ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարությունն այսօր հրապարակել է «Հելսինկի գումարած 40» ծրագրի վերաբերյալ իր վերջնական զեկույցը եւ ներկայացրել ԵԱՀԿ-ն բարեփոխելու կոնկրետ առաջարկություններ, որոնց շնորհիվ գալիք տարիներին կապահովվի կառույցի արդիականությունը եւ արդյունավետությունը:
Զեկույցը ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին կառույցի հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված հատուկ միջոցառման ընթացքում, երեք մայրցամաքներից ժամանածների կողմից ներկայացվել է խորհրդարանականների ուշադրությանը: Հիշեցնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրվել է 1975 թվականի օգոստոսի 1-ին:
Տարեկան զեկույցում ԵԱՀԿ-ն բարեփոխելու եւ ամրապնդելու համար առաջարկվում են հետեւյալ քայլերը.
· Փոփոխել ԵԱՀԿ-ի կոնսեսուսի սկզբունքի վրա հիմնված որոշումների կայացման մեխանիզմը, որպեսզի հնարավոր դառնա ճգնաժամային իրավիճակներում կիրառել սրընթաց գործողություններ:
Կարդացեք նաև
· Մեծացնել ԵԱՀԿ-ի եւ քաղաքական, եւ ֆինանսական ներդրումները, այնտեղ, որտեղ կազմակերպության ամենաարժեքավոր աշխատանքն է կատարվում:
· Պարբերաբար մամուլի համար բաց նիստերով ավելի լավ անդրադառնալ մարդու իրավունքներին եւ մարդկային չափանիշներին առնչվող հարցերին, վերանայել երկրների ստանձնած պարտավորությունների իրականացումը:
· Ակտիվացնել սպառազինությունների վերահսկման ջանքերը, այդ թվում՝ առավել խնդրահարույց ոլորտներում գտնվող ԵԱՀԿ-ին անդամակցող պետությունների միջեւ կնքել նոր վարքականոնի վերաբերյալ համաձայնագիր:
· Մեծացնել կազմակերպությունում Խորհրդարանական վեհաժողովի դերը, ավելի լավ օգտագործել ԵԱՀԿ տարածքի ժողովրդի հետ ուղիղ կապը:
· Բարձրացնել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական օրինականությունը, թույլ տալով ԽՎ-ին վերահսկել բյուջեն, ընտրել Գլխավոր քարտուղար եւ հաստատել բարձր մակարդակի նշանակումները:
· Կազմակերպության իրավական անհատականության համար կատարել իրական առաջընթաց, որը կհեշտացնի առաքելությունների աշխատանքը, կամրապնդի ԵԱՀԿ-ի միջազգային համաձայնագրերը եւ ավելի լավ կպաշտպանի աշխատակազմը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ