Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նազարյանն ու հանձնաժողովը Բիբինին փորձում էին «նեղը գցել» (Տեսանյութ) 

Հուլիս 08,2015 16:42

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 60 միլիոն դրամի չափով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերությանը՝ մի շարք խախտումների համար: Որոշ խախտումներ վերաբերում էին բաժանորդ-ՀԷՑ պայմանագրի խախտմանը. էլեկտրական ցանցերին միացման սահմանված ժամկետը լրացել էր, սակայն, ՀԷՑ-ը այդպես էլ էլեկտրաէներգիայով չի ապահովել բաժանորդներին:

Խախտումներից մեկն էլ հետեւյալն է՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի 2015 թվականի մարտի 31-ի 84Л հրամանով հաստատվել է նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ, որով սահմանվել է, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում եւ դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնել միայն այն դեպքում, եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի՝ վճարի նաեւ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու նպատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Սա, հանձնաժողովի սահմանած կարգի խախտում է:

Bibin_HCKH_1

 

Այսօր ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց, թե ինչո՞ւ է նման հրաման տվել, այն, ըստ Բիբինի, ժամանակավոր էր, եւ նման քայլի է գնացել ընկերության ֆինանսական ծանր պայմաններից ելնելով:

Բիբինի արդարացումները դիտեք՝ տեսանյութում

Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն էլ նկատեց, որ լիցենզիայի պայմաններից մեկն էլ այն է, որ ՀԷՑ-ը պիտի առաջնորդվի ՀՀ օրենքներով. «Ի՞նչ է նշանակում, որ մի տեղ որոշեց, որ ընկերության ֆինանսական վիճակը լավ չի, մեզի մի քիչ փող ա պետք, ու վաղվանից որոշում ենք, որ ով ուզում է էլեկտրաէներգիային միանա, պիտի 100% վճարում կատարի՝ սրանից հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ անկեղծացավ, պատմեց իր եւ Բիբինի հեռախոսազրույցի մանրամասները վերը նշված խնդրի մասին. «Ես կապվեցի պարոն Բիբինի հետ, ասեցի՝ ինչ պատմություն է սա, ասաց՝ այո, մեր ֆինանսական վիճակը վատ է: Հետո իմացա, որ նաեւ հրաման կա, ինքը ղեկավարվում է իր արձակած հրամանով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ապա Բիբինն ասաց, որ իր իսկ տված հրամանն արդեն վերացված է, այնուամենայնիվ, հանձնաժողովը ընդհանուր առմամբ 70 միլիոնի տուգանք կիրառեց:

Նիստը դեռ չավարտված՝ Բիբինը լքեց դահլիճը, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, եւ հորդորեց հարցերն ուղղել իր մամուլի քարտուղարին՝ Նատալյա Սարջանյանին:

Հարցին՝ որեւէ բանակցություն ընթանո՞ւմ է ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված, Սարջանյանն ասաց՝ ոչ: ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ հարցին Սարջանյանը պատասխանեց, որ ըստ նախնական տվյալների, 3-6 ամիս կտրվի, եւ պատրաստվում է տեխնիկական առաջադրանքը:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ՀԷՑ-ի լուծարման խնդիր կա՞, քանի որ սեփական կապիտալն ակտիվներից բավականին նվազ է, մամուլի քարտուղարն ասաց՝ ոչ: Բիբինին մեկ այլ անձով փոխարինելու մասին հարցին էլ, մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ նման բան չկա: ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի առնչությամբ էլ Սարջանյանն ասաց. «Կովալչուկը ոչ թե չբացառեց վաճառքը, այլ ընդամենը նշեց, որ ԻՆՏԵՌ ՌԱՕ-ն պատրաստ է գնել եւ վաճառել ցանկացած ակտիվ իրեն համապատասխան գին առաջարկելու դեպքում: Ես Կովալչուկի փոխարեն գին ասել չեմ կարող: Բայց այս պահին ՀԷՑ-ի վաճառքի մասին որեւէ բան ասել չեմ կարող»:

Նշենք, որ Բորիս Կովալչուկը ԻՆՏԵՌ ՌԱՕ կառավարման խորհրդի նախագահն է:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031