Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին (հունիսի 18-28) շուրջ 70 մասնակից երկրների կողքին Հայաստանը ներկայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Հայկական տարածքը տասնօրյա ցուցադրությունների ընթացքում լեփլեցուն էր օտարերկրյա հազարավոր այցելուներով: Ըստ Պրահայի Քվադրինալեի պաշտոնական տվյալների, միջոցառման շրջանակներում շուրջ 180 հազար այցելու էր գրանցվել:
Հայոց Ցեղասպանության թեման հուզեց օտարերկրյա հանդիսատեսին՝ անկախ նրանց տարիքային, ազգային և կրոնական պատկանելությունից: Տպավորված հանդիսատեսը հեռանում էր արցունքները աչքերին կիսելով իրենց հույզերը կազմակերպիչների հետ:
Հիմնական ցուցադրությունից զատ, «Հայկական օր» միջոցառման շրջանակում օտարերկրյա հանդիսատեսին ներկայացվեց Հայաստանում բնակվող Հայոց Ցեղասպանության վերապրածների կյանքի պատմությունները: Միջոցառման պատվավոր հյուր` Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսելով Ցեղասպանության վերապրածների մասին, նշեց նաև իր ցեղասպանություն վերապրած սերունդ լինելու փաստը։
Կարդացեք նաև
Հայկական տարածքում տեղադրված տպավորությունների գրքում հարյուրավոր արձագանքների կողքին աչքի ընկան ազգությամբ թուրք հանդիսատեսի գրառումները. «Սիրով Թուքիայից», «Ողջույն Թուքիայից», «Շատ գեղեցիկ է, շնորհակալություն», «Ներողություն» և այլն:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային հիմքը՝ հայ ազգին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի ﬕսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողﬕց արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» վավերագրական լուսանկարի պատմությունն էր: Ցուցադրվող ինստալյացիան իր մեջ ներառում էր երեխաների անավարտ խաղի մանիֆեստ դարձած վիդեոարտը և ինստալյացիայի խորհդանշական մաս կազմող առարկաները՝ առաստաղից կախված և կանացի ընդերք հիշեցնող կարկուտները, տիկնիկների քարացած հայացքները, չորացած հողով լի մետաղյա ամանները, փայտե ձին, պատերի ձեռագիր գրվածքները և այլն:
Նախագծի հեղինակ-արվեստագետներն են՝ բեմանկարիչ-համադրողներ Նելլի Բարսեղյանը, Լիլիթ Ստեփանյանը, լուսանկարիչ-ռեժիսոր Վահան Ստեփանյանը, երաժիշտ-կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Նախագծի համակարգող՝ Լիա Մխիթարյան:
Նախագիծը իրականացվել է «Էյվա» արվեստների հիﬓադրաﬕ նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիﬓադրաﬕ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի տնօրինության աջակցությամբ:
Մամլո Հաղորդագրություն