Քիչ առաջ, Ազատության հրապարակում, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նոր նախաձեռնող խմբի անդամները երկարատեւ քննարկումից հետո հայտարարեցին, որ հաջորդ հանրահավաքը կկայանա հինգշաբթի օրը, ժամը 19.00-ին:
Հրապարակում հավաքված սակավաթիվ մարդիկ ծափերով ընդունեցին այդ որոշումը: Նաեւ հայտարարվեց, որ «բարիկադները պահող տղաները» կմնան Ազատության հրապարակում: Նրանք հավաքվածներին կոչ արեցին միանալ իրենց:
Այնուհետեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկար բացատրում ու համոզում էր նախաձեռնողներին, որ հաջորդ հանրահավաքն անցկացնեն ոչ թե հինգշաբթի օրը, այլ երեքշաբթի`վկայակոչելով հավաքների եւ երթերի ազատության մասին ՀՀ օրենքը, համաձայն որի իրազեկումը լիազոր մարմնին պետք է ներկայացվի ոչ շուտ քան երեսուն օրը եւ ոչ ուշ, քան յոթ օրը: Նախաձեռնող խմբի անդամները եւ Վալերի Օսիպյանը երկար բանավիճում էին այս հարցի շուրջ:
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանը հորդորում էր նրանց`գործել օրենքի շրջանակում եւ տեղեկացրեց, որ հինգշաբթի հավաքվելու պարագայում անօրինական հավաքին ոստիկանությունը չի խոչընդոտի, քանզի երթեւեկությանը խանգարելու խնդիր չկա, բայց հինգշաբթի օրն էլ թույլ չեն տալու երթ անցկացնել:
Մինչ նրանք վիճում էին այս հարցի շուրջ, Ազատության հրապարակում հավաքված սակավաթիվ մարդկանց մի մասն էլ հեռանում էր: Մնացածներն էլ վիճում էին նախաձեռնողների հետ, որ իրենց «անտեր» են թողել Օսիպյանի հետ են զրուցում: Հնչեցին նաեւ «Օսիպյան հեռացիր» վանկարկումներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ