Այսօր Շիրակի մարզպետարանում գյուղապետերին առաջարկվում էր որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային միջոց օգտագործել այսպես ասած «կանաչ էներգիան», որը կմեղմի աղքատ մարզում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Կանաչ էներգիա» ծրագրի տևողությունը երկու տարի է՝ 2015-2017 թվականները, ու արժեքը 319,475 եվրո, ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման կորպորացիայի կողմից: Այն նպատակ ունի Շիրակի մարզի համայնքներում ներդնել վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաներ, օրինակ՝ կենսագազի ստացման, արևային էներգիայով ոռոգման և ջրի թորման համակարգեր հանրային և մասնավոր օգտագործման համար, ինչպես նաև եկամտի աղբյուր հանդիսացող կանաչ օբյեկտներում, օրինակ՝ արևային օդատաքացուցիչով կամ ջրատաքացուցիչով ջեռուցվող ջերմոց:
Մենք մասնագետներից մեկից՝ Խաչիկ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե էներգիայի թանկացման ֆոնին ինչքանո՞վ է մեծացել հետաքրքրությունը այլընտրանքային էներգիայի նկատմամբ:
Ըստ մեր զրուցակցի, միշտ էլ հետաքրքրություն կա էներգիայի այլընտրանքային աղբյուրների նկատմամբ, իսկ հոսանքի թանկացումը առավել արդիական է դարձնում, քանի որ ոչնչից էներգիա ստանալը ցանկացած մարդու համար հաճելի է: «Էժան էներգիա ստանալը արդիական է, պահանջված է այսօրվա դրությամբ թե՛ ջերմային էներգիայի ստացումը, թե՛ էլեկտրական էներգիայի ստացումը: Շիրակի մարզում մեր ռեսուրսը այլընտրանքային էներգիա ստանալու բավականին մեծ է, որովհետև մեր մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ արևային ճառագայթման մակարդակը բավականին բարձր է, տարեկան մեկ քառակուսի մետրի կտրվածքով՝ մոտ 1600-1700 կիլովատ ժամի մակարդակի է, և սա ռեալ ռեսուրս է, որը որ մենք կարող ենք օգտագործել և ստանալ հաճելի արդյունքներ: Եվ միաժամանակ այդ ռեսուրսի իրականացման մասով ասեմ, որ յոթ տարի է՝ մենք զբաղվում ենք այդ գործունեությամբ: Եվ այս տարիներին մենք իրականացրել ենք լուրջ ծրագրեր, որոնք որ իրենց դրական արդյունքն արդեն ցույց են տվել. մարդիկ ունեցել են հետգնում, ունեցել են սոցիալական վիճակի բարելավում, ունեցել են տեխնիկա-տնտեսական վիճակի բարելավում: Մյուս ասպեկտը բնապահպանական է, որ կրճատվել է ջերմոցային էմիսիոն գազերի արտանետումը»:
Կարդացեք նաև
Ի դեպ, մեր զրուցակիցն իր տանը տեղադրել է արևային մարտկոց ու ածխածնային վառելիքի ու էներգիայի մասով տարեկան տնտեսում է մոտ հիսուն տոկոս: Խաչիկ Սահակյանը նշեց, որ թեև Շիրակի մարզում չկան գյուղեր, որոնք ամբողջությամբ անցած լինեն այլընտրանքային էներգահամակարգի օգտագործմանը, սակայն այն տեղադրվել է բազմաթիվ վայրերում: Օրինակ՝ Շաղիկ համայնքում տեղադրվել է համայնքային ցնցուղարանը, որը շատ լավ օգտագործվում է, նման սարքավորում կա տեղադրված Գյումրու թիվ 3 գիշերօթիկ դպրոցում, 1-ին դպրոցում, Կապան քաղաքի հոգեբուժարանում, Ստեփանավան քաղաքի չորս մանկապարտեզներում ու մարզամշակութային կենտրոնում:
Ձմեռը, ըստ Խաչիկ Սահակյանի, արդյունավետությունը նվազում է մինչև 10-30 տոկոս՝ կախված բնակլիմայական պայմաններից և արևափայլի տևողությունից: Ըստ նրա, ճիշտ հաշվարկի դեպքում տարեկան էներգակիրը կարելի է տնտեսել մինչև 50-60 տոկոս: Այս դեպքում շատ կարևոր է էներգոմենեջմենթը, նրանք, ովքեր այդ համակարգն իրենց տանն են տեղադրում՝ պիտի կարողանան ճիշտ օգտագործել էներգիան, քանի որ արևի էներգիան այնքան էլ կառավարելի չէ:
Իհարկե, այս ծրագիրը կոլեկտիվ, համայնքային հատվածների համար է, ոչ անհատների, բայց ըստ Խաչիկ Սահակյանի, նրանք կարող են տեսնել ու ընդօրինակել: Թե ինչքան կնստի մարդու վրա նման համակարգի տեղադրումն իր տանը, ըստ մեր զրուցակցի, 80-100 քառակուսի մակերեսով տների համար անհրաժեշտ կլինի մոտ 3000-5000 դոլար ներդրում՝ ջեռուցման համակարգի հետ համակցմամբ, որը կապահովի 50 տոկոս տնտեսում: Սա, ըստ նրա, կախված է սպառողների քանակից, օբյեկտի բնույթից, ասենք հասարակական նշանակության օբյեկտ է, թե ոչ:
Շիրակի գյուղապետերը, որոնք սիմվոլիկ ներդրում պիտի անեն այդ համակարգը ունենալու համար, բավական ոգևորված էին: Թեև նրանցից մեկը կատակով նշում էր.«Մինչև այս համակարգը տեղադրենք, էն էլ գյուղի ցուցադրական վայրերում, ինչպես պահանջվում է ծրագրով, մեր հոգատար կառավարությունը երեք անգամ կիջեցնի հոսանքի գինը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ