Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Իշխանությունները հասկանում են, որ հանկարծ սելավը ելավ, դեմն առնել հնարավոր չէ»

Հուլիս 08,2015 12:22

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց, թե իշխանությունների՝ աուդիտ անցկացնելու մասին որոշումը ընդամենը ժամանակ շահելու միջոց է, իսկ ՀԷՑ-ի ազգայնացումը նա անհրաժեշտ համարեց:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք հարցի լուծո՞ւմ է այն, որ կառավարությունը պետք է սուբսիդավորի սոցիալապես անապահով քաղաքացիների հոսանքի սակագինը, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Դա հարցի լուծում չէ: Կառավարությունը, եթե փոխհատուցի, ապա դրանով խնդիրը չվերջացավ»:

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ այստեղ հարց է առաջանում՝ կառավարությունը որտեղի՞ց պետք է տրամադրի այդ գումարները ու մանրամասնեց. «Կենսաթոշակային բավարարվածության համար գանձապետարանում փող չկա, այդ որտեղի՞ց պետք է փոխհատուցի: Լավագույն դեպքում, եթե կառավարությունը փոխհատուցելու է, էլի մեր փողն է փոխհատուցելու, ուրեմն բուդկաներից, չպաշտպանվածներից բերված փողը բերելու է փոխհատուցի»:

Մեր այն հարցին՝ իշխանություններն այս քայլերով չե՞ն փորձում մանիպուլացնել ժողովրդին, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Ինչ ուզում եք անունը դրեք՝ մանիպուլյացիա և այլ: Մեր իշխանությունները նստած մտածում են, որ սրանց հետ կատակ անելը հղի է վտանգներով: Մինչև հիմա մկան կատվի խաղ էր տեղի ունենում, Բաղրամյանի դեպքերից հետո լավ էլ մտահոգված են, հասկանում են, որ հանկարծ սելավը ելավ, դեմը առնել հնարավոր չէ»:

Մեր հարցին՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները աուդիտին մասնակցել-չմասնակցելու հարցով խորհրդակցե՞լ են իր հետ, և արդյոք ճի՞շտ կլինի մասնակցել աուդիտին, պարոն Բոստանջյանն ասաց. «Հանգամանքների բերումով` ինձ հետ չեն խոսել, կան աուդիտի ավելի լավ մասնագետներ, օրինակ՝ տղաս: Բայց կարծում եմ, որ բանակցային ռեժիմը քաղաքակիրթ ձև է, և անգամ եթե քեզ խաբում են, բանակցություններն ավելի ողջունելի են, քան հարվածելը: Հարվածելուց հալվա չեն բաժանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031