Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Թող ձերբակալեն. եթե նման նվեր կանեն, մենք պատրաստ ենք ընդունել»

Հուլիս 08,2015 15:00

Դեռ վերջերս Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին բռնություն կիրառած ոստիկաններին պատժելու եւ հոսանքի սակագինը նվազեցնելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ իրենց պայքարը սոցիալական է, քաղաքական չէ, սակայն երեկ ավելի հստակ ընդգծվեց, որ այս շարժումը քաղաքական է:
Օրերս քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Ակտիվիստներն արդեն քաղաքացիական շարժումը վերաձեւում են քաղաքական շարժման, որը լիովին փոխում է շարժման ամբողջ բովանդակությունը եւ ընթացքը: Դա ցույց է տալիս, թե իրականում որ ուժերն են այդ շարժումն իրենց ձեռքում վերցրել: Ե՛վ «Ազատ դեմոկրատները» (այս կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանն էլ է մասնակցում ակցիային-Ն. Բ.), ե՛ւ «Ժառանգությունը» ԱՄՆ-ի պրոյեկտներ են, հովանավորվող կուսակցություններ են: Այսինքն՝ այդտեղից հետեւություն՝ աստիճանաբար այդ շարժումը նրանք տանում են դեպի մայդանացման: Արդեն բացեիբաց նշմարվում են այն «ականջները», որոնք կանգնած են այս ամենի հետեւում, իսկ այս ամենի հետեւում, իրոք, կանգնած են համապատասխան ուժերը՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների»:

«Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության անդամ եւ Բաղրամյան պողոտայի ցույցում բավականին ակտիվ գործունեություն ծավալող Դավիթ Սանասարյանի հետ խոսել էր հուլիսի 5-ին՝ կիրակի օրը, երբ դեռ պողոտան ոստիկանների կողմից չէր բացվել, եւ ակտիվիստները հայտարարել էին, որ մեկ քայլ առաջ են տանելու աղբաման-բարիկադները:

«Ես կազմակերպիչներից չեմ, ես համակարգում եմ հանրային կապերը, այստեղ որոշումներ չեմ կայացնում, որոշումները կայացնում ենք ժողովրդի հետ միասին, ամեն մեկն իր ձայնը կարող է ունենալ, ես էլ: Սա քաղաքացիական շարժում է, որի պահանջները քաղաքական են: Երբեւիցե չի եղել սոցիալական շարժում, երբ գործ ունենք իշխանության հետ, որը քաղաքական որոշում է կայացնելու, մենք մանկապատանեկան հարցեր չենք բարձրացնում: Երբ խնդիրը ՀՀ-ի եւ Ռուսաստանի կազմակերպության միջեւ է, էներգետիկ անվտանգությանն է վերաբերում, խնդիրը քաղաքական է: Այստեղ կուսակցական շարժում չէ, այստեղ կուսակցությունները չեն բեմում, այստեղ ես ՀՀ քաղաքացի եմ»,- ասաց Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ արդեն 1 օր է, ինչ ինքը հայտարարել է մեկ քայլ առաջ նախաձեռնության մասին, որոշ ուժեր փորձում են փնովել իրեն, վարկաբեկել, որպեսզի շարժմանը վնաս հասցնեն, բայց ինքը դա թույլ չի տալու:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պրոյեկտ լինելու եւ շարժումը մայդանացման տանելու մասին քաղաքագետի կարծիքին, Սանասարյանն ասաց, որ հումորով է վերաբերում այդ դիտարկմանը. «Ինքը քաղաքագետ լինելով՝ մեկ-մեկ կարդում եմ իր ասածները, ես էլ կարող եմ ասել՝ ինքը Ռուսաստանի ներկայացուցիչ քաղաքագետ է Հայաստանում: Լուրջ չէ, որեւիցե մեկը չի կարող ասել, որ «Ժառանգությունը» ամերիկյան պրոյեկտ է, դա զրպարտություն է, ես այստեղ քաղաքական ուժ չեմ ներկայացնում, այլ քաղաքացի եմ»:
Երբ հունիսի 28-ին «Ոչ թալանին»-ը լքեց Բաղրամյան պողոտան, հաջորդ օրերին աստիճանաբար ակցիան սկսում էր մարել, օր օրի մարդկանց թիվը նվազում էր, ապա հայտնվեց Սանասարյանը եւ սկսեց ակտիվորեն աշխատել ցուցարարների շրջանում:

Ինչո՞ւ պարոն Սանասարյանը որոշեց ակտիվ գործողություններ ծավալել ակցիայի շրջանակներում, արդյոք փորձում է սրբագրե՞լ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, երբ բազմահազարանոց մարդկանց խմբին ուղեկցեց Ծիծեռնակաբերդ, ու բողոքի ալիքն ավարտվեց ընդամենը աղոթքով, ինչի արդյունքում մարդիկ հիասթափություն ապրեցին, հիմա Սանասարյանը փորձում է վերականգնե՞լ մարդկանց վստահությունն իրենց կուսակցության նկատմամբ, թե՞ այլ նպատակներ ունի կուսակցության ներկայացուցիչը: Այս առնչությամբ Սանասարյանն ասաց, որ ինքը սկզբում պասիվ էր, քանի որ Եվրոպայում էր, բայց այնտեղ էլ Ֆեյսբուք սոցցանցով ակտիվ էր, ընկերների հետ խորհրդակցություն է արել, փորձել է իր աջակցությունը ցույց տալ. «Ես էլ մի մարդ եմ, ով իր կարծիքը հայտնեց, ու շատերը առանց քննելու, պիտի այսպես՝ առանց քննելու լսեն ու առաջ գնային: Բայց ես էլ, լավ իմաստով ասած՝ ունեմ իմ ազդեցության շրջանակը, եւ փորձում էի ասել իմ ընկերներին, որ այստեղ ժողովուրդն է, եւ պետք է լինենք այստեղ: Տղաներն ինձ առաջարկել են՝ արի միասին այս վիճակից դուրս հանենք:

Առաջարկ եղել է, եւ ես այսպես ասած՝ մեղքերս եմ քավել, որ այստեղ չեմ եղել ահագին ժամանակ, վերելքի ժամանակ, հասկացել եմ, որ շատ դժվար պրոցեսի մեջ եմ մտնում, քանի որ որոշակի հիասթափություն կար տակտիկական սխալներից հետո, եւ այդ ամենը հասկանալով, տարբեր վտանգներ հասկանալով՝ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա: Կրկնեմ՝ ես այստեղ կուսակցություն չեմ ներկայացնում եւ որեւիցե մեկին սրբագրելու կարիք չունեմ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պաշտպանվելու ու սրբագրվելու կարիք չունի: Նա արել է այն, ինչ իր համոզմունքն է եղել: Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրվել «Ժառանգության» կողմից, նա ինքնաառաջադրվել է եւ ժողովրդի կողմից է ստացել այդ հավանությունը: Նա հասկացավ, որ արյունահեղություն է լինելու, եւ չցանկացավ արյունահեղության պատասխանատվությունը վերցնել: Հիմա սա Սանասարյանի շարժումը չէ, որ կարողանան ոմանք վարկաբեկել այն»:

Եթե մեր զրույցի սկզբում Սանասարյանը վստահեցրել էր, որ շարժումը քաղաքական չէ, ապա զրույցի ավարտին ասաց, որ իրենք կուսակցական պայքար չեն տանելու, իրենք քաղաքական պայքար են տանելու, կոնկրետ մարտահրավեր են նետելու իշխանությանը, որպեսզի հաջողության հասնեն, եւ հաջորդ քայլն իրենցն է: Եթե բախումներ լինեն ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ, ո՞վ է պատասխանատվություն կրելու, կա՞ նախաձեռնող նոր խմբում մեկը, որն իր ուսերի վրա կվերցնի դա՝ մեր այս հարցին Սանասարյանն ասաց. «Իմ անունից կարող եմ ասել՝ ես պատրաստ եմ, ինչ էլ դնեն իմ ուսերին, բոլորի անունից չեմ կարող ասել: Մենք գնալու ենք նրան, որ բախում չլինի: Չեմ կարծում, թե ուժ կկիրառեն, որովհետեւ գիտակցում են, որ ավելի շատ ժողովուրդ կհավաքվի: Դրա համար ոստիկանությունը պիտի շատ հաշվենկատ լինի եւ չփորձի ուժի կիրառմամբ ժողովրդին հանել: Այդքան քաղաքական ռեսուրս էլ չունեն. իրենք հասել են նրան, որ Եվրոպային համոզել են՝ իբր ժողովրդավար երկիր է, եւ այդ փուչիկը կպայթի, եթե ուժ կիրառեն: Թող ձերբակալեն, ես չեմ կարծում՝ դրանով շարժմանը վնասելու են. եթե նման նվեր կանեն մեզ, մենք պատրաստ ենք նվերն ընդունել, մենք վճռական ենք»:

Նշենք, որ երեկ կեսօրին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց աղբամանները, բողոքի ակցիայի մասնակիցները կրկին ի նշան բողոքի նստեցին պողոտայում, իսկ ոստիկանությունը պողոտան ազատելու նպատակով 43 ակտիվիստների բերման ենթարկեց, որոնց ժամեր հետո առանց վարչական վարույթ կազմելու բաց թողեց:
Երեկ երեկոյան Ազատության հրապարակում ակտիվիստները կրկին հավաքվեցին, Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց եւ վստահեցրեց, որ այն չի դադարեցնի, մինչեւ շատ մարդիկ չմիանան շարժմանը, որպեսզի միասին գնան Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը երեկ արգելեց շարժման մասնակիցներին երթ անցկացնել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031