Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում անձնագրայինի պետն ու նրա աշխատակիցներն էին

Հուլիս 08,2015 14:30

7 ամբաստանյալներից կալանավորված է միայն դատավորի որդին

Էրեբունու անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանությունը դատարանում իրականացնում են երկու փաստաբաններ՝ Ժաննա Կոտիկյանն ու Սիմոն Ամիրխանյանը:

Արտյոմ Սեդրակյանի մայրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավորներից է՝ Իսկուհի Վարդանյանը, որը չի ընդունում որդուն առաջադրված մեղադրանքը, եւ ներկա էր անդրանիկ դատական նիստին:

Վեց հատորանոց գործով մեղադրանքը անձնագրայինի աշխատակիցների դեմ պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունից Էդգար Արամյանը:
Արտյում Սեդրակյանը միակն է ամբաստանյալներից, որի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը:

Մնացածի նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին:
Ա. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով որպես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող պաշտոնատար անձ, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ ոստիկանության պետի 2012թ. նոյեմբերի 14-ի թիվ 4576 Ա հրամանով լիազորված ու պարտավոր լինելով հսկողություն իրականացնել բաժանմունքի ենթակա ծառայողների կողմից իրավական ակտերի պահանջների կիրառման եւ պահպանման, տպագրության ներկայացվող անձնագրերի հիմքերի ձեւակերպման եւ մուտքագրման աշխատանքների նկատմամբ, ՀՀ-ից բացակայող Ա. Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել: Ըստ մեղադրանքի, նա անձամբ Սլոյանի անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլար եւ 2013թ. օգոստոսին ստացել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք:

Իր աշխատակիցներից՝ Սոֆյա Ունուսյանին, նախնական տեղեկատվության համաձայն, կեղծ դիմում լրացնելու, անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար տվել է 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն:

Ս. Ունուսյանը պաշտոնատար անձ չի համարվել, գործում առկա է միայն նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը տվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նշենք, որ Ս. Ունուսյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:

Մեղադրանքի կողմի համաձայն, Ս. Ունուսյանը կազմակերպել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ Ա. Սլոյանի՝ ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու եւ Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես առաջին կարգի մասնագետ՝ Աիդա Սարգսյանն էլ, որի պաշտպանը Ռաֆիկ Սաֆարյանն է, մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, «իր ներկայացրած անձի՝ Ա. Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն է տվել նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գ. Զարգարյանին»:

Գոհար Զարգարյանն աշխատել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում, որպես առաջին կարգի մասնագետ:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, նա պետի հանձնարարությամբ նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ Ա. Սարգսյանից ստացել է 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, «օժանդակել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակով պաշտոնեական կեղծիք կատարելուն»:
Վահագն Մելքոնյանի պաշտպանությունն իրականացնելու է փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Ամբաստանյալ տեսուչն էլ անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ազգությամբ եզդի Նավո Սլոյանը հանրային պաշտպան պահանջեց, քանի որ ասաց, թե չունի գումար փաստաբանին վճարելու համար: Փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանն առարկեց, ասելով, թե իրենց տվյալներով՝ պարոն Նավոն ունի հնարավորություններ փաստաբանին վճարելու համար, սակայն մեկ այլ պաշտպան՝ Գագիկ Խաչիկյանն էլ, որը իրականացնում է Գոհար Զարգարյանի պաշտպանությունը, ասաց, թե պետք է ամբաստանյալի իրավունքները պաշտպանել:
Դատարանը բավարարեց Ն. Սլոյանի խնդրանքը: Ըստ գործի նյութերի, տարեց Ն. Սլոյանն իր թոռան՝ Ալբերտ Սլոյանի՝ ՀՀ-ում չգտնվելու եւ անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, ՀՀ քաղաքացու անձնագիր հատկացնելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Ա. Սարգսյանի միջոցով նշված բաժանմունքի պետ Ա. Սեդրակյանին տվել է 4500 ԱՄՆ դոլոր կաշառք եւ իրացրել է ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ՝ կեղծ հիմքերով թոռան անվամբ տպագրված կեղծ անձնագիրը:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատական նիստը նշանակեց օգոստոսի 5-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031