Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է նոր քաղաքական տեքստ

Հուլիս 08,2015 10:07

Երեկ մետրոյում տեսա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Քաշաթաղի վարչական շրջանի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանին: Այն, որ ես տեսա նրան մետրոյում, ոչ թե հրասայլ հիշեցնող ջիպի ղեկին, իհարկե, արդեն իսկ նրան դրական է բնութագրում: Բարեւեցինք, ապա նա գնացքում նստած՝ գիրքը բացեց, սկսեց կարդալ եւ նշումներ անել: 88-ին ակադեմիական միջավայրից եկավ քաղաքականություն, ազնվորեն ծառայեց պետությանը, երբ վերջինս նրա կարիքն ուներ, հետո վերադարձավ իր բնական վիճակին՝ պաշտոնների, բիզնեսների եւ քաղաքական խաղերի մեջ չմտնելով:

Ալեքսանը, բնականաբար, իմ գովասանքի կարիքը չունի, ոչ էլ ցանկանում եմ քաղքենիական սնոբիզմ դրսեւորել՝ «ախ, ինչ զզվելի բան է քաղաքականությունը»: Խոսքս միանգամայն այլ բանի՝ քաղաքական տեքստ գրելու մասին է, ինչը 88 թվականին շատ արագ կարողացան անել «Ղարաբաղ» կոմիտեն կազմած խորհրդային մտավորականները, եւ որն առայժմ չի ծնվում ներկայիս բողոքի ալիքում:

Ինձ թվում է՝ պատճառներից մեկն այն է, որ նոր սերունդն ընդհանրապես տեքստ գրելու հարցում ուժեղ չի, իր տեքստերը լավագույն դեպքում ձեւակերպում է համացանցում՝ «ստատուսների» եւ մեկնաբանությունների տեսքով: Եթե նույնիսկ դրանք գրվում են մեսրոպատառ, պետք է խոստովանեմ, որ ես այդ տեքստերը հաճախ չեմ հասկանում: Կռահում եմ, որ գրողներն ինչ-որ մեկին «քլնգում են», ինչ-որ բանից դժգոհ են, բայց մոլորվում եմ բացականչական նշանների եւ «սմայլիկների» թավուտում, չեմ կարողանում ըմբռնել տրամաբանությունը՝ ինչից են սկսում եւ ինչի են հանգում:

Քաղաքական տեքստ ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն բառերն ու նախադասությունները. գործողությունները (օրինակ՝ աղբամանները մեկ քայլ առաջ շարժելը) նույնպես կարող են փոխաբերական իմաստով տեքստ լինել: Իսկ ահա «չեղարկում», «ոչ թալանին», «մեր պահանջները մնում են նույնը»՝ այդ ամենը ես քաղաքական տեքստ չէի անվանի, դրանք բացականչություններ են, վանկարկումներ, կարգախոսներ: Այս նոր շարժման տեքստը դեռ չի ձեւակերպվել, ինչը ես կապում եմ հետխորհրդային կրթական համակարգի թերությունների հետ:

Կան, իհարկե, հայտնի «հին» քաղաքական տեքստեր: Վաղը Ազատության հրապարակ կարող է գալ, ասենք, Պարույր Հայրիկյանը եւ ասել՝ «Կեցցե Միացյալ Նահանգները» կամ «Կեցցե Եվրամիությունը»: Կարող է գալ ՀԱԿ-ի ներկայացուցիչը եւ հայտնել, որ «ռեժիմը խուճապի մեջ է»: Կարող է գալ ԲՀԿ-ի ներկայացուցիչը եւ պատմել, թե ինչպիսի դրախտում էինք մենք ապրում Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բայց պարզ չէ՝ այդ ելույթներից հավաքվածների քանակը կավելանա՞, թե՞ կպակասի:

Ստեղծվել է հակասական վիճակ, երբ մեծ պահանջարկ կա հասարակական դժգոհությունն արտահայտելու, բայց չկա համապատասխան քաղաքական տեքստ, որն այդ դժգոհությունը կարողանա ադեկվատ կերպով ձեւակերպել: Մի խոսքով՝ պետք է նոր «Ղարաբաղ» կոմիտե:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031