Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեշտ չէր Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելը». Արեգ Միքայելյան

Հուլիս 08,2015 17:12

«Բյուրականի աստղադիտարանն իր ստեղծման օրից ունեցել է խիստ ընդգծված միջազգային ուղղվածություն: «Մեղավորը» հենց աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանն է, որը նույնպես կարևորություն էր տալիս միջազգային համագործակցությանը և կապ ուներ աշխարհի գրեթե բոլոր խոշոր գիտնականների հետ»,- ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն:

Աստղադիտարանի՝ միջազգային կապերի գծով փոխտնօրեն, Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն հռչակելու ծրագրի նախաձեռնող, ղեկավար Արեգ Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տարածաշրջանային կենտրոն ճանաչվելը պետք է ներկայացնել ոչ այնքան գիտական, որքան քաղաքական իրադարձություն. «Հայտնի է, որ մեր հասարակության մեջ գիտությունն իր դիրքերը զիջել է,- նշեց նա,- սակայն այս փաստն էլ է բավական ապացուցելու համար, որ գիտությամբ ավելի շատ հարցեր կարելի է լուծել, քան քաղաքականությամբ: Հայաստանը գրեթե ոչ մի ոլորտում չի կարող ճանաչվել տարածաշրջանային կենտրոն: Կարող է միայն գիտության, մասնավորապես՝ աստղագիտության ոլորտում: Պատճառը մեր մուսուլմանական շրջապատն է, մեր աշխարհաքաղաքական բարդ դիրքը. կոնֆլիկտային տարածաշրջանում ենք»:

Միքայելյանի խոսքով՝ այս համատեքստում հեշտ չէր նաև Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելը. «Թեկուզ մենք հայտնի ենք մեր աստղագիտությամբ և տարածաշրջանում ամենազարգացածն ենք, սակայն հարևան երկրներից գրեթե ոչ մեկը չէր համաձայնում աջակցության նամակ ուղարկել, որը պարտադիր պայման էր: Ի վերջո, մեծ դժվարությամբ կարողացանք Վրաստանից ու Իրանից ստանալ նամակներ, որոնցով այդ երկրներն իրենց համաձայնությունն էին տալիս, որ Հայաստանը ճանաչվի տարածաշրջանային կենտրոն: Արաբական երկրներից այդ համաձայնությունն ստանալն ավելի դժվար է, քանի որ նրանք ուզում են առանձին կենտրոն ստեղծել՝ համախմբելով արաբական բոլոր երկրները»,- ասաց աստղագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հայտում բավականին ծանրակշիռ հիմնավորումներ են եղել, թե ինչու հատկապես Հայաստանը պետք է ճանաչվի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն. «Հայտում մոտավորապես քսան հիմնավորում էր ներկայացված, որոնք մեկը մյուսից ուժեղ են՝ սկսած Վիկտոր Համբարձումյանի գործոնից, վերջացրած ժամանակակից մեր ակտիվությամբ, ինչի արդյունքում Միջազգային աստղագիտական միության կողմից Հայաստանի ներկայացրած հայտը հավանության արժանացավ: Բայց դա այնքան երկար պայքար էր. մոտ հինգ տարվա պատմություն ունի այս ծրագիրը, և երեք տարի շարունակ լուրջ քննարկվում էր մեր հայտը»,- ասաց Միքայելյանը:

Հայտում ներկայացված քսան հիմնավորումներից մեկը, օրինակ, հայկական վիրտուալ աստղադիտարանի հիմնումն է եղել, որն ամբողջ տարածաշրջանում միակն է. «Իսկ ընդհանրապես աշխարհում 18 երկիր կա, որոնք այսպիսի նախագծով միավորված են միջազգային վիրտուալ աստղադիտարանների ցանցում: Եվ դրանցից մեկը Հայաստանն է: Այստեղ, իրոք, հպարտանալու բան կա, որովհետև այդ 18-ն աշխարհի ամենահզոր պետություններն են (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, ՌԴ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա և այլն:) Մի կողմից զարմանալի է, որ այս երկրների կողքին Հայաստանն էլ կա, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որովհետև աստղագիտության զարգացման մակարդակի մասին է խոսքը»,- ընդգծեց Ա. Միքայելյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն այժմ պետք է նամակներով հայտնի հարևան երկրներին, այդ թվում նաև Թուրքիային ու Ադրբեջանին, որ Հայաստանը Միջազգային աստղագիտական միության հետ համատեղ ստեղծել է տարածարջանային կենտրոն: Իրենք կամ կհամաձայնեն միանալ, կամ՝ ոչ. «Բացասական պատասխանի դեպքում իրենք կտուժեն, որովհետև այդպիսով դուրս կմնան Միջազգային աստղագիտական միության ծրագրերից»,- ընդգծեց Միքայելյանը՝ հավելելով, որ Իրանից, Վրաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից բացի կենտրոնի մեջ կարող են ընդգրկվել նաև Միջին Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրները, քանի որ Հայաստանն աստղագիտության մեջ դիտարկում են որպես Եվրոպայի հետ կապող երկիր:

Ա. Միքայելյանն ասում է, որ Հայաստանում պետք է միության ֆինանսավորմամբ անցկացվեն հատուկ ծրագրեր, գալու են խոշորագույն գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ… Նա հույս ունի, որ պետությունն անտարբեր չի լինի այս ամենի նկատմամբ. «Կենտրոնը մեծ հեղինակություն կբերի մեր երկրին: Այս տեսակետից մենք մեկ քայլ արեցինք, հույս ունենք, որ պետությունն էլ աջակցություն կցուցաբերի»,- նշեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031