Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով մեր հանրապետությունում վերջին օրերին կատարվող իրադարձությունները՝ ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական-հասարակական թատերաբեմ նոր սերունդ է մտել, որը չի հանդուրժում ներկայիս խաղի կանոնները: Ըստ նրա, իշխանություններն ուզեն, թե չուզեն՝ այս ուժի հետ հաշվի են նստելու, այլապես կարժանան Յանուկովիչի ու մնացած լիդերների բախտին:
Ազգագրագետի կարծիքով, այս պարագայում զիջողությունների պիտի գնան իշխանությունները, քանի որ նոր սերունդն անզիջում է, նա պայքարում է օրինական, իրավական պետություն ունենալու համար, հետեւաբար եւ իշխանությունները չպիտի հրահրեն, սրեն նրանց հետ հարաբերությունները, հակառակ դեպքում դա կարող է մեր հանրապետության համար ճակատագրական հետեւանքներ ունենալ:
«Այն, ինչ վերջին 10-20 օրվա ընթացքում մեր հանրապետությունում տեղի ունեցավ, դեռեւս ժամանակ է պետք վերլուծելու ու գնահատական տալու, բայց երբ հարցը դիտարկում ենք այն տեսանկյունից՝ առաջընթաց եղե՞լ է, թե՞ չի եղել, իհարկե եղել է: Ժողովուրդը արթնացավ, հատկապես երիտասարդության նոր սերունդը, որոնք իրենց խելքով են ընդունվել բուհեր, ավարտել են, բայց աշխատանք չունեն, նրանք արդեն ուզում են օրինական դաշտում աշխատել ու ապրել, առանց ասենք կաշառակերության, առանց ծանոթի: Բնականաբար, պատճառը սա էր վեր կանգնելու, իսկ առիթը հանդիսացավ էլեկտրաէնեգիայի սակագնի թանկացումը: Եվ իշխանությունները ուզեն, թե չուզեն՝ այս երիտասարդական ուժի հետ հաշվի են նստելու, եթե իրենք անտեսեցին այս երիտասարդների ազնիվ մղումները, որոնք ավելի շատ ցանկանում են լավ Հայաստան, ուժեղ, իրավական Հայաստան, ապա իշխանությունները կունենան շատ լուրջ պրոբլեմներ: Հենց այն, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցվեց մինչ եզրահանգումը աուդիտի, դա արդեն իսկ ինչ-որ տեղ իշխանությունների կողմից փոքր փոխզիջում էր», -ասում է Արտաշես Բոյաջյանը:
Ըստ նրա, Հայաստանի պայքարող երիտասարդությունը հարկադրեց թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրոմիությանն ու ԱՄՆ-ին հաշվի նստել մեր երկրի հետ: «Մինչեւ այժմ, եթե տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանը գործիք է խոշոր տերությունների ձեռքին, ապա հիմա Հայաստանը դառնում է գործոն, որը օգուտ է իշխանությունների համար, նաեւ դրանով է պայմանավորված ռուսական լրատվամիջոցների, ռուսական քաղաքագետների ակտիվ քննարկումը: Նրանց մոտ մտավախություն կար, որ Հայաստանում կարող է կրկնվել այն սցենարը, ինչ Ուկրաինայում, Փառք Աստծո, որ Հայաստանում այդ սցենարը չհաջողվեց իրականացնել, դրանով էր պայմանավորված Հայաստանին Ռուսաստանի կողմից նոր վարկի տրամադրումը, զինատեսակներից Իսկանդերի տեղադրումը նաեւ դրանով է պայմանավորված: Ճիշտ ՝ Հայաստանն իր տարածքով շատ փոքր է, բայց աշխարհաքաղաքական շատ մեծ խնդիր կարող է լուծել: Այսօր Հայաստանն ապահովում է Ռուսաստանի ելքը Մերձավոր Արեւելք՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելով, իսկ ԱՄՆ-ն ամեն կերպ աշխատում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Եվ պատահական չէ, որ Հայաստանում է գտնվում տարածաշրջանում երկրորդ խոշոր դեսպանատունը՝ Իրաքից հետ, ուրեմն նա հասկանում, ընկալում ու գնահատում է Հայաստանի դերն ու կշիռը տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Ըստ Արտաշես Բոյաջյանի, պայքարը ոչ միայն Հայաստանի ներքաղաքական խնդիր մեջ է, այլ աշխարհաքաղաքականության մեջ է: Ռուսաստանը մտահոգվելու տեղ ուներ, քանի որ արեւմտամետ որոշ քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ խառնվել էին գործին, եւ շահագրգռված էին, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլանա, ռազմաբազաները տեղահանվեն, ՀԷՑ-երը ռուսական կազմակերպություններից վերցնեն ու հանձնեն արեւմտյան կազմակերպություններին, «Որոտան Կասկադ» էլեկտրակայանի վաճառքը հանձնեն ԱՄՆ ձեռնարկություններից մեկին: «Պատահական չէ, որ ԱՄՆ-ի հարաբերություները փորձում են բարելավել Իրանի հետ, որպեսզի թուլացնեն ռուսական ազդեցությունը, ԱՄՆ-ի հարաբերությունների լավացումը Կուբայի հետ, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը: Այժմ այդ խնդրի մեջ փոքր պետությունները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, որոշակի պրոցես պետք է անցնեն, նրանք պետք է մնան Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի ազդեցության տակ: «Ոչ թալանին» խումբը ցույց տվեց, որ ինքը ոչ ուզում է լինել ռուսական, ոչ էլ արեւմտյան ազդեցության տակ, այլ ինքը պայքարում է Հայաստանի շահերի համար, ի տարբերություն Հայաստանի որոշ քաղաքական կուսակցությունների եւ Հ/Կ-ների, որոնք Արեւմուտքի շահերն են պաշտպանում: Եթե ուշադրություն դարձրել եք՝ առաջին օրը քաղաքական ուժերը,էդ կուսակցությունները ակտիվություն չէին ցուցաբերում, հիմնականում «Ոչ թալանին» խմբի կողմից էր ձեռնարկվել այդ շարժումը: Երբ որ հսկայական զանգված, ժողովուրդ հավաքվեց, նրանք նոր-նոր սկսեցին ակտիվանալ: Երբ կասեցվեց թանկացումը, «Ոչ թալանին» խումբը, տեսնելով, թե ինչ կարող է տեղի ունենալ, նրանք զատվեցին այն խմբից, որոնք Բաղրամյանում էին, այնտեղ կային Արեւմուտքի շահերի պաշտպաններ: «Ոչ թալանին» խումբը իր դեմ դրել է սոցիալական խնդիր եւ ճիշտ է, որ չի պահանջում նախագահի հրաժարականը, այլ պահանջում է , որ ժողովրդի սոցիալական պայմանները բարելավեն: Այսինքն` ստիպելով իշխանություններին ժողովրդի սոցիալական պայմանները բարելավել, դրանով ավելի մեծ հաջողությունների կարել է հասնել, քան ամեն օր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել»,- կարծում է ազգագրագետը:
Ի դեպ, նա իր վրդովմունքը հայտնեց գյումրեցի նստացուցացար Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն, նա գտնում է, որ այն անհիմն, ապօրինի, գյումրեցիները բացառապես խաղաղ ցույցեր են անցկացրել: Նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կոչ արեց անձամբ հետաքրքրվել այս գործով, պարզել իրականությունը ու պատժել կեղծ ցուցմունք գրող իր աշխատակցին: Այլապես, ըստ Արտաշես Բոյաջյանի, չի բացառվում, որ գյումրեցիները սկսեն պատժել նրան՝ որպես կեղծ ցուցմունք տվողի: «Էդ ո՞նց է լինում բոլոր իր կողքին կանգնածները հանդես են գալիս որպես վկա, իսկ Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվում: Նրա նկատմամբ քրեական գործը, որն ապօրինի է, անհապաղ պիտի կարճվի»,- պահանջում է Արտաշես Բոյաջյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ