Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Չաթըմ Հաուս) եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Ըստ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի՝ իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ», հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաեւ մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների եւ միջազգային կառույցների համար:
Հանդիպմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ եւ վերլուծաբաններ: