Մոտ մեկ ժամ կառավարության շենքի առջեւ նստացույցի նստած Ֆիրդուսիի բնակիչներին, որոնց տները 8 տարի առաջ իրացվել են, սակայն մինչ այժմ նրանք բնակարաններ այդպես էլ չեն ստացել, հանդիպելու դուրս եկավ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա ասաց, որ քանի որ ֆիրդուսցիները հրաժարվեցին վարչապետի հետ հանդիպումից, Հովիկ Աբրահամյանն այսօր այլեւս չի կարող նրանց ընդունել:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ֆիրդուսցիներին երկուշաբթի, ժամը 6-ին, սակայն բնակիչները պետք է թղթի վրա շարադրեն իրենց պահանջները, բնակարանների տրման ժամանակացույցը եւ իրենց հուզող խնդիրները:
Ըստ քաղաքաշինության նախարարի՝ բնակարանները շուտով կտրվեն, ընդամենը մի քանի տեխնիկական հարցեր պետք է լուծվեն: Քաղաքաշինության նախարարն ասաց, որ երկուշաբթի օրը վարչապետը կարող է մեծ կազմով ընդունել ֆիրդուսցիներին:
Կարդացեք նաև
Ի պատասխան ֆիրդուսցիներն ասացին, որ իրենք մի քանի անգամ խնդիրը թղթի վրա ներկայացրել են եւ հանձնել անձամբ վարչապետին, որը թուղթը ծալել է դրել գրպանը: «Ի՞նչ է, անգրագե՞տ են, մեկ, երկու, երեք անգամից չե՞ն հասկանում մեր պահանջը, պետք է հազար անգա՞մ գրենք: Մենք այլեւս չենք հավատում, պահանջում ենք պետական երաշխիքներ»,- Նարեկ Սարգսյանին ասում էին ֆիրդուսցիները:
Նախարարը ասաց, որ բնակիչների գրած ժամանակացույցի տակ իրենք կստորագրեն եւ ժամանակացույցով էլ բնակիչները կստանան իրենց բնակարանները:
Այս պահին էլ ֆիրդուսցիները չեն հեռանում կառավարության շենքի մոտից, չնայած նախարարի խոստումներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ