Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Փողոցը պետք է փակես ոչ միայն մեխանիկորեն, այլ պիտի փակես` դրա մեջ բովանդակություն դնելով»

Հուլիս 07,2015 20:54

«Երբ լսեցինք, որ ոստիկանությունը 12:30 պատրաստվում է ազատել Բաղրամյան պողոտան, ես եւ իմ գործընկերները` Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը գնացինք այնտեղ»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով դեպքերի ականատեսի կարգավիճակով ներկայացրեց իր տեսածը. «Ոստիկանությունը հատուկ միջոցներ չկիրառեց: Իրենք պարզապես գրկելով ցուցարարներին, տեղափոխում էին մեքենաներ: Երբ նրանց տեղափոխում էին մեքենաներ, ես զրուցում էի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, նա հավաստիացրեց, որ ցուցարարների նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվելու եւ ամենաուշը երեք ժամից ազատ կարձակվեն: Որքան տեղյակ եմ, երեք ժամից հետո նրանք ազատության մեջ են եղել»:

Տիկին Զոհրաբյանն արդեն այս ընթացքում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի վերաբերյալ իր դիտարկումներն ունի: Նա նկատում է, որ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ձեւավորված շարժումը պառակտվեց, եւ այն հատվածը, որը գտնվում էր Բաղրամյան պողոտայում,  այդ ժամանակից ի  վեր չուներ միասնական օրակարգ:

«Փողոցը պետք է փակես ոչ միայն մեխանիկորեն, այլ պիտի փակես `դրա մեջ բովանդակություն դնելով:  Երբ որ ցուցարարներն անընդհատ ասում էին՝ սա սոցիալական շարժում է եւ չպետք է այն քաղաքականացնել, անկեղծ ասած ինձ համար նման հայտարարությունը հասկանալի չէր, որովհետեւ սոցիալական բոլոր կարգի  խնդիրները մեկ լուծում ընդամենն ունեն. դրանք քաղաքական դաշտում են: Այլ լուծում, այլ դաշտում՝ ինձ համար ուղղակի գոյություն չունի,- ասում է տիկին Զոհրաբյանը եւ ցավում, որ շարժումը պառակտվեց,- «Ես ցավում եմ, որ սոցիալական խայտառակ անարդարության դեմ ձեւավորված երիտասարդների շարժումը, ազնիվ, անկեղծ ընդվզումը պառակտվեց, եւ երկու կողմերն սկսեցին իրար հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնել, ընդհուպ այն աստիճանի, որ ուղղակի հնարավոր չէր հասկանալ, թե որտեղ քանի խմբավորում կա, եւ խմբավորումներից յուրաքանչյուրն ինչ շահ եւ նպատակներ է հետապնդում, բայց ես նաեւ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հպարտ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդներ, ովքեր պատրաստ են պայքարելու իրենց իրավունքների համար»:

Նաիրա Զոհրաբյանը բազմիցս նշել է եւ այս անգամ էլ կրկնում է, որ պատգամավորները Բաղրամյան պողոտայում էին միայն բախումներ թույլ չտալու համար. «Բոլոր այն պատգամավորները, որոնք այնտեղ էին, չփորձեցին խառնվել երիտասարդների օրակարգին՝ եւ մեկ նպատակ էին հետապնդում՝ բացառել բախումները: Մենք եւս՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներս, մեկ նպատակով էինք Բաղրամյան պողոտայում՝ բախումներ թույլ չտալու համար»,- ասում է նա:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո շարժումը պետք է կարողանար ինքնակազմակերպվել, վերակազմակերպվել:  «Պետք է կարողանար վերակազմավորվել, կարողանար մշակել հստակ միասնական օրակարգ՝ հստակ պահանջներով: Իսկ որ շարժումը տանում էին մաշելու, ակնհայտ էր. ոստիկանության՝ ուժ չգործադրելու մարտավարությունը միտված էր դրան, իրենք շատ լավ հաշվարկեցին, որ չկա միասնականություն, չկա  միասնական օրակարգ, որ հնչում են անհասկանալի հայտարարություններ, թե շարժումը  չպիտի քաղաքականցվի եւ լուծումները չպետք է փնտրել քաղաքական դաշտում: Ես այստեղ պետք է համաձայնեմ Աշոտ Բլեյանի այն հայտնի հայտարարության հետ, որ եթե պահանջատեր փողոցը քաղաքականացված չէ, ուրեմն քուչա է: Այս ամենը բերեց նրան, որ շարժումն ուղղակիորեն մարեց, եւ ոստիկանները առանց բիրտ ուժ գործադրելու կարողացան բացել Բաղրամյան պողոտան»,- ասում է տիկին Զոհրաբյանը:

Նա  համարում է, որ ժամանակը ցույց կտա՝ արդյոք  այն երիտասարդները, որոնք տեղափոխվեցին Ազատության հրապարակ, կկարողանա՞ն ձեւավորել միասնական օրակարգ, կկարողանա՞ն միմյանց  հասցեին բավական լուրջ մեղադրանքներ հնչեցնելուց հետո միավորվել, վերակազմավորվել, հստակ ձեւակերպել  իրենց պահանջները: Ինքը ամեն դեպքում այս հարցի պատասխանը դեռ չունի. «Ինձ համար այս պահին տեսանելի է քաոտիկ իրավիճակ: Այլ իրավիճակ այս պահին ինձ համար տեսանելի չէ,- ասում է տիկին Զոհրաբյանը, ավելացնում, – «Ես շատ կուզենամ, որ երիտասարդները, որոնք իսկապես ազնիվ մղումով դուրս եկան պայքարի՝ խայտառակ կողոպուտի եւ թալանի դեմ, կարողանան հստակ օրակարգ ձեւավորել, կարողանան հասկանալ, որ սոցիալական հարցերը չքաղաքականացնելը ճիշտ եւ գրագետ հայտարարություն չէ եւ չփորձեն միմյանց մեջ սադրիչներ, դավաճաններ եւ այս կամ այն ուժի ականջներ փնտրել»:

ԲՀԿ կուսակցության ղեկավարը կարծում է, որ այս պահին կարեւոր է, որ  երկխոսություն լինի տարբեր  ճամբարների հայտնված երիտասարդների միջեւ. «Որոնք միմյանց  ներկայացնում են բավական լուրջ մեղադրանքներ: Երկխոսությունը պետք է տեղի ունենա նրա՛նց մեջ, իրե՛նք պետք է կարողանան հստակեցնել իրենց հետագա քայլերը, հետագա ռազմավարությունը, իսկ հետո մտածել հաջորդ քայլերի մասին»,- ասում է տիկին Զոհրաբյանը:

Մեր հարցին՝ արդյոք իրատեսական էր, որ ձեւավորված շարժման արդյունքում կչեղարկվեր  էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, ԱԺ պատգամավորը պատասխանում է,- Ես ինձ միշտ համարել եմ պրագմատիկ քաղաքական գործիչ. ես դա իրատեսական չեմ համարում»:

Տիկին Զոհրաբյանն այսուամենայնիվ արձանագրում է, որ շարժումն արդեն իսկ դրական արդյունք տվել է: «Սա երկրորդ անգամն է,  հիշում ենք տրանսպորտի թանկացման դեմ պայքարը: Ամբողջ աշխարհը տեսավ, որ   Հայաստանում կան իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ: Ես այդ օրերին Ստրասբուրգում էի, եւ եվրոպացի մեր պատգամավորները հետեւում էին, թե ինչպես են հայ երիտասարդները պայքարում իրենց իրավունքների համար: Միայն այն, որ  ձեւավորվում է առողջ քաղաքացիական հասարակություն, արդեն ես համարում եմ այս շարժման կարեւորագույն արդյունքներից մեկը»,- ասում է նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հրաչ says:

    <> Տպավորություն է ստեղծվում, որ այլ երկրի բնակիչներ են գնահատական տալիս: Ուսուցողական անհողդողդ տոնը… Տիկին և պարոն չէք? լսել <> Պատկերացնում եք? ինչ կստացվի, եթե նույն կեցվածքով գնահատական տրվի ԲՀԿ-ին, թեկուզ դաշնակցությանը, կամ մյուսներին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031