Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 9-ին և 10-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան:
Բեմադրության հեղինակը «Հզոր զգացմունքներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյանն է: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2006 թվականին Արշիլ Գորկուն նվիրված մի փոքրիկ ներկայացում է բեմադրել, որից հետո անընդհատ մտածել է հանդիսատեսին ավելի մեծակտավ գործ ներկայացնելու մասին. «Շատ ուրախ եմ, որ երկար տարիներ այս թեման ուսումնասիրելուց հետո, ի վերջո կարող եմ ամբողջական բեմադրություն ներկայացնել Հայաստանում: Ինձ համար Արշիլ Գորկին ամենամեծ հայ արտիստներից մեկն է»,- ասաց Ա. Մեհրաբյանը՝ նկատելով, որ թեև տարիներ շարունակ ուսումնասիրել է Ա. Գորկու կյանքն ու գործունեությունը, բայց այս բեմադրության համար հիմք է հանդիսացել «Առանց Գորկու» կենսագրական ֆիլմը, որում Գորկու կինը, զավակները մանրամասնորեն ներկայացնում են նրա կյանքի վերջին տարիների պատմությունը:
Մեհրաբյանի փոխանցմամբ՝ մեկ գործողությամբ և 47 րոպե տևողությամբ այս բալետային բեմադրությունը ներկայացնում է արվեստագետի կյանքի վերջին 2-3 տարիները. «Տրագիկ շրջանը,- ընդգծեց նա.- ինքնասպանության երեք փորձերը, կնոջ ու երեխաների հեռանալը, արվեստանոցի այրվելը, հիվանդանալը…»:
Նշենք, որ «Արշիլ Գորկի» բալետային ներկայացումը բեմադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:
Կարդացեք նաև
Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի Անժելա Լի Ռեբելոն, որը ներկայացման մեջ կատարելու է Արշիլ Գորկու կնոջ՝ Ագնես Մագրուդերի դերը, ասաց, որ այս նախագծին մասնակցելու իր հիմնական մոտիվացիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, բայց ինքը նաև որպես արտիստ մեծ հետաքրքրություն ունի Արշիլ Գորկու նկատմամբ և իր համար մեծ պատիվ է նման ներկայացման մաս կազմելը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ