Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու ընդունվել ճեմարան

Հուլիս 08,2015 12:30

«Տատիկս մեծ հավատք ուներ, երբ փոքր էի, ինձ համար միշտ կարդում էր մանկական Աստվածաշունչը, ինձ էլ պատվիրում էր կարդալ քնելուց առաջ, հետո այն գլխիս տակ դնում: Չորս տարեկանում էլ, երբ մեկ շաբաթ կոմայի մեջ էի, Աստծո նախախնամությամբ, աղոթքի շնորհիվ կարողացա ողջ մնալ: Եվ հիմա շնորհակալ եմ տատիկիս: Իր ցանած սերմերը սկսեցին պտուղ տալ եկեղեցի հաճախելուց հետո. աստիճանաբար իմ մեջ հոգեւոր գիտակցություն արթնացավ»,- պատմում է Արմանը, ով արդեն մեկ տարի է`սպասավորում է Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցում: Այս կարճ ժամանակահատվածում, ինչպես ինքն է նշում, կարողացել է կայանալ, գտնել ինքն իրեն եւ հստակ որոշել է Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվել, եկեղեցականի ուղին ընտրել:
Արմանը վեց տարի զբաղվել է կարատեով, հաջողությունների հասել այս ասպարեզում, սակայն հոգեւորականների հետ ծանոթությունն ու շփումը մեծ փոփոխություններ են բերել նրա կյանքում. «Ընդգրկվեցի Արարատյան հայրապետական թեմում, մասնակցում էի միջոցառումներին: Դրանք, ինչպես նաեւ եկեղեցական արարողություններին մասնակցելը, կարատեի հետ միասին իմ առօրյայի անբաժան մասը դարձան:

Հոգեւոր կյանքը մեծապես հետաքրքրեց ինձ, սկսեցի ծառայել եկեղեցում`շապիկ հագնել, մասնակցել պատարագներին, ժամերգություններին, գիտելիքներ ձեռք բերեցի հոգեւոր ասպարեզում: Սկսեցի գնահատել հոգեւորականի դերը, իսկ մեր քահանայի հետ զրույցների շնորհիվ իմ մեջ մեծ փոփոխություններ նկատեցի. առաջ մի փոքր ագրեսիվություն կար իմ մեջ, հիմա հանգիստ եմ մտածում, կյանքին այլ տեսանկյունից եմ նայում: Այս ամենը նպաստեց, որ ճեմարան գալու որոշում կայացնեմ»: Սկզբում կարատեիստ ընկերների համար անսովոր ու զարմանալի էր Արմանի որոշումը. «Բայց հետո լավ ընդունեցին, կատակով ասացին, որ կգան, կմկրտեմ իրենց: Մեր հոգեւոր հովվի հետ ծանոթանալուց հետո իրենք եւս փոխեցին իրենց (գուցեեւ վատ) կարծիքը»:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) ՀՀ կառավարության կողմից ճանաչված բարձրագույն կարգավիճակով ուսումնական հաստատություն է` բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերով: Այն բազմակողմանի` հոգեւոր, աստվածաբանական եւ հայագիտական կրթություն է տալիս, ուսուցանում են լավագույն մասնագետները` 43 աշխարհական եւ 28 հոգեւորական դասախոսներ: ԳՀՃ-ում գործում են Աստվածաբանության, Պատմական աստվածաբանության եւ հումանիտար առարկաների ամբիոնները: Նախորդ տարի Աստվածաբանության ամբիոնում ավելացել է Գործնական աստվածաբանության հոսքը, որը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնել հովվական գործառույթին: «Այն հիմնարար կերպով սովորեցնում է, թե ինչպիսին պետք է լինի հովիվը, որն է նրա գործը, ինչ պետք է անի համայնքի ներսում»,- նշում է Գործնական աստվածաբանության հոսքի գործավար-քարտուղար Գագիկ սարկավագ Հովհաննիսյանը: Նա շեշտում է հովվի հոգեբանական պատրաստվածությունը` մարդու հետ աշխատելու, նրան հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար. «Այդ պատճառով հոսքի մեջ գերակայում են հոգեբանական ուղղվածության առարկաները` հովվական հոգեբանություն, հովվական մարդաբանություն, կիրառական հոգեբանություն, անձի հոգեբանություն եւ այլն»:

Ճեմարանականները նաեւ հնարավորություն ունեն գործնականորեն կիրառելու ստացած գիտելիքները: Նրանք ուսման ընթացքում պարբերաբար այցելություններ են կատարում հիվանդանոցներ, տարբեր հ/կ-ներ, մանկատներ, ամառային արձակուրդներին` նաեւ ճամբարներ: Այս ամենն ապագա հոգեւորականներին տարբեր համայնքների հետ շփվելու, համայնքային կյանքին, դրա խնդիրներին իրազեկ լինելու, հովվական կյանքի փորձառություն ձեռք բերելու հնարավորություն է տալիս: «Հայ եկեղեցու առաջ բազում խնդիրներ կան, որոնք լուծվում են միայն հովվական գործի միջոցով: Համայնքը հոգեւորականի, նրա ներկայության պակաս ունի: Ժողովուրդը պետք է հոգեւորականին տեսնի ոչ միայն եկեղեցական արարողություն կատարելիս, այլեւ իր կողքին, իր հետ խոսելիս: Մարդու հետ աշխատելը բարդ, պատասխանատու, բայց եւ քաղցր է»,- ասում է Գագիկ սարկավագը: «Հոգեւորականի շնորհիվ մարդը կարող է դուրս գալ հուսահատ վիճակից, նաեւ գիտակցել, որ փրկությունը միայն եկեղեցում է: Եկեղեցականը պետք է կարողանա մարդուն ետ պահել վատ սովորություններից, սխալ ճանապարհից: Այսօր մենք հոգեւորականների պակաս ունենք, ուզում եմ հոգեւորական դառնալ, օգնել մեր եկեղեցուն, իմ ջանքը դնել, որ քչանան աղանդավորները եւ կարողանանք ամրացնել մեր երկիրը»,- իր հերթին նշում է Արմանը:

ԳՀՃ-ում ուսման տեւողությունը վեց տարի է: Ճեմարանավարտ առաջադեմ ուսանողներն ուղարկվում են մասնագիտական առավել խորը կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում: Ճեմարանում կրթությունն անվճար է, ուսանողներն ապահովվում են կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով: Ներկայումս ճեմարանի` առաջինից վեցերորդ լսարաններում ուսանում է 106 ուսանող: «Ընտանիքիս անդամները սկզբում երկմտում էին, թե կարո՞ղ եմ վեց տարի «դիմանալ» ճեմարանում, բայց այստեղ գալուց ու ճեմարանը տեսնելուց հետո փոխեցին իրենց կարծիքը»,- նշում է Արմանը: Նա արդեն հոգեբանորեն պատրաստ է` հարմարվելու գիշերօթիկ հաստատության պայմաններին. «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ սիրում ես քո գործը: Ինձ դուր է գալիս այս ասպարեզը: Կարատեի պարապմունքների ժամանակ եւս սկզբում պարտություններ եղել են, բայց դրանց հաջորդել են հաղթանակները: Ճեմարան ընդունվելիս էլ գուցե սկզբում խոչընդոտներ լինեն, էլի կհաղթահարեմ, էլի լավ կլինի»:

Արմանն այժմ մյուս դիմորդների հետ միասին հաճախում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում կազմակերպվող նախապատրաստական դասընթացներին, որոնք անցկացվում են ընդունելության համար անհրաժեշտ բոլոր առարկաներից: Դրանք դիմորդներին օժանդակելու նպատակ ունեն եւ հնարավորություն են տալիս ամռանն անվճար պատրաստվելու ընդունելության քննություններին: Դասընթացները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 23-ը, որը նաեւ ԳՀՃ-ի դիմումների ընդունման վերջին օրն է: Ընդունելության քննությունները կսկսվեն օգոստոսի 24-ից:

ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031