Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ջղաձգվում ռուսամետները

Հուլիս 08,2015 15:30

«Անշրջելիների» երբեմնի խոստումները Կրեմլին հօդս են ցնդել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին եւ հարկ էր համարել նկատել, թե հայաստանյան դեպքերի պատճառը տնտեսական է, սակայն փորձ է արվում գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ։ «Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի Մայդանը… Հայաստանի այս իրադարձություններում էլ կա այդ ամենը՝ հակակառավարական տրամադրությունները սրելու համար օգտագործելու գայթակղություն, չնայած արմատը զուտ տնտեսական է, բայց, հավանաբար, ոմանք օգտակար են համարում այդ ամենը զարգացնել քաղաքական ճանապարհով»,- ասել էր Լավրովը:

Փորձենք հասկանալ, թե ովքեր են «քաղաքականացրել» հարցը: Նախ` «Մայդանի», «Էլեկտրամայդանի» ու «Գունավոր հեղափոխությունների» մեղադրանքը հնչել է ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից, եւ դա ակնհայտ էր բոլորի համար: Թե ինչու՝ պատճառները կարող են տարբեր լինել. փաստը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից դժգոհ հասարակությունը ոչ միայն իշխանություններից էր ակնկալում լուծումներ, այլեւ Բիբինին մատնանշում էր որպես ստեղծված իրավիճակի պատասխանատու, սա Մոսկվան համարել է հարված թիկունքից: Մեկ ուրիշ պատճառ է հապշտապ, առանց վերլուծելու իրավիճակը Հայաստանում` ռուսական կողմի համար հավանաբար ամենաձեռնտու տարբերակը՝ Արեւմուտքի «ականջները» տեսնելը ցանկացած իրադարձության հետեւում: Հնարավոր են նաեւ այլ պատճառներ:
Բայց այսօր արդեն էական հարց չէ վերլուծելը, թե ինչու է Մոսկվան այդպես վարվել: Այսօր առավել ուշագրավ է, թե Մոսկվայի վերլուծություններից հետո ինչ մակարդակի վրա են լինելու հայ-ռուսական հարաբերությունները ապագայում:

Հասարակությունն իր գործն արեց ըստ արժանվույն՝ ստիպելով թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի իշխանություններին հաշվի նստել Հայաստանի քաղաքացիների ու նրա ուժի գործոնի հետ: Դա արվեց առանց քաղաքական ուժերի, ու թերեւս դա է պատճառը, որ այսօր շատերը ամեն գնով ձգտում են իրենց ուժերի չափով վարկաբեկել այդ շարժումը, խամրեցնել այն արդյունքները, որոնց հնարավոր եղավ հասնել առանց իրենց մասնակցության: Մի պահ որոշները ձգտում էին իրենց չիրագործած նպատակներին ծառայեցնել շարժումը, բայց ձախողելուց հետո սկսեցին շարժումը իշխանական պրոյեկտ համարել: Ընդ որում, ռուսամետ մեսիջներով, կարծես, միմյանց լրացնում են թե՛ ՌԴ իշխանությունները, թե՛ հայ ռուսամետները:

«Առաջին լրատվական»-ին հարցազրույց է տվել Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, ՀԱԿ-ի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող Սմբատ Կարախանյանը, որն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հայտարարությանը՝ նշում է. «Լավրովը նախազգուշացնում է, որ այսօր արդեն, այսպես ասած, արեւմտամետ ուժերը սկսում են փորձեր անել պայքարը հակառուսական կամ արեւմտամետ դաշտ տեղափոխելու համար: Իհարկե, հաշվի չենք առնում Պարույր Հայրիկյանի՝ Եվրամիության դրոշով Բաղրամյան գալը, դա փոքր էպիզոդ է, բայց ռուսական կողմը տեսնում է, թե նման միտումներն ինչի կարող են հանգեցնել: …Ռուսաստանն այսօր տեղեկություններ ունի, որ արեւմտյան կենտրոններն արդեն մշակում են ծրագրեր, որ այս իրավիճակը, պայքարի այս սլաքը տեղափոխեն ոչ թե հակաիշխանական դաշտ, ոչ թե պայքարեն օլիգարխների կամ կոռուպցիայի դեմ, այլ հեռահարորեն տանեն հակառուսական ուղղությամբ: Եվ Լավրովը ցանկանում էր ասել, որ ՌԴ իշխանությունների մոտ կա նման մտավախություն»: Ըստ Կարախանյանի` Լավրովի խոսքը հստակորեն ուղղված էր արեւմտյան այն կենտրոններին, որոնք մշակել են այդ ծրագիրը եւ Հայաստանում աշխատանք են տանում: «Որոնք աշխատանք են տանում նաեւ այդ ցուցարարների շրջանակներում եւ մտածում են, թե որ հարմար պահին սկսեն: Եվ որ ՀՀ իշխանությունները՝ նույն Բաղրամյան 26-ը, այդ ամենը տակից խրախուսում են»: Այնուհետեւ նա Հայաստանի իշխանությունների, օլիգարխիկ, մենաշնորհային գործիչների «կեղտոտ խաղերն» է բացահայտում. «Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ՀԷՑ-ի հետ կապված կա շատ կեղտոտ կոռուպցիոն պատմություն, բայց առանց իշխանությունների այդ ընկերությունը չէր կարող թույլ տալ, որ որոշ ընկերություններ սպառած էլեկտրաէներգիայի գումարը չվճարեին կամ կոպեկներ վճարեին: Այս դեպքում երկկողմ համաձայնություն է տեղի ունեցել:  Եվ այսօր Ռուսաստանի իշխանությունները, կարող եմ ասել, սկսել են իրենց առանձին փակ հետաքննությունը՝ ե՛ւ «Ինտեր ՌԱՕ»-ի, ե՛ւ «ՌԱՕ ԵԷՍ»-ի, ե՛ւ էներգետիկայի նախարարության, ե՛ւ կառավարական տարբեր օղակների միջոցով»:

Նախ՝ ցնցող նորություն է, որ Մոսկվան Հայաստանում օլիգարխների ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներ է ակնկալում: Հավանաբար, այս մասին միայն Կարախանյանին է հայտնի, որովհետեւ մինչեւ վերջերս ամբողջ աշխարհի համար է պարզ, որ ՌԴ-ի բարեկամներն են հենց օլիգարխների ու կոռուպցիայի դեմ չպայքարող ռեժիմները, իսկ դրանց դեմ իրական պայքարողները Մոսկվան ուղղակի թշնամի է համարում:
Հաջորդը՝ ինչո՞ւ է Կարախանյանը լռում ռուսական կողմի մի քանի զիջումնային քայլերի մասին: Եթե Մոսկվան համարում է, որ հայաստանյան իրադարձությունների հետեւում արեւմտյան ուժերն են կանգնած, ապա ինչպես բացատրել հունիսի 26-ին Սերժ Սարգսյանի եւ ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության միջեւ բանակցությունները եւ դրա արդյունքներով տարածված հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցով հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ-ի համար վճարելու է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Բացի այդ, Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր ստորագրվեց` Հայաստանի ՀՀ Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին ընդլայնելու նպատակով: Գումարած` հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունների գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը:

Պարզ է, թե ինչու ձեռնտու չէ Կարախանյանին խոսել այս մասին, որովհետեւ ակնհայտ կդառնա, որ Հայաստանում հասարակական ակտիվությունը լուծեց մի խնդիր, որոնք երբեք չէին բարձրացնի Հայաստանի «ընդդիմադիրները», որպեսզի չզայրացնեն Կրեմլին: Հետեւաբար, երբ այսօր ակնհայտ է, որ հասարակական ակտիվության արդյունքում Մոսկվան ստիպված գնաց որոշակի զիջումների, այսօր ռուսամետ ընդդիմությունը փորձում է ներկայացնել կատարվածը որպես Արեւմուտքի հովանու տակ կատարվող գործընթաց եւ հակառուսական տրամադրություններին «զարկ տալու» գործում մեղադրում է իշխանություններին, որպեսզի հերթական անգամ գրավի Պուտինի ուշադրությունը՝ նրան հասկացնելով. «Մենք այստեղ ենք, մենք ավելի հավատարիմ ենք, մենք երբեք թույլ չենք տա հասարակությունը դուրս գա ընդդեմ Բիբինի ղեկավարած կառույցի…»:

Այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հավասարը հավասարի հունի վրա դնելու համար ստեղծվել են նշանակալի պայմաններ, դա իրականացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շնորհիվ, եւ խառնակիչ ուժերին պետք չէ թույլ տալ խամրեցնել այն արդյունքները, որոնց հիմքի վրա կարող են լուծում ստանալ թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը, թե քաղաքական առումով` հայ-ռուսական հարաբերությունների ապագան:

Այն ուժերը, որոնք Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն էին համարում եւ անվանում էին «երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներ», զավեշտալի ու համոզված էին, որ նրանք «մարդկանց մտքերը պղտորելուց բացի՝ չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել», այսօր իրենց «վերեւների» առջեւ, հավանաբար, իրենց մեղավոր են զգում, որովհետեւ հավաստիացրել էին, թե Հայաստանի հասարակական ընդվզումները ղեկավարել ու կառավարել կարող են բացառապես իրենք եւ, որ ամենակարեւորն է` մշտապես «գծի մեջ»:

Երկու շաբաթ առաջ եւ «անշրջելիները», եւ Կրեմլին ծառայություններ մատուցողները հասկացան, որ դա այդպես չէ: Հենց այդ պատճառով էլ այսօր պոստ-ֆակտում խմբագրում են հայաստանյան իրադարձությունները՝ ամեն մեկը իր ուժերի ներածի չափով:
Մի փոքր ավելի վաղ, երբ ռուսաստանյան ԶԼՄ-ները Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվություն էին տարածում ու սադրիչ ռեպորտաժներ ներկայացնում, հունիսի 24-ին «Առաջին լրատվական»-ը նույն Կարախանյանին հարցրել էր, թե ՌԴ-ն է փորձում այդպես ցույց տալ, ռուսական ԶԼՄ-ները եւ ոչ պատահական քաղաքագետներն են գրում, թե Հայաստանում գունավոր հեղափոխության փորձ է արվում, Կարախանյանը նշել էր. «Բնական է, դա է ՀՀ իշխանությունների ձեռագիրը: Առաջին օրվանից Ռուսաստանի իշխանությունների լոբբիստները եկել են այստեղ ու ռուսական այս ալիքից այն ալիք ասում էին՝ ցույց տվեք Հայաստանում կատարվածը: Մարդիկ, մեղմ ասած, հռհռում էին: Հայաստանում այդքան դեպքեր տեղի ունեցան, Առաջին ալիքներով ոչ ոք դրանք չէր նշում: Հնարավոր է՝ ցույց էին տալիս, բայց ոչ այսպես աննորմալ ձեւով: Ցանկանում են Ռուսաստանին ցույց տալ, թե այստեղ ծանր վիճակ է, մենք պայքարում ենք Մայդանի դեմ, եկեք հասեք, թե չէ՝ Հայաստանը դառնում է Սաակաշվիլու Վրաստանի նման մի բան: Բայց սա չի նշանակում, որ իրենց պրիմիտիվ ուղեղներով կարող են առաջ գնալ: Բնական է, արեւմտյան ուժերը աշխատում են, ո՞նց կարող են չաշխատել՝ Ռուսաստանի իշխանությունները դա շատ լավ հասկանում են: Պետք է աշխատեն, բա չհնձված դաշտ է…»:

Եթե Կարախանյանի վերոնշյալ դիտարկումները համարենք իրականություն, ապա նրա մեկնաբանություններից կարելի է բխեցնել, որ ՀՀ իշխանությունները Արեւմուտքի թելադրանքով Հայաստանում հասարակությանը ոտքի են հանում, հետո գնում են Մոսկվա` ռուսաստանյան հեռուստաալիքներին պատվիրում են հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ «մայդանային» ռեպորտաժների պատրաստում եւ տարածում, ապա` Կրեմլից հայանպաստ մի քանի որոշումներ են կորզում:
Եթե Կարախանյանի վարկածներին լուրջ մոտենանք, ուրեմն պետք է եզրակացնենք, որ ՀՀ իշխանություններն աշխատում են թե՛ ՌԴ-ի, թե՛ Արեւմուտքի հետ ուղղակի գերազանց: Միայն անհասկանալի է մնում մեկ բան. եթե այսքանը հաջողվում է ՀՀ իշխանություններին իրականացնել Մոսկվայում Կարախանյանի «քթի տակ», ապա ինչո՞վ է նա առհասարակ այնտեղ զբաղված:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031