Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունքից ազատ արձակվեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ իրեն ուղղակի բաց են թողել, անգամ խոստացել են, որ առանց երեք ժամը լրանալու իրենց բաց են թողնելու:
Հարցին, թե բերման ենթարկման ընթացքում իր նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերե՞լ են, նա պատասխանեց. «Մինչեւ մեքենա հասցնելը՝ այո, մեքենայի մեջ ինձ չէ, բայց ընկերներիս հարվածել են: Անձամբ Հունան Պողոսյանին եմ ասել ու անուններով ասել եմ՝ ովքեր են հարվածել եւ ում են հարվածել: Կարմիրբերետավորների փոխգնդապետը, չեմ հիշում ազգանունը, անմիջապես Նարեկ Այվազյանին է հարվածել՝ բոլորիս աչքի առաջ՝ գլխին է հարվածել: Եվ անչափահաս Սպարտակ անունով տղային են հարվածել (նկատի ունի Սպարտակ Միրզոյանին .Ա. Չ.)»:
Նա հավելեց, որ գաղտնի թոքաբորբ է տանում եւ իմանալով, որ ոստիկանությունը պիտի գործողություն իրականացնի՝ գնացել է Բաղրամյան պողոտա, որ լինի իր ընկերների կողքին: Իսկ պայքարը, ըստ նրա, այնպես չէ, որ վերջացել է. «Վայրկյանների հարց է Բաղրամյան պողոտան փակելը: Ու թող չմտածեն, որ միայն Բաղրամյան պողոտայով կարելի է սահմանափակվել: Ինչքան փորձեն այսպիսի գործողություններ իրականացնել, այնքան իրենց վիճակն են բարդացնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ