Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին

Հուլիս 06,2015 15:51

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ գործադիրում միջոցներ են փնտրում՝ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման համար, սակայն, ևս մեկ անգամ վերահաստատեց, որ դա չի արվելու պետական բյուջեի հաշվին:

Եթե հաշվի առնենք, որ դա նաև հազիվ թե արվի կառավարության անդամների գրպանների հաշվին, ապա դեդուկցիայի մեթոդով պարզ կդառնա, որ խոսքը, ըստ ամենայնի, գնում է ինչ-որ տեղից վարկ «կպցնելու» մասին:

Եվ անկախ այն հանգամանքից, թե որքանո՞վ է դա կապված Ռուսաստանից ստացված շուրջ 200 միլիոն դոլարանոց վարկի հետ, եկեք արձանագրենք, որ այդ գումարը, ցանկացած պարագայում, վճարվելու է կամ մեր, կամ էլ մեր երեխաների հաշվին: Այսինքն, եթե այդ 7 դրամը մենք չենք վճարելու հիմա ու ամիջապես մեր գրպանից, ապա այն բյուջե վճարվող հարկերի միջոցով վճարելու ենք հետո՝ բոլոր տոկոսներով:

Այստեղ հարկ է նկատել, որ համաձայն ՀԷՑ-ի մասնավորեցման պայմանագրի՝ Հայաստանը պարտավոր է երաշխավորել, որ այն աշխատի 14-տոկոսանոց շահութաբերությամբ: Այսինքն՝ ՀԾԿՀ-ը պետք է այնպիսի սակագներ սահմանի, որ ՀԷՑ-ը իր սեփականատեր «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ին 14-տոկոսանոց շահույթ փոխանցի:

Հետևապես, էլեկտրաէներգիայի նոր սակագնի պայմաններում, մենք ու մեր ապագա սերունդները Հայաստանի էլեկտրական ցանցերին վճարելու ենք ամսական շուրջ 3 միլիարդ դրամով ավել՝ որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա ապահովել իր 14-տոկոսանոց շահույթը:

Իսկ ահա «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ն, իր հերթին, 46 տոկոսով ոչ անմիջականորեն պատկանում է Ռուսաստանի կառավարությանը: Հետևապես մեզանից հավաքվող շահույթի գրեթե կեսը մտնում է ՌԴ բյուջե (եթե ճանապարհին չի ուտվում): Եվ 18 տոկոսով այդ կազմակերպությունը պատկանում է իր իսկ դուստր կազմակերպություններին: Այսինքն այդ շահույթը գնում ու սկսվում է պտտվել իր ու իր դուստր կազմակերպությունների փակ շղթայում:

Այդ բարդ կոմբինացիաներում, բնականաբար, բավականին շատ գումար է ուտվում այդ բուրգ-կորպորացիայի ղեկավարների կողմից:

«Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ի ղեկավարները Իգոր Սեչինն ու Բորիս Կովալչուկն են: Առաջինը տնօրենների խորհրդի նախագահն է (председатель совета директоров), մյուսը՝ խորհրդի նախագահը (председатель правления):

Այդ երկու անձինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտիկ ընկերներն են, Ռուսաստանում արդեն վաղուց կոռուպցիոն սկանդալների կիզակետում են և երկուսն էլ մի տարուց ավել է ինչ արևմտյան պատժամիջոցների տակ են:

Այսինքն, Հայաստանի քաղաքացիներից հավաքվող 7 դրամների (անգամ, եթե դա արվի վարկ-բյուջե-հարկ, կամ որևէ այլ սխեմայով) մի զգալի մասը գնալու է և մտնի ոչ այլում, քան Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերներ Բորիս Կովալչուկի ու Իգոր Սեչինի գրպանները:

Հ.Գ. Եվ չի բացառվում, որ հենց այս կոռուպցիոն խողովակներն ու սխեմաները ջրի երես դուրս չգալու նպատակով էին ռուսաստանյան հեռուստաալիքները Էկետրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցերի մեջ «ամերիկյան հետք»  տեսնում: Որպեսզի ցանկացած կոռուպցիոն բացահայտում անվանվի «ամերիկյան սուտ»:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031