«Այդ երիտասարդները մատ արեցին բոլորիս»,- հուլիսի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքերով՝ շարժումը գուցե անկում է ապրել, բայց ամենակարեւորն, ըստ նրա, այն է, որ այն ցույց տվեց, թե ամեն ինչ կորած չէ, որ նոր մտածողությամբ երիտասարդները կարող են յուրաքանչյուր մարտահրավերի պատասխան տալ:
Անդրադառնալով հունիսի 23-ի լուսաբացի ոստիկանության գործողություններին՝ նա ասաց, որ վայրենություն էր: Նրա գնահատմամբ՝ այդ գործողությունները 2008 թվականից հետո աննախադեպ էին. «Այդ հավաքը խաղաղ հավաք էր, եւ ոստիկանությունը իր գործողություններով խախտեց բոլոր տեսակի նորմերը: Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր բան կատարվեց՝ նախ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, երկրորդ՝ շատ կարեւոր հարց է, որ ոստիկանությունը բազմամարդ հավաքների ժամանակ ունենա համարակալում, որ եթե անօրինական գործողություն է կատարվում՝ նույնականացվի ոստիկանը: Երբ որ բերման ենթարկվեցին 200-ից ավելի մարդիկ, բերման ենթարկելուց հետո երեք ժամից ավել պահելու իրավունք չունեին, բայց նրանց պահեցին շատ երկար»:
Անդրադառնալով ոստիկանության երկուշաբթի օրվա գործողություններին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ոստիկանությունը իրեն կոռեկտ էր պահել: Ըստ նրա՝ կայացվել էր քաղաքական որոշում. «Մի կողմ դնենք վիճելիությունը գործողության իրավաչափության մասին, բայց նրանց բերման ենթարկելու համաչափությունը, մինչեւ ոստիկանական մեքենաները ոստիկանության գործողությունները, եղել են բավականին զուսպ եւ քաղաքավարի: Բայց արդեն, ըստ մեր ունեցած տեղեկությունների եւ մեր դիտորդի տեսածի, մեքենաներում եւ բաժանմունքներում որոշ ցուցարարների նկատմամբ բռնություն է կիրառվել: Այսինքն՝ մինչեւ վերջ ոստիկանները չկարողացան իրենց պատշաճության սահմաններում պահել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ