Կրկին թարմացել են այն լուրերը, ՀԷՑ-ի շուրջ զարգացումները հնարավոր է հանգուցալուծվեն այնպես, որ աուդիտից հետո ՀԷՑ-ը գնի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Aravot.am-ի հարցին՝ արդյոք նման սցենարը հավանական համարո՞ւմ է, տնտեսագիտական նորմերի տրամաբանության մե՞ջ կլինի այդ գործարքը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Սամվել Կարապետյանի նման անձնավորությունը, որը կարողացել է Ռուսաստանում հաստատվել ու նման ընդունելության արժանանալ, ուրեմն ճիշտ մարդ է, ճիշտ հարաբերությունների դաշտում գտնվող մարդ: Հետևաբար, իր էությամբ մարդու՝ Հայաստանում հայտնվելու պարագայում ներքին ճշտությունն ու հավասարակշռությունը բոլոր դեպքերում բացարձակապես վատ չի լինի»:
Սակայն տնտեսագիտական նորմերի տեսանկյունից պարոն Բոստանջյանը համարում է, որ դա կլինի տնտեսագիտական տեսանկյունից ոչ հիմնավորված գործարք: Նա մանրամասնեց. «Մեր ՀԷՑ-ը սարսափելի վիճակում է գտնվում: Այն պետք է թարմացնելու ու արդիականացնել, ինչի համար սարսափելի մեծ գումարներ ենք պետք: Այս պարագայում պատկերացնել այդ ամենը Սամվել Կարապետյանի կտրվածքով, պարզապես սիրուն չէ: Եթե նրա այսօրվա հնարավորությունները թույլ տային դա անել, բայց դուրս է գալիս, որ ուրիշները ստեղծել են այս ահավոր վիճակը, ինչ որ մեկը, որ քրտինքով է աշխատել, բերի փակի: Այս կտրվածքով ես ասում եմ, որ ճիշտ չէ. դա նույնիսկ տիեզերական տերն էլ չի ընդունի: Տնտեսագիտական նորմերով դա չունի հիմնավորում»:
Մեր այն դիտարկմանը՝ այդ պատճառով էլ ըստ լուրերի՝ Սամվել Կարապետյանը պատրաստվում է ՀԷՑ-ը գնել աուդիտից հետո, այն պայմանով, որ ՀԷՑ-ի պարտավորությունները դուրս գան վաճառքի գումարից, պարոն Բոստանջյանն արձագանքեց. «Կարող է մեծ ճիգերով, ստիպողական գա, բայց Աստված չանի, կարող է գալուց հետո փլուզվի: Աուդիտը այստեղ նշանակություն չունի: Եթե ձեզ հետ որևէ գործարքի մեջ եմ մտել,ապա իրար հետ պետք է շիտակ լինենք»:
Որպես համեմատություն՝ պարոն Բոստանջյանը օրինակ բերեց այն իրավիճակը, երբ որևէ մեկը մյուսին ստիպում է մտնել գործարքի մեջ, սակայն վերջինը «անընդհատ ատում է մյուսին ու մտածում, թե ոնց պետք է պրծնի սրա ձեռքից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ