Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանության մասին. «Ուժի կիրառումը չափազանցված չի եղել, եղել է բավականաչափ քաղաքավարի»

Հուլիս 06,2015 15:27

«Հաճախ է խոսվում ու նաեւ շահարկվում է, որ խաղաղ հավաքը խանգարում է ուրիշների հանգիստը, երթեւեկությունն է խաթարում եւ այլն, եւ այլն: Այդ ամեն ինչը բացատրվում է նաեւ խաղաղ հավաքների իրավունքի մեկնաբանություններով, այդ թվում նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպերով, որ իհարկե ուրիշի իրավունքները խաթարվում են, բայց կարեւոր է, որ ցուցարարների ձայնը տեղ հասցնելու իրավունքը տվյալ դեպքում   ավելի գերակա է, քան մյուսների իրավունքները: Սա շատ կարեւոր դրույթ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելը վերաբերյալ մեկնաբանում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա ավելացնում է. «Իհարկե այդ միջազգային դրույթները նաեւ կարգավորում են հավաքների անցկացման ժամանակը, որ անվերջ չի կարող լինել: Բայց ամենակարեւոր դրույթն է նաեւ այն, որ անկախ հավաքի բնույթից, եթե այն խաղաղ է, ոստիկանությունը միջամտելու իրավունք չունի, սա կարեւոր դրույթներից մեկն է»:

Պարոն Իշխանյանը, խոսելով ոստիկանության՝ ցուցարարներին ցրելու միջոցների մասին՝ ասում է, որ  չնայած որ ուժ կիրառվեց, սակայն բռնություն չեղավ: «Ուժի կիրառումը չափազանցված չի եղել, եղել է բավականաչափ քաղաքավարի: Ինչ վերաբերում է իրավաչափությանը, այստեղ արդեն վիճելի բան կա. հավաքը խաղաղ էր, եւ ոստիկանությունը ցրեց»:

Պարոն Իշխանյանը ներկայացնում է  իր սուբյեկտիվ կարծիքը. ոստիկանությունը հավաքը չէր ցրի, եթե այնտեղ առնվազն  հինգ հարյուր մարդ լիներ:

Bahramyan_bacum_31

Bahramyan_bacum_Sanasaryan Bahramyan_bacum_29 Bahramyan_bacum_30

Իրավապաշտպան կազմակերպության նախագահը նաեւ նշում է, որ սխալ է, երբ դիտարկվում է՝ նստացույցի ժամկետը, կարծում է, որ որեւէ ժամկետ այս պարագայում դնելը սխալ է.  «Նրանք դրել են հարց, եւ դա ոչ օրինական հարց չէ, մտնում է սովորական իրավունքների պահանջի մեջ: Այստեղ ժամանակի խնդիր չկա,- ասում է նա, ավելացնում,- Ուրիշ հարց կա այստեղ. կազմակերպիչները թերեւս երիտասարդ էին, մի կողմից  բավականաչափ փորձ չունեին որոշումներ կայացնելու եւ պատասխանատվություն վերցնելու: Մյուս կողմից էլ մեր հասարակության անհամբերությունը, որ շտապ ուզում են կոնկրետ գործողություններ եւ շտապ հասնել նպատակի: Սրանք  իրար հակասության մեջ մտան»:

Ավետիք Իշխանյանը նկատում է, որ ամեն դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ այս շարժումը շատ դրական արդյունք տվեց. «Չպետք է ասել, որ շարժումը մարեց, չարժումը պարտվեց, ո՛չ: Շարժումը ցույց տվեց, որ երիտասարդությունն ունի իր ուժը եւ կարող է ցանկացած անարդարության դեմ ոտքի կանգնել: Սա կարելի է համարել փոքրիկ դադար եւ անցնել հաջորդ քայլին»,- ասում է նա:

Մեր հարցին, արդյոք  ոստիկանության  այսօրվա քայլը՝ նստացույցը ցրելը եւ Բաղրամյան պողոտան բացելը, կարժանանա՞ իրավապաշտպան կազմակերպությունների քննադատություններին եւ գնահատականներին, պարոն Իշխանյանը պատասխանում է. «Վաղը հավանաբար կհրապարակվի մեր զեկույցը. ամբողջ այս ընթացքում մենք դիտարկում ենք արել այս հավաքների հետ կապված: Մեր կազմակերպության կարծիքն այդ զեկույցում կտեսնեք»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031