Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիան ինքնին հայտնվել էր փակուղում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 08,2015 11:22

Ինչո՞ւ կամ ինչի՞ց մարեց այդ ակցիան, որն ընդամենը 10-15 օր առաջ ոգեւորել էր իր որակական կազմով, մասնակից երիտասարդների նկարագրով, ընդհանուր բարյացակամության մթնոլորտով:

Պատճառները պարզ տեսանելի են:

Ամենից առաջ արժե նկատել, որ «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդները, որ ավելի քան երկու ամիս առաջ սկսել էին սակագնի բարձրացումը կանխելու պայքարը, հունիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածը այդպես էլ չկարողացան օգտագործել որպես երիտասարդ քաղաքացիների առավել կազմակերպված խումբ հանդես գալու համար:

Չափից ավելի սեւեռվելով «անլիդեր շարժման» տեխնոլոգիական հնարքի վրա՝ նրանք հանրագումարում խուսափեցին նաեւ իրենց նախաձեռնած շարժման կոլեկտիվ լիդերությունն ու պատասխանատվությունն ստանձնելուց: Դա տարբեր գործոնների ազդեցության հետեւանք էր: Բայց ակնհայտ է, որ միանգամայն սխալ որոշում էր: Մի բան, որ հստակ երեւաց հունիսի 28-ի գիշերային ժամերին արձանագրված լարվածության ժամանակ:

Որպես առավել կազմակերպված միավորում հանդես գալու պահը նրանք բաց թողեցին: Եվ բնական է, որ այդ բացթողումից շտապեցին օգտվել ինչպես որոշակիորեն քաղաքականացված, այսպես ասենք՝ կուսակցական աշխատանքի փորձ ունեցող տարբեր երիտասարդներ, այնպես էլ՝ միանգամայն պատահական մարդիկ, որ ցանկանում էին որսալ մի քանի հազար մարդու առաջ ելույթ ունենալու իրենց «պատմական ակնթարթը»:
Մյուս էական բացթողումն այն էր, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը իր խնդիրը տեսել էր միայն պայքարն սկսելու մեջ, եւ առանձնապես չէին կենտրոնացել գործողությունների քիչ թե շատ ծանրութեթեւ արված ծրագրի, քայլերի կամ հնարավոր սցենարների վրա: Դա ակնհայտ երեւաց հենց այն ժամանակ, երբ նրանք այդպես էլ հստակ ու բոլորի համար ընկալելի, համոզիչ որոշում չկարողացան ընդունել բողոքի ակցիան շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ:

Ի վերջո, այդ «բողոքի ակցիան», այսինքն՝ կոնկրետ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ու այնտեղ մնալ ցանկացող երիտասարդների ու ոչ միայն երիտասարդների գործողությունները, սկսեց համակարգել «նոր նախաձեռնող խումբը»՝ բոլորովին նոր դեմքեր, որոնց մի մասը կարծես այնքան էլ քաջատեղյակ չէր խնդրին ու դրա էությանը:

Ամեն դեպքում: Այդ «նոր նախաձեռնող խումբը», անընդունելի համարելով նախագահի հայտարարության մեջ նախանշված քայլերը, որոշեց նույն վայրում շարունակել բողոքի ակցիան: Դա, իհարկե, «ամենաճիշտ» որոշումն էր, եթե նպատակադրումն այդ ամենի մարումն էր:

Նախաձեռնողների կամ ակտիվիստների հիմնական բացթողումներից մեկն այն է, որ նրանք ինչ-որ տեղ կորցրին իրականության զգացողությունը եւ չնկատեցին կամ չնկատելու տվեցին, որ նախագահի ելույթից, ինչպես նաեւ հունիսի 28-29-ի լարված անցուդարձից հետո հասարակության մեջ որոշակիորեն տրամադրություն է փոխվել:

Մարդկանց մի զգալի մասը տեսավ, որ իշխանությունը հաշվի նստեց բողոքի ելած հասարակության հետ, եւ մարդիկ սպասում են արդեն կոնկրետ գործողություններին ու նախաձեռնողների կողմից այդ ամենի մեջ ներգրավվելուն:

Երկրորդ՝ մարդիկ պարզորոշ տեսան, որ հենց շարժման ներսում տեղի ունեցավ այդպես էլ լիդերության հարց չդնող փաստացի լիդերների «լիկվիդացում»: Հենց միայն այդքանը արդեն բավական էր մարդկանց մի որոշակի զանգվածի վրա վանող տպավորություն թողնելու համար:

Պատահական չէ, որ հաջորդող օրերին ակցիայի մասնակիցների թիվն անշեղորեն նվազում էր: Ակցիան ինքնին հայտնվել էր փակուղում՝ չկար տեղաշարժ ո՛չ գործողությունների, ո՛չ պահանջների ու մոտեցումների հարցում: Ի լրումն՝ ուժ եւ հարկադրանքի միջոցներ չգործադրելու ոստիկանության մոտեցումն էլ «իր գործն» արեց, եւ ի վերջո ստեղծված փակուղային կացությունը հանգուցալուծվեց:

Այժմ ողջ խնդիրն այն է, թե «Բաղրամյանը փակելու» վրա կենտրոնանալու եւ ինքնանպատակ ու կանխատեսելի մի վիճակի մեջ հայտնվելուց հետո ինչպես «հին», այնպես էլ «նոր» նախաձեռնողները ինչ կառաջարկեն շարունակության համար:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031