Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսից եկող ուղղորդողներին Հայաստանում մեծ ֆիասկո է սպասվում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 08,2015 11:42

Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ

 -Երիտասարդները դուրս եկան բողոքի ցույցի` արագ արձագանքելով ժողովրդի սոցիալական ընդվզմանը, հետեւաբար շարժման չկազմակերպվածության պատճառը գուցեեւ նրանց անփորձ լինելն էր, շարժման «ղեկին» փորձառու առաջնորդների, հեղինակությունների, քաղաքական ուժերի բացակայությունը: 

-Շարժման չկազմակերպվածության պատճառը պետք է փնտրենք քաղաքական ուժերի, հատկապես ընդդիմադիրների անգործության, ալարկոտության եւ անփութության մեջ: Բոլորս նկատեցինք, որ ընդդիմադիր պատգամավորներից միայն մեկ-երկուսն էին Բաղրամյանում: Բայց նրանք անգամ անմիջական կազմակերպիչների կամ հանրահավաքի մասնակիցների մեջ չէին:

Չստեղծվեց քաղաքական ընդդիմադիր ուժերի համագործակցության ֆորմատ: Ընդդիմադիրները խորհրդարանի ամբիոնից միայն հնչեցրին քննադատական սուր ելույթներ սակագնի բարձրացման հետ կապված, բայց ԱԺ պատերից դուրս չեկան, չմասնակցեցին ոչ մի գործընթացի, ցուցաբերեցին բացահայտ ալարկոտություն:

  -Չմոռանանք, որ շարժման ակտիվիստներն իրենք մերժեցին ընդդիմության ակտիվ մասնակցությունը: Ու սա պետք է խորհելու լուրջ տեղիք տա ընդդիմությանը:

-Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում ընդդիմությունը խոշորացույցով է փնտրում հասարակական բողոքի ամենաչնչին դրսեւորումներ, որպեսզի այն իր քաղաքական պայքարում օգտագործի: Ցավոք, Հայաստանի ընդդիմության աչքը մախաթ էլ մտցնես` դարձյալ կույր է ու չի կարողանում նման իրավիճակները օգտագործել թեկուզ իր քաղաքական նպատակներին հասնելու համար:

Այնինչ կարող էին բավական ակտիվ լինել՝ իհարկե տնտեսական խնդիրը չվերածելով լուրջ քաղաքական առճակատման, բայց կարող էին իրենց ակտիվությամբ նպաստել հասնելու ավելի մեծ արդյունքների: Նրանց ակտիվության դեպքում ժողովրդի մասնակցությունն էլ կմեծանար, ժողովուրդը կզգար, որ նման իրավիճակներում ունի քաղաքական առաջնորդներ: Բայց ընդդիմությունը չարեց ոչինչ, դրա համար իմ բնութագիրը հետեւյալն է՝ ունենք անփույթ, անկարող ընդդիմություն:

  -Մինչ տեղական «լիդերները» բացակայում են, փոխարենը շարժման նոր տերեր են հայտնվում. «Ժառանգության» արեւմտյան պրոյեկտներն են դրսից շտապել Երեւան ու իրենց շարժման համակարգող հայտարարել, չեն թաքցնում` եկել են շարժումը քաղաքականացնելու: 

-Եվ դա բնական է: Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության փուլում Արեւմուտքը փորձելու է հետխորհրդային տարածքի երկրներում, ուր կա դժգոհության ալիք, ցանկացած ընդդիմադիր շարժում, հասարակական պոռթկում անմիջապես օգտագործել իր շահերի համար: Մեր բողոքի ակցիաները եւս Արեւմուտքը չի կարող չօգտագործել. մանավանդ երբ այդ բողոքը ուղղված է ռուսական ընկերության դեմ:

Ապագայում եւս չպետք է զարմանանք, որ հասարակական-քաղաքական որոշակի պոռթկումները շատ արագ իրենց արձագանքը կգտնեն արեւմտյան վերլուծական կենտրոններում, պետական հաստատություններում: Եթե չլիներ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն, այլ համագործակցություն լիներ, ապա այդ նույն Արեւմուտքը ուղղակի անուշադրության կմատներ Հայաստանում հոսանքի սակագնի բարձրացման դեմ սկսված այս բողոքը: Մինչդեռ լարվածության պարագայում ամեն մի շարժում մեկնաբանելու են հակառուսական դիրքերից:

Սակայն դրսից եկող ուղղորդողներին Հայաստանում մեծ ֆիասկո է սպասվում, նրանք թող հույսեր չունենան, որ այստեղ կարող են մեծ արդյունքի հասնել, որովհետեւ հասարակական ակտիվության ռեսուրսը Հայաստանում, եթե 5 բալանոց սանդղակով չափելու լինենք, ընդամենը 1 բալ է:

Այնպես որ ինչպիսի ուժեր էլ գան, ինչպիսի կենտրոններից էլ այն ուղղորդվի, ինչպիսի քաղաքական տեխնոլոգիաներ էլ կիրառեն, չեն կարող մեր ժողովրդին ոտքի հանել ու հասնել որոշիչ փոփոխության: Նրանց ջանքերը կարող են պտտվել 1000-2000 մարդկանց շրջանակում, ու վերջ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031