Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկված բոլոր ցուցարարներին քիչ առաջ ազատ արձակեցին:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ոստիկանության բաժնում մնացել է միայն մի տարեց մարդ, որը հրաժարվում է ոստիկանությունից դուրս գալ:
Այդ տարեց տղամարդը բերման ենթարկվելիս թեւերի հատվածում սալջարդեր է ստացել ու պնդում է՝ չի հեռանա ոստիկանությունից՝ առանց դատաբժշկի ուղեգրի: Ստյոպա Սաֆարյանը ոստիկանության Արաբկիրի բաժին էր եկել՝ ցուցարարներից տեղեկություններ ստանալու համար: Նա բաժնի պետից իմացել է, որ որեւէ արձանագրություն չի կազմվել, ցուցարարների հետ քննչական գործողություն չի կատարվել:
Պարոն Սաֆարյանը ցուցարարներին բերման ենթարկելու իմաստը չի տեսնում. «Չեմ հասկանում ՝ինչ իմաստ ուներ բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ, եթե նույնիսկ պետք էր թեթեւ ուժ կիրառելու ձեւով հանել փողոցից, որեւէ բացատրություն չուներ բաժանմունքներ բերման ենթարկելը»:
Կարդացեք նաև
Նա այսօր եղել է նաեւ Կենտրոնի ոստիկանության բաժնում ու տեղեկացել, որ ի տարբերություն Արաբկիրի ոստիկանության բաժնի, այնտեղ կան վարչական վարույթներ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեղադրանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ