, աննկարագրելի խիզախության պատմությունն է, որը պետք է հայտնի դառնա ողջ հանրությանը: Եզակի այս դրվագները պատմելով ՝ մենք նպատակ ունենք մեծարելու դրանց հերոսներին և հավատք սերմանելու բարության ուժի նկատմամբ: Վճռական ու անվեհեր լինելով՝ անձնուրաց անհատականություններն անտեսում են սեփական անվտանգությունը, հաղթահարում են վախը և մնացածներին պարգևում ապրելու և բարգավաճելու բերկրանքը:

Նման սխրագործությունները չունեն ժամանակ կամ աշխարհագրություն: Նեպալի երկրաշարժի արհավիրքում մի դեռահասի օգնությամբ իր հետ նույն որբանոցում դաստիարակվող 55 երեխայի կյանք փրկվեց: Էբոլա վիրուսով վարակված և այն բարեբախտաբար վերապրած բրիտանացի բուժաշխատողն իր բժշկական թիմի կողմից թույլտվությունը ստանալուն պես անմիջապես վերադարձավ համաճարակի առաջին գիծ՝ Սիերա Լեոնե՝ պատճառաբանելով դա Արևմտյան Աֆրիկայի բնակչությանը բուժօգնության ցուցաբերումը շարունակելու անհամբերությամբ: Այսօր, 21-րդ դարի առաջին ցեղասպանության ճակատային գծում, բազմաթիվ դարֆուրցիներ շարունակաբար վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելով հարևաններին:

Իսկ մեկ դար առաջ, 1,5 միլիոն հայի կյանք խլած Մեծ եղեռնի ժամանակ, նորվեգացի մի միսիոներ ապաստան տվեց հայ երեխաներին՝ անգամ իր հովանավորությամբ գործող որբանոցը հրդեհվելուց հետո: Սեփական կյանքը փրկելու համար փախուստի դիմելու փոխարեն այդ խիզախ կինը որոշեց մնալ՝ միայնակ փրկելով հարյուրավոր կանանց ու մանուկների կյանքեր: Հարյուրամյա այս պատմության իմաստն արդիական է մնում նաև մեր օրերում: Իր կողմից փրկված մանուկներն արդեն թոռներ ունեն, սակայն շարունակ երախտապարտ են իրենց կյանք պարգևած այդ անհայտ կնոջը:

Ազգությամբ հայ Նուրել Բեյլերյանը նույնպես երախտագիտությամբ է հիշում իր ընտանիքի անցյալը: Նուրելի հորն, ով 1915 թ-ին թուրքական բանակի զինվոր էր, հաջողվեց զգուշացնել հարազատներին ահագնացող վտանգի մասին: Բացի այդ, նա մասնակցեց մի քանի այլ հայ ընտանիքների փրկության գործին: Հայ գաղթականներով բեռնված գնացքը մոտենալուն պես, նա, վտանգելով սեփական կյանքը, բացել է վթարային մտոցը և ազատ է արձակել հայերին, իսկ իր վերադասը՝ թուրք սերժանտը, պատժի չի ենթարկել նրան դրա համար: Նուրելը երախտագիտությամբ է հիշում այդ դրվագը. «Անգամ այսօր ես հաճախ մտածում եմ այդ թուրք սերժանտի մասին: Նա բազմաթիվ մարդկանց կյանքեր է փրկել, ովքեր այլապես դատապարտված էին մահվան: Մենք պարտավոր ենք պատմել իր և իր նման մարդկանց պատմությունները»:

Մեր նախաձեռնությունը՝ «100 LIVES»-ը, ստեղծվել է հենց այդ նպատակով: Մենք պետք է լսենք այդ բոլոր պատմությունները և ճանաչենք ու մեծարենք դրանց հերոսներին: Նրանց օրինակը մեզ հույս ու կյանք է ներշնչում՝ հուշելով, որ ցանկացած ոք կարող է շոշափելի քայլեր ձեռնարկել մարդկային տառապանքներն ամոքելու ուղղությամբ:

Սարսափելի վտանգների առջև սխրանքներ գործող անհատներին մեծարելու, նրանց մեր երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև մարդասիրության վառ դրսևորումներ պարունակող պատմություններն ի հայտ բերելու ու հրապարակելու նպատակով այս տարի մարտին մենք հայտարարեցինք «Ավրորա» մրցանակի հիմնադրման մասին: Համաշխարհային այս նոր մրցանակը կշնորհվի այն անհատներին կամ խմբերին, որոնք անգամ ծանրագույն պայմաններում վճռականորեն շարունակել են մարդկային կյանքերի փրկությանն ուղղված իրենց գործունեությունը:

Մրցանակի հետ միասին հաղթողին կշնորհվի 100.000 ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ նրա մարդասիրական գործունեության համար ներշնչանքի աղբյուր հանդիսացած բարեգործական կազմակերպությանը՝ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Սա համահունչ է «Ավրորա» մրցանակի ոգուն և կնպաստի նվիրաբերության շղթայի անընդհատությանը:

Այսպիսով, մրցանակը միտված է անցյալի և ապագայի միջև ամուր կապի ստեղծմանը՝ վեր հանելով և մեծարելով անձնազոհության ցայտուն օրինակները և միաժամանակ սատարելով մարդասիրության մերօրյա դրսևորումներին ու ձևավորելով մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող հասարակություն: Մրցանակը կդառնա մի հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ֆինանսավորել վճռականությամբ, խիզախությամբ և անսահման մարդասիրությամբ դրդված ապագա սխրանքները:

Օգնեք մեզ գտնել և վեր հանել արիության բացառիկ օրինակներ պարունակող դեռևս անհայտ պատմությունները, որոնք շատերի կյանքերն են փոխել և անգամ շրջել են պատմության ընթացքը»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031