Այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը փոքր-ինչ լարված է: Անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունից հետո, թե պետք է իրազեկման երթ կազմակերպել մայրաքաղաքի փողոցներով, ցուցարարները շարժվեցին, սակայն նրանց դեմ-հանդիման դուրս եկան ոստիկանության ներկայացուցիչները՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ: Վերջինս հայտարարեց, որ երթ թույլ չեն տալու:
Ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց, որ Սահմանադրությամբ և օրենքով ցուցարարներն իրավունք ունեն խաղաղ երթ անցկացնելու:
Սակայն Օսիպյանը հակադարձեց, որ Ղուկասյանը սխալ է մեկնաբանում օրենքը:
Կարդացեք նաև
Ղուկասյանն առաջարկեց Ազատության հրապարակ հրավիրել մարդու իրավունքների պաշտպանին՝ հարթելու օրենքի մեկնաբանության հարցում առաջացած վեճը: Եվ ըստ այդմ որոշել՝ ցուցարարներն այս պահին իրավունք ունե՞ն երթ կազմակերպելու, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ Օսիպյանն ասաց. «Պարոն Ղուկասյան, բախման մի տարեք»:
Ա. Ղուկասյանի փոխանցմամբ՝ ցուցարարներն այս պահին սպասում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ