Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ստեփանյան. «Պարոն ոստիկանապետ, երբ ազգը սթափվի, ապա կարծում եմ շատ ու շատ բան կփոխվի մեր երկրում»

Հուլիս 08,2015 14:10

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ոստիկանապետին Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻՐ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ «ՊԱՅԾԱՌ » ՄՏՔԵՐԻ

Պարոն ոստիկանապետ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ շատ պարզ, շատ հասկանալի և ըմբռնելի: Կարծում եմ շատ հեշտ կարող եմ Ձեզ բացատրել, թե մերթ ընդ մերթ ուր էին գնում Բաղրամյան պողոտայում ոստիկանության և խաղաղ ցուցարարների միջև կանգնած կենդանի պատի անդամները (որոնցից մեկը ես էի). նրանք այն մարդիկ են, ովքեր ունեին ընտանիք և աշխատանք, ովքեր ունեին անհետաձգելի գործեր և պայմանավորվածություններ, ովքեր կամավոր գալիս և օրերով կանգնում էին այդտեղ` ժողովրդի կողքին, և ի տարբերություն ոստիկանական աշխատակիցների` նրանք դրա համար 2 ժամը մեկ չեն փոխարինվում ուրիշ այլ անդամներով, 2 օրը մեկ չեն գնում տուն մի քանի օրով հանգստանալու և դրա համար չեն ստանում աշխատավարձ ու առավել ևս պարգևատրում: Այդ մարդիկ կարիք ունեին գոնե 2-3 օրը մեկ քնելու, հիգիենայի կանոններին հետևելու և իրենց առօրյա հացը վաստակելու համար իրենց աշխատանքից չբացակայելու, չէ որ ի տարբերություն Բաղրամյան պողոտայում գտնվող ոստիկանության աշխատակիցների, այդ մարդիկ աշխատանքից բացակայելու կամ աշխատանքին չհետևելու դեպքում իրենց աշխատանքը կորցնելու խնդիր կարող էին ունենալ: Կենդանի պատի ակտիվ անդամները իրենց թույլ էին տալիս բացակայել Բաղրամյան պողոտայից միայն օրվա ցերեկային ժամերին, երբ ամեն ինչ համեմատաբար խաղաղ էր լինում: Ինչպես նաև ձեզ ասեմ, որ կենդանի պատի անդամների մեծամասնությունը այնտեղ էին գնում կամավոր, մարդասիրությունից և ազգասիրությունից ելնելով, այլ ոչ թե ոմանց նման ինչ-որ մարդկանց հրահանգով, որպեսզի պղտոր ջրում ձուկ բռնեին, կամ փորձում են բացարձակապես տնտեսական բնույթ կրող երիտասարդական այս արդարև բողոքի զարթոնքին տալ քաղաքական ուղղություն:

Պարոն ոստիկանապետ, կբացատրե՞ք ինձ և մեր համերկրացիներին, թե ին՞չ էր նշանակում ՀՀ ոստիկանապետի` մեղմ ասած պոռթկումը ժողովրդի առջև և այնպիսի բառակապակցություններ օգտագործելը, ինչպեսինն են «Այստեղ մնացողները կմաքրվեն Օպերա», «Ես Գասպարյան Վովան եմ, ես ՎՈՎԱՆ եմ, Վովան եմ», «Կոոպերատիվ կռվող տղերք», «Սովորցրա չուրանան իրենց արյունը» և այլն: Ես պատկերացնում եմ, եթե դուք նման խոսքեր ասեիք 1989 – 1994 թվականներին Արցախում մեր կռվող տղաներին, ասենք` Արկադի տեր Թադևոսյանին, երջանկահիշատակներ Մոնթե Մելքոնյանին, Աշոտ Ղուլյանին, Վարդան Ստեփանյանին, Քրիստափոր Իվանյանին, Մովսես Գորգիսյանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին և այլոց, ին՞չ պատասխան կստանայիք նրանցից ըստ ձեզ. մտածելն անգամ սարսափելի է կարծում եմ: Նշեմ նաև Ձեր մյուս արտաբերած խոսքերը. «Մի քիչ ավելի խիստ կլինի, քան անցյալ անգամ», «Այն մեթոդներով, որ օրենքը տվել ա ինձ, և շատ խիստ», կամ այսպիսի դիմելաձևը մի երիտասարդի` «Ապրածդ կյանքը լեզուդ շաղ տալով չի», «Որդի նման»: Ինձ ամենից շատ զարմացրեց և անհանգստացրեց Ձեր տվյալ արտահայտությունը` «Սթափվեք, սթափվեք». մի՞թե իրոք կամենում եք սթափեցնել հայ ժողովրդին, պարոն ոստիկանապետ, որովհետև երբ ազգը սթափվի, ապա կարծում եմ շատ ու շատ բան կփոխվի մեր երկրում, հատկապես իշխանությունների համար, մենք դրա վառ ապացույցներն ունենք, կարող եմ անգամ հիշեցնել ձեզ, 1988 թ. փետրվար, 25.09.1996 թ. 01.03.2008թ. և այլն: Պարոն ոստիկանապետ, այսօրվա մեր երկրի իշխանությունները, որոնք անօրինական և քաղաքական մանևրներով, 27.10.1999 թ. դրամայով և հարևան գերտերության իշխանության օգնությամբ զավթել են իշխանական բոլոր լծակները, պատրաստ են արդյո՞ք կրել իրենց վրա սթափված հայ ազգի գործողությունների պատասխանատվությունը:

Բացատրեք խնդրում եմ, պարոն Գասպարյան, այս Ձեր խոսքերի բուն իմաստը և ենթատեքստը: Կասեմ ավելին, չէ ՞ որ այս ժողովրդի արյան և հանդուրժողականության գնով Դուք Վլադիմիր Գասպարյանից վերածվեցիք Գասպարյան Վովայի, ըստ իս ժողովրդի հետ նման պահելաձև և նման խոսելաոճը, մեղմ ասած, հարիր չէ այն պաշտոնյաներին, որոնց վարձել է (վարձատրում է) հենց ինքը` ժողովուրդը, լինի դա հասարակ ոստիկանական կամ զինվորական սպա, լինի գեներալ, թե ազգային ժողովի որևէ պատգամավոր, կամ նախարար, լինի դա վարչապետը և թեկուզ հենց ինքը` ՀՀ նախագահը: Այս թվարկածներիցս ոչ ոքի, ըստ իս, ժողովուրդը չի վարձատրում նրա համար, որպեսզի այդ մարդիկ իրենց առջև հոխորտան, թե «գիտե՞ք` ես ով եմ» , «գիտե՞ք` ես ինչերի եմ ընդունակ»: Ժողովուրդը Ձեզ ընտրել է և Ձեզ վարձատրում է նրա համար, որպեսզի ապրի այն երկրում, որը հարիր է նորմալ քաղաքակիրթ մարդկությանը: Երիտասարդները պայքարում են հենց նրա համար, որպեսզի իրենց երկրում էլ հնարավոր լինի ապրել այնպես, ինչպես ապրում են շատ քաղաքակիրթ երկրներում` առանց վախի, առանց խոսքի ու ազատության սահմանափակման, առանց ունևոր և չունևոր խավի պատնեշի, առանց քրեաօլիգարխիկ պաշտոնյաների և չգեներալների, առանց կիսագրագետ դեպուտատների, պայքարում են, որպեսզի երկրում ձևավորվի միջին խավ, որը եթե չասենք, որ չկա , ապա շատ քիչ է, որ այդ միջին խավն ու աղքատ խավը օրվա հացի խնդիրը լուծելուց բացի մի քիչ էլ մտածի հանգստանալու և ինչ-որ հետաքրքիր միջավայր այցելելու մասին (խոսքս բնավ էլ էլիտար սրճարանների, ռեստորանների կամ սաունաների մասին չէ, քավ լիցի, այլ թատրոնների, կինոթատրոնների և առողջարանների մասին է):

Այս խելամիտ երիտասարդությունը պայքարում է նաև նրա համար, որպեսզի մեր երկրում ամեն մասնագետ լինի իր տեղում, և այն ծառայությունները որոնք առաջնային են մարդու համար (բժշկություն, հանգստյան տներ, և այլն) ինչ-որ չափով հասանելի լինի նաև միջին և ցածր խավերին: Պարոն ոստիկանապետ, եթե իշխանության կարծիքով ժողովուրդը գոյություն ունի միայն նրա համար, որպեսզի ընտրությունների միջոցով կամ այլ կերպ ինչ-որ անհատների ապահովի իրենց դիրքերին ու իրենց աթոռներին հասնելն ու այդ աթոռներից կառչելը սերնդե սերունդ, ապա այդ իշխանությունները չարաչար սխալվում են: Ես Ձեզ ասում եմ, որ իշխանություններն ու պաշտոնյաները ընտրվում են և գոյություն ունեն նրա համար, որպեսզի իրենց ժողովրդի համար կերտեն հուսալի ապագա, օրինավոր և քաղաքակիրթ երկիր, ապահովեն ժողովրդի ապրելակերպը հնարավորին չափ բարեկեցիկ, ապահովեն քաղաքացու անվտանգությունը ներքին և արտաքին վտանգներից, ընդունեն այնպիսի օրենքներ, որոնք լինեն ժողովրդի օգտին, այլ ոչ թէ ժողովրդից թալանելու օգտին, Ձեր պաշտոնները նրա համար են որպեսզի Ձուք ժողովրդին ազատ ապրելու, աշխատելու, գործելու և ստեղծագործելու հնարավորություն տաք, այլ ոչ թե հնարավորին չափ սահմանափակեք այդ հնարավորությունները ձեր իսկ ընդունած օրենքներով և խթանեք երկրից լայնածավալ արտագաղթին: Թուլ տվեք երկու բառ էլ ասեմ կռվող տղերքի և աղոթքի մասին. Կռվող տղերքի մասին շատ բան չեմ ասի, քանզի կարծում եմ այստեղ բոլորս էլ պետք է լինենք համակարծիք և տարբերենք ու գնահատենք կռվող տղաներին, հարգենք նահատակվածների հիշատակը և նրանց թափած արյունը, ըստ իս շատերս գիտենք այն մարդկանց, թե ովքեր են կռվել անձնվեր և ովքեր էին այդ ժամանակ տղաների արյան և քրտինքի գնով իրենց համար հարթակներ պատրաստել դեպի ղեկավարական աթոռներ:

Պարոն ոստիկանապետ, իսկ աղոթքի մասին կասեմ հետևյալը, ժողովուրդը այսպիսի մի թևավոր խոսք ունի, «Հացդ տուր հացթուխը թող թխի, երկու հատ հաց էլ ավել տուր», իհարկե շատ լավ է և շատ ողջունելի է, որ ամեն մի մկրտված և քրիստոնյա հայ գիտենա գոնե «Հայր մերը», շատ յուրօրինակ և գովելի է նաև, երբ աղոթքի խոսքեր ես լսում երկրի ոստիկանապետի շուրթերից, անգամ ողջունելի է, սակայն… Ժողովրդի կողմից ավելի ողջունելի կլիներ և ժողովուրդն էլ ավելի հանգիստ կլիներ այս խաղաղ ցույցի օրերին, եթե այդ աղոթքը լսվեր ոչ թէ ՀՀ ոստիկանապետի, կամ չգիտես թե ում կողմից և ինչ նպատակներով ու հրահանգներով ուղարկված մի վանականի շուրթերից, այլ հենց իր Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Բ Կաթողիկոսի շուրթերից, ու՞ր էր կաթողիկոսն այդ պահին, ին՞չու իր հոտի կողքին չէր, նա պետք է լիներ հենց կենդանի պատի նախաձեռնողն իր սևազգեստ վանականների հետ, այլ ոչ թէ ազգային ժողովի պատգամավորները, երգիչներն ու դերասանները, հասարակական գործիչները և այլ արվեստագետներ, Կաթողիկոսը պետք է լիներ իր ազգի կողքին և չթողներ ոչ մի հայ տուժեր թեկուզ մեկ հարվածով և մեկ վիրավորական բառով, լիներ դա ոստիկան, թե խաղաղ ցուցարար: Սակայն ազգն արդեն ճաճանչում է և գիտի, թե ով է իր կաթողիկոսը, ին՞չ միջոցներով է նա հասել այդ բարձր կոչմանը, ին՞չի է ընդունակ նա ընդհանրապես: Հայ ազգն այժմ չունի կաթողիկոս ի դեմս Գարեգին Բ-ի և չունենք նրանից ոչ մի սպասելիք: Պարոն ոստիկանապետ, այսքանը, մնացեք միշտ հարգանքով և աղոթքներով:

Պրոդյուսեր Սամվել Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031