Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահպանել է պետք եղածը, հետո առաջ տանել»

Հուլիս 08,2015 13:30

Նորանշանակ դեկանը՝ կոնսերվատորիայի ռեկտորի ցանկության, ուսումնական ընթացքի եւ Գեղամ Գրիգորյանին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու մասին:

Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանին (լուսանկարում), որի ստեղծագործական կարիերան սկսվել է 1990-ականների սկզբից, հանդիպում ենք տարբեր պետական կոլեկտիվներ ղեկավարելիս՝ Երիտասարդական, Ֆիլհարմոնիկ, Կամերային, օպերային թատրոնի նվագախմբեր, երգչախմբեր: Թեեւ «Առավոտի» հանդիպումը դիրիժորի հետ նպատակ ունի ներկայացնել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նրա՝ օրերս ստանձնած նոր պաշտոնը, այն է՝ վոկալ տեսական ֆակուլտետի դեկանի, այդուհանդերձ, հիշեցնենք, որ Ռուբեն Ասատրյանը վերջին շրջանում Ազգային օպերային թատրոնում իբրեւ բեմադրիչ դիրիժոր իրականացրել է Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», իսկ Շուշիում՝ Տերտերյանի «Կրակե օղակ» բեմադրությունները:

Մեզ հետ զրույցում Ռուբեն Ասատրյանն ասաց, որ կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետն ամենամեծն է, որտեղ ընդգրկված է 12 ամբիոն, այդ թվում՝ կոմպոզիցիայի, խմբավարության, երաժշտության տեսության, ժողնվագարանների, ջազ-էստրադային եւ այլն: Ասաց նաեւ, որ նշյալ պաշտոնում է նշանակված օրերս կայացած մրցույթի արդյունքում:

Ռուբեն Ասատրյանի՝ կոնսերվատորիայում իբրեւ դասախոսի գործունեությունը հաշվվում է շուրջ 15 տարի: Նա դասավանդում է նվագախմբային վարպետություն, օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն: Իսկ որպես դեկան ի՞նչ ժառանգություն է ստացել հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Շուրջ 20 տարի ֆակուլտետը ղեկավարում էր պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: Ընդունել եմ բավականին լավ կազմակերպված համակարգ, ինչն այդպես էլ պետք է լիներ, քանի որ պարոն Ղազարյանը բարձրակարգ մասնագետ է եւ, ինչպես գիտեք, նա նաեւ երաժշտական ընկերության նախագահն է: Նշեմ նաեւ, որ ընկերության եւ կոնսերվատորիայի համագործակցության արդյունքում, բնականաբար՝ մշակույթի նախարարության աջակցությամբ, անցկացվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ երաժշտարվեստի տարբեր ոլորտների հանրապետական մրցույթներ»: Հավելեց նաեւ, որ իր համար բարդ կլինի, որովհետեւ նախ պահպանել է պետք եղածը, հետո առաջ տանել:

Ռուբեն Ասատրյանը վոկալ տեսական ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարել է 8 ամիս, հետեւաբար խնդրեցինք ներկայացնել այդ ժամանակահատվածը: «Առաջընթացը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ակնառու է: Ճիշտ, խելացի ու բաց տնտեսավարության շնորհիվ հունվարից բարձրացավ դասախոսների աշխատավարձը, իսկ վերջին 3 տարիների ընթացքում պետպատվերների տեղերը ավելացան 30%-ով: Մասնավորապես՝ մագիստրատուրայում սովորողների համար, որոնց տեղերն ավելացել են եւս 10%-ով: Ամենամեծ ձեռքբերումը կամ տեղաշարժը այն է, որ այս տարի ավելացել է դիմորդների քանակը՝ 144-ի փոխարեն՝ շուրջ 200»,- հայտնեց պարոն Ասատրյանը: Հատուկ շեշտեց, որ կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի առաջարկով եւ հրահանգով կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան այլեւս պետք է հանդիսանա ուսումնական պրոցեսին ծառայող համակարգ: Փաստեց, իր խոսքերով՝ «վերջին մի քանի ամիսների ընթացքում թռիչք տեղի ունեցավ՝ վերջերս օպերային ստուդիայի Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի բեմադրությունը, որ իրականացվել էր բացառապես ուսանողների ուժերով (նվագախումբ, երգչախումբ, մեներգիչներ), մասնագետների կողմից ընդունվեց միանշանակ բարձր գնահատականով, իսկ Ռոզինայի դերերգով հանդես եկած բակալավր 3-րդ կուրսի ուսանող Մանե Գալոյանը (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) օրերս ավարտված հեղինակավոր Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացավ բրոնզե մեդալի»:
Հետաքրքրությանը, թե իր համերգային-հյուրախաղային գործունեությանը չի՞ խանգարի պաշտոնը, Ռուբեն Ասատրյանը հայտնեց, որ կոնսերվատորիայի ռեկտորը հենց այդ առիթով օրերս նշել է, թե կարեւորում է եւ ցանկալի է, որ դասախոսը զբաղվի նաեւ համերգային գործունեությամբ: Փաստեց նաեւ կոնսերվատորիայի մյուս երկու ֆակուլտետների դեկանների՝ ճանաչված երաժիշտներ, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի եւ դաշնակահար Արմեն Բաբախանյանի ղեկավար աշխատանքին զուգահեռ բեմական ստեղծագործական բուռն գործունեությունը:

Օգտվելով նորանշանակ դեկանի հետ հանդիպման հնարավորությունից, խնդրեցինք հայտնել իր կարծիքը Ազգային օպերային թատրոնում նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մասին: «Այս տարի պարոն Գրիգորյանը հրավիրված էր վոկալիստների ավարտական քննություններին՝ իբրեւ ժյուրիի նախագահ: Քննություններն անցան խաղաղ, հաճելի էր լսել ճանաչված օպերային երգչի դրվատանքի խոսքերը որոշ երիտասարդ վոկալիստների հասցեին: Պետք է նշեմ, որ Գեղամ Գրիգորյանի՝ նախկինում իբրեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում խաղացանկում եղել է ավելի քան 20 ներկայացում: Նրա վերադարձը թատրոն, գտնում եմ եւ համոզված եմ, որ կարող է լինել դիալեկտիկայի շրջապտույտ. մեծ փորձ ունեցող արվեստագետը, որին լավ ճանաչում եմ, իր իմաստնությամբ եւ ոչ միայն, թատրոնը կբարձրացնի, ի վերջո հանրապետության գլխավոր մշակութային օջախին բերելով միջազգային ճանաչման: Նաեւ ոչ միայն ես, այլեւ կոնսերվատորիայի կոլեգաներս նույնպես ակնկալում են սերտ համագործակցություն օպերային թատրոնի եւ մեր ստուդիայի միջեւ»,- ասաց Ռուբեն Ասատրյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031