«Արխիվային նյութերի թվայնացումը լուծում է երկու խնդիր՝ մարդիկ ավելի արագ են փնտրում, գտնում տեղեկությունը, եւ բնագիրը այլեւս չի օգտագործվում, չի վնասվում եւ նույնիսկ չի կորչում», – այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքերով, 2010 թվականից ի վեր թվայնացվել է մոտ 1 մլն փաստաթուղթ, սակայն ընդհանուր առմամբ արխիվում պահվում է 350 մլն-ը:
Պրն. Վիրաբյանը նշեց, որ թվայնացումը տարիների աշխատանք է, եւ պարտադիր չէ, որ բոլոր փաստաթղթերը թվայնացվեն: Հիմնականում թվայնացվում են այն փաստաթղթերը, որոնք այսօր ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, օրինակ՝ մարդկանց ծագման, տոհմածառի հետ կապված փաստաթղթերը, մարդահամարի տվյալները:
Պրն. Վիրաբյանը նաեւ նշեց, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ ստեղծվել է առցանց թանգարան, որն ընդգրկում է այն ամենը, ինչ կապված է 1914-1918 թվականների հետ՝ առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցություն, հայոց ցեղասպանություն եւ Ֆրանսիայի օգնություն, միջազգային փաստաթղթեր եւ այլն:
Կարդացեք նաև
«Մեզ համար արդիական է նաեւ Հայ եկեղեցու կալվածքների, գույքի խնդիրը Օսմանյան Թուրքիայում: Մենք աշնանը հրապարակելու ենք փաստաթղթեր օսմաներենով, եւ դրանց հայերեն թարգմանությունը: Դրանք Հայ եկեղեցու գույքերի իրավական փաստաթղթերն են: Ժամանակին Օսմանյան Թուրքիայում այս եկեղեցիների հողերի, կալվածքների վերաբերյալ եւս տրվել են այսպիսի փաստաթղթեր, որոնք պահպանվել են արխիվում»:
Ամատունի Վիրաբյանի խոսքերով, այս տարի «Մեռոնօրհնություն» եկեղեցական արարողությանն ընդառաջ հրապարակվելու են արխիվում պահպանված մի շարք փաստաթղթեր՝ կապված այս եկեղեցական արարողության հետ:
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ