«Շարունակելու ենք պայքարը: Մեզ հանեցին Բաղրամյանից, բայց խոսք եմ տալիս, որ մենք լինելու ենք Բաղրամյանում»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքի ընթացքում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Ըստ նրա՝ ոստիկանները, իշխանությունը լուրջ վախեցել են: «Ինչքան ստորաբաժանում ունեն, Օպերայի տարածքում են: Մենք այնպես պետք է անենք, որ այդ ստորաբաժանումները հալումաշ լինեն: Այստեղ պետք է մի ոտքի տեղ չլինի: Իշխանությունները վախեցան եւ շոգին կիրառեցին բռնություն»:
Սանասարյանը նաեւ ասաց, որ որոշել է սկսել հացադուլ: Քաղաքացիները բղավեցին «ոչ», «պետք չէ», սակայն Դավիթ Սանասարյանը տեղի չտվեց եւ ասաց. «Իմ հացադուլն ուղղված չէ իշխանություններին: Այն ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Իմ բողոքն եմ արտահայտում եւ բոլորին հրավիրում եմ այստեղ: Եվ հացադուլը կդադարեցնեմ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները կլինեն այս հրապարակում, եւ միասին կգնանք Բաղրամյան փողոց»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ