Հուլիսի 6-ի երեկոյան Թումանյան-Մաշտոց խաչմերուկից ոստիկանները բերման ենթարկեցին Վարդգես Գասպարիին, որը պահանջում էր բացել Ազատության հրապարակը, որպեսզի հավաքվածները կարողանան երթ իրականացնել ու գոռում էր. «Լակոտ, թափթփուկ, բացիր ճանապարհս»:
Հաջորդ օրը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդգես Գասպարին պատմել է որ իրեն առանց բացատրություններ կամ պահանջներ ներկայացնելու՝ քարշ տալով տեղափոխել են ոստիկանություն. «Պառկած մնացել եմ մի քանի ժամ, հետո արդեն նորից նույն կերպ՝ ձեռքեր-ոտքերս բռնեցին, ոստիկանության բաժնից հանեցին, էդ ստադիոնի, այսպես ասած՝ քրջի բազարի աղբանոցում, տարան ընդեղ դրեցին՝ էդ աղբանոցում ու հեռացան»:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ Գասպարիին բերման են ենթարկել վարչական օրենսգրքի 172.3, 182 հոդվածների համաձայն: Դրանցից առաջինը վերաբերվում է ոստիկանների հասցեին հնչեցրած վիրավորանքներին, երկրորդը`ոստիկանների պահանջը չկատարելուն: Գասպարիին մի քանի ժամ պահել են ոստիկանությունում, արձանագրություն են կազմել եւ բաց են թողել:
Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու են Գասպարիին մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո աղբանոցի մոտ տարել ու թողել. դա ի՞նչ ակնարկ է:
Կարդացեք նաև
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այդ երեւակայությունը»,-եղավ պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ