Այս պահին ցուցարարները Ազատության հրապարակում քննարկում են, թե այսօր ժամը 19.00-ին ինչ հայտարարությամբ են հանդես գալու: Առաջարկներ կան, որ միասին հանդես գան հայտարարությամբ: Հետաքրքրվեցինք՝ պայքարը շարունակվելու է Ազատության հրապարակո՞ւմ, ցուցարարները հայտարարեցին, որ հնարավոր է նորից փակեն Բաղրամյան պողոտան, եթե լինի հանրային աջակցություն:
Ցուցարարները մեզ պատմեցին, որ ոստիկաններն ապօրինաբար առգրավել են իրենց իրերը. «Բաղրամյան պողոտայում մեզ տրամադրվեց երկու մեքենա, որ տեղափոխենք մեր իրերը: Մեր իրերը բերեցին Ազատության հրապարակ ու ասացին, որ դատարկենք: Իսկ մենք պնդեցինք, որ կդատարկենք միայն այն ժամանակ, երբ բաց թողնեն մեր ընկերներին: Դրանից հետո մեքենաները քշեցին գնացին, մեր իրերը փաստորեն առգրավեցին»:
Ցուցարարները պատմում էին, թե ում ինչպես են բռնի ուժով հեռացրել: Նշեցին, որ իրենց խաբված են զգում, քանի որ ոստիկանությունը հայտարարել էր, որ ուժ չի կիրառելու»:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով Բաղրամյան պողոտայում ժամեր առաջ կատարվածը, այն համարեց ոստիկանության կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառում ու դատապարտելի երևույթ: Այնուհետև ասաց. «Հավանաբար մեկ քայլ առաջ ակցիան էր այն խթանը, որ ոստիկանությունը դիմի նման գործողությունների»:
Կարդացեք նաև
Նա ևս տեղեկացրեց, որ ոստիկանությունը առգրավել է ցուցարարների գույքը: Մեր հարցին՝ ինչու՞ հատկապես հիմա ոստիկանությունը դիմեց նման գործողությունների, գուցե վտա՞նգ էին տեսնում, որ ցուցարարները հնարավոր է դիմեն ավելի կտրուկ գործողությունների, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացմանն է վերաբերում, այլև շատ լուրջ հարցերի: Խորը տնտեսական ճգնաժամում է Հայաստանը, և կան լուրջ դժգոհություններ ու դա իշխանության պահպանման համար լուրջ դժվարություններ է ստեղծում»:
Հետաքրքրվեցինք՝ այսպիսով հաջողվե՞ց իշխանություններին շարժումը կոտրել, տիկին Փոստանջյանը հավաստիացրեց, որ շարժումը չի կոտրվել, քանի որ հարցերը առկա են, օրակարգում են:
Նշենք նաև, որ այս պահին Ազատության հրապարակի տարբեր հատվածներում ոստիկաններ են հերթապահում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ