Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է մեր ժողովրդի մեղքը

Հուլիս 08,2015 14:00

ՀՀ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման երեք «հիմնավորումների» մասին

ՀՀ կառավարող այրերից՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից, վարչապետ Հովիկ Աբրահամյանից եւ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից բազմաթիվ անգամներ լսել ենք այն մասին, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար կա երեք հիմնավոր պատճառ։ Թվարկենք եւ մենք այդ «հիմնավոր պատճառները» եւ տեսնենք, թե դրանք որքանով են հիմնավոր։ Նշենք նաեւ, որ մենք էներգետիկայի գծով մասնագետ չենք, բայց առողջ դատողությունը հուշում է, որ դրանցից ոչ մեկն էլ հիմնավոր չէ (շարադրենք մեր տեսակետը)։

Առաջին «հիմնավոր» պատճառն այն է, որ «տարին սակավաջուր է եղել» եւ հիդրոէլեկտրակայաններն ամբողջ հզորությամբ չեն աշխատել ու նախագծված քանակի էլեկտրաէներգիա էլ չեն արտադրել։ Ասացեք, խնդրեմ, հարգարժան ընթերցողներ՝ ինչո՞վ է մեղավոր մեր ժողովուրդը, որ տարին սակավաջուր է եղել։ Արդյոք նրանո՞վ, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ՝ մեծից-փոքր, դույլերով ջուր չի հավաքել եւ էլեկտրակայաններին հրամցրել, թե նրանով, որ պարոն Բիբինի անհիմն պատճառաբանությանը չի պատասխանել հավուր պատշաճի։
Այս հարցի վերաբերյալ բերենք մեր հիմնավորումները:

Առողջ դատողությունն ասում է այն մասին, որ ՀՀ բաշխիչ ցանցերի կազմակերպությունը, հանձին նրա տեր ու տնօրեն պարոն Բիբինի, պետք է, որ պայմանագրեր կնքած լիներ յուրաքանչյուր էլեկտրակայանի ղեկավարության հետ, թե՝ որքան էլեկտրաէներգիա պետք է գնի այդ էլեկտրակայանից, որքան ժամանակ եւ ինչ գնով։ Իսկ տվյալ էլեկտրակայանն էլ պետք է, որ հիմնավոր հաշվարկ ունենար իր էներգիայի ինքնարժեքի մասին (հիդրոէլեկտրակայանները ստույգ տվյալներ են ունենում այն մասին, թե քանի տարին մեկ է սակավաջուր լինում Հայաստանում. այդ տվյալները շատ հեշտությամբ ձեռք են բերվում Հայաստանի «Հիդրոմետ» ծառայությունից եւ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հաշվարկման գործում կիրառվում են նաեւ այդ՝ սակավաջուր, տարիների վնասները)։ Հետեւապես, սակավաջրությունը վնասում է էլեկտրաէներգիա արտադրողին, բայց ոչ բաշխիչ ցանցերին եւ էլեկտրաէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանների պատճառաբանություններն էլ սակավաջրության վերաբերյալ հիմնավոր լինել չեն կարող՝ վերը նշված մեր բացատրության համաձայն։ Սակավաջրության պատճառաբանությամբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման վերաբերյալ պահանջներ կարող են ներկայացնել, եթե դրա իրավունքն ունեն, միայն ու միայն էլեկտրաէներգիա արտադրողները, բայց ոչ բաշխիչ ցանցերը։

Երկրորդ «հիմնավոր» պատճառն էլ այն է, որ «դոլարն արժեւորվել է, իսկ դրամը՝ արժեզրկվել»։ Հարց. ի՞նչ է, մեր բնակչությունն իր աշխատավարձն ու կենսաթոշակը դոլարո՞վ է ստանում, թե՞ արժեւորված դոլարը ստանում է, իսկ էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարումները կատարում է արժեզրկված դրամով։ Մեր բնակչությունն իր աշխատավարձն ու կենսաթոշակը ստանում է արժեզրկված դրամով եւ դրամով էլ կատարում է իր բոլոր վճարումները՝ առանց արժեզրկված դրամի դիմաց ամենաչնչին ինդեքսավորման։ Էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին՝ գնված էլեկտրաէներգիայի դիմաց, բաշխիչ ցանցեր կազմակերպությունն իր վճարումները եւս կատարում է արժեզրկված դրամով, հետեւապես այն մեր ժողովրդից որեւէ պահանջ ունենալ չի կարող։ Ո՞րն է այստեղ մեր բնակչության մեղքը, պարոնայք կառավարության անդամներ («Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից եք կապում»)։

Երրորդ «հիմնավոր» պատճառն էլ այն է, որ ՀՀ ատոմակայանը 80 օր կանգառ է ունեցել պլանային նորոգման համար։ Այստեղ առաջանում է մեկ հիմնավոր հարց՝ որ ատոմակայանը պետք է կանգներ պլանային նորոգման, այդ մասին գիտե՞ր պարոն Բիբինը, թե՞ չգիտեր։ Չէր կարող չգիտենալ, թե երբ եւ որքան ժամանակով է դադարեցվելու ատոմակայանի գործունեությունը։ Գիտեր նաեւ այն, թե այդ 80 օրը ո՛ր էլեկտրակայանից, կլինի դա հիդրո, թե ջերմաէլեկտրակայաններից, որքան եւ ինչ գնով է ձեռք բերելու դադարեցվող ատոմակայանի էներգիային փոխարինող էլեկտրաէներգիան։ Գիտեր պարոն Բիբինը եւ գիտեր իր ողջ անձնակազմը։ Եթե չգիտեր պարոն Բիբինը, ուրեմն, մեղմ ասած, նա խելոք մարդ չէ, իսկ եթե գիտեր եւ այդ բոլորը հաշվառված էր էլեկտրաէներգիայի գնի մեջ, սակայն նա ձգտում է մեր ժողովրդից հավելյալ դրամներ շորթել, ուրեմն նա խաբեբա է եւ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ (կարծում ենք՝ պատասխանատվությունից խուսափելու համար պարոն Բիբինը կարող է «չքմեղ» ձեւանալ. այդ պարագայում մեր ժողովրդից պլանավորված թալանի համար պահանջվող գումարները պետք է գանձել պարոն Բիբինից)։

Այժմ, ասացեք խնդրեմ, ո՞րն է մեր ժողովրդի մեղքը եւ ինչո՞ւ պետք է տուժի մեր աղքատ բնակչությունը։

ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031