Մենք՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներս, շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել նստացույցի մասնակից Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու քաղաքական որոշման նկատմամբ և համարում այս գործընթացը սադրանք քաղաքացիական պահանջով իրենց բողոքն արտահայտող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:
Անմիջական մասնակից լինելով հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած
գործողություններին ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր իրավասու
մարմիններին ցուցաբերել խոհեմություն և անհապաղ կարճել տնտ.գ.թ., դոցենտ
Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցած շինծու քրեական գործը՝
խուլիգանության մեղադրանքով:
Գնահատելով սույն գործընթացում ներգրավված անձանց ջանքերը և անսալով Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպս. Աջապահյանի հորդորին՝ պատրաստակամ ենք ևս մի քանի օր անցկացնել կարճման որոշման սպասման մեջ: Խորհրդակցելով գործում ներգրավված փաստաբանի հետ՝ փաստում ենք, որ այդ սպասումը չի կարող ավելի երկար լինել, քան ս.թ. հուլիսի 14-ը:
Այդ ընթացքում, լուծումներ չտեսնելու դեպքում, մեզանից յուրաքանչյուրն այլևս իրեն ազատ է համարում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած նման ահաբեկչական քայլերին արձագանքել իրավական պաշտպանության լուրջ գործընթացով՝ զուգորդված բողոքի արտահայտման՝ օրենքով չարգելված քաղաքացիական ու բարոյական ճնշումների բազմազան գործողություններով:
Կարդացեք նաև
Ավելի լավ Հայաստանի ակնկալիքով՝ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներ:
08.07.2015