Անչափահաս Էդուլ Եդիգարյանը այսօր Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից է: Նա Aravot.am-ին պատմեց, որ արդեն 10 օր է, ինչ գիշերում է Բաղրամյան պողոտայում:
Նա պատմեց, որ այսօր, երբ լրացավ ցուցարարներին տված ոստիկանության 30 րոպեն, ոստիկաններն անցան կտրուկ գործողությունների եւ բոլորին բռնի ուժով նստեցրին ոստիկանության մեքենաները ու տարան տարբեր բաժիններ:
Այս անչափահաս տղային ոստիկանները բերման ենթարկելիս ծեծել են. «Հարվածում էին ոնց հասցնում էին, իմ մեջքին էին հարվածում, ընկերներիս էլ էին հարվածում, ընկերներիս վրա կան քերծվածքներ: Մի տարիքով մարդ կա ներսում՝ վատացել է, մարդ կա, որի ձեռքն են պատռել՝ արյուն է գալիս»:
Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից հեռացավ շտապօգնության երկրորդ մեքենան, դեռ չենք կարողանում ճշտել՝ արդյոք շտապօգնության մեքենայով ցուցարար տեղափոխվե՞լ է հիվանդանոց, թե ոչ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ արդեն մի ցուցարար շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ