Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաղրամյանի դեպքերից տուժած լրագրողին առաջարկել են փոխհատուցում` պայմանով, որ քրեական գործ հարուցելու մասին դիմումը ետ վերցնի

Հուլիս 08,2015 16:25

Մինչև այժմ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցը լուսաբանող բռնության ենթարկված լրագրողները չեն ստացել փոխհատուցում:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների շուրջ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն ու հիշողության քարտերը: Դեպքի վայրում գտնվող և տուժած լրագրողները պնդում են, որ լրագրողներին ծեծի ենթարկելու և գույքը փչացնելու հրահանգը տվել է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Այս դեպքից երկու օր անց` հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե հունիսի 23-ի լուսադեմին  ԶԼՄ-ների վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասն արդեն փոխհատուցվել է, մյուս մասն էլ կփոխհատուցվի:

Հունիսի 23-ի «օպերացիայից» տուժել է նաև ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը. նրա տեսախցիկի հիշողության քարտը Հունան Պողոսյանի հրամանով վերցրել են ձեռքից:

Aravot.am-ը լրագրողի հետ զրույցում հետաքրքրվեց` ինչպես խոստացել էր ոստիկանապետը փոխհատուցում եղե՞լ է: Հակոբը տեղեկացրեց. «Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին: Նախ` ոչ միայն և ոչ այնքան փոխհատուցման հարց կա, այլ ոստիկանության գործողությունների մեջ կա հանցակազմ, և այդ քրեական գործի շրջանակներում ոստիկանության պատասխանատվության չափը որոշելուց հետո գուցե կարելի է խոսել նյութական փոխհատուցման մասին»:

Հակոբ Կարապետյանը պատմեց, որ իր` քրեական գործ հարուցելու մասին դիմումը ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի աշխատակիցները ՀՔԾ ուղարկելու փոխարեն ուղարկել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն անցկացնելու, և այդ շրջանակներում երեկ իրեն հրավիրել են վարչություն, ու պետի տեղակալն իրեն նախ առաջարկել է փոխհատուցել իր հիշողության քարտը` նույն մակնիշի ու գնի, բայց պայմանով, որ պետք է ինքը գրավոր հաստատի, որ ուրիշ բողոք պահանջ չունի ոստիկանությունից: Հակոբը շեշտեց. «Ես ասացի, որ այդ պայմանը ինձ չի բավարարում»:

Մեր հարցին` փաստորեն բացահայտ գործա՞րք են առաջարկել իրեն, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Ինձ փոխհատուցում են առաջարկում, այն էլ ոչ իմ չիպը, ոչ դրա ինֆորմացիան, որը շատ ավելի կարևոր է»:

Մեր հարցին ի պատասխան` լրագրողներին լռեցնելու փորձե՞ր են կատարում, Հակոբը առաջարկեց հետևությունները թողնել ընթերցողին ու փոխանցեց. «Ինձ առաջարկել են փոխհատուցում, որ քրեական գործ հարուցելու իմ դիմումը հետ վերցնեմ»:

Հետաքրքրվեցինք` երբ հրաժարվել է դիմում գրել, այնուամենայնիվ փոխհատուցե՞լ են, Հակոբը պատասխանեց, որ ոչ ու ասաց. «Այդ տարբերակով չփոխհատուցեցին, կփոխհատուցեն, եթե ես կարողանամ ապացուցել` դատարանի վճռի պահանջով: Ես վստահ եմ, որ կկարողանամ ապացուցել: Բազմաթիվ տեսանյութեր կան, չնայած այդքան նյութ է փչացվել ոստիկանների կողմից, լրագրողների և ցուցարարների վկայությունները ավելի քան բավարար են նրա համար, որ բոլոր պատասխանատուներն ու հրահանգ տվողները պատժվեն»:

Հակոբը պատմեց, թե ականատես է եղել ու նաև լուսանկարել (լուսանկարը այն հիշողության քարտի մեջ է, որն իր ձեռքից ոստիկանները վերցրել են), թե ինչպես է Լևոն Երանոսյանը կոտրել 1in.am-ի օպերատորի տեսախցիկը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

Մեր հարցին` սա բավարար երաշխի՞ք է, որ գործի արդար քննություն է տեղի ունենալու, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին, քրեական գործը մոտ 10 օր հետո է հարուցվել: Այդ ընթացքում բազմաթիվ` տասնյակ հարյուրին մոտ վկայություններ կան, որ բռնության հրաման տվողը, օպերացիան գլխավորողները Լևոն Երանոսյանն ու Հունան Պողոսյանն էին, նրանք հրաման են տվել հարձակվել լրագրողների վրա ու բռնության ենթարկել, փչացնել տեխնիկան: Ուստի այդքան վկայությունների պարագայում՝ այս երկու շաբաթվա ընթացքում առնվազն մի քանի, այդ թվում ամենաբարձրաստիճան ոստիկաններ պետք է գործից հեռացված լինեին, կամ գործում ներգրավված լինեին որպես կասկածյալներ կամ մեղադրյալներ: Եթե այդ գործողությունները ՀՔԾ-ն չի անում, դա ինձ կասկածի տեղիք է տալիս»:

Paylak Fahradyan

Փայլակ Ֆահրադյան

«ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեխնիկական վնաս չի կրել ու մանրամասնեց. «Եթե խոսքը տեխնիկական վնասի մասին է, մենք չենք կրել տեխնիկական վնաս. վնասվել  է հագուստս` վերնաշապիկը և գլխարկս: Ես դրա փոխհատուցումը ոստիկանությունից չեմ պահանջում»:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի քննության շրջանակներում Փայլակ Ֆահրադյանը ՀՔԾ-ում բացատրություն է տվել: Մեր հարցին` արդար քննության ակնկալիքներ ունի՞, Փայլակը պատասխանեց. «ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, հետևաբար ես կսպասեմ` ինչ կլինի քրեական գործի քննությունը: Ինչ վերաբերում է Ձեր նշած արդար քննությանը, ապա բոլոր լրագրողներն էլ պետք է իմանան , որ ՀՀ-ում արդարադատությունը որոշվում է համապատասխան տեղից: Եթե լինի հրահանգ բացահայտելու, գործը կբացահայտվի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պետք է անօրինականություն կատարողները պատժվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031