«Ոստիկանությունը բավական հանգիստ, այս անգամ նաեւ գրագետ ձեւով իրեն պահեց ու իր խոսքի տերը եղավ`բռնություն չի կիրառելու: Փաստը մնում է փաստ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցն`անդրադառնալով քիչ առաջ ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտան ազատելու առիթով իրականացված գործողություններին:
«Սերժ Սարգսյանը հնարավոր է դա ներկայացնի իբր իր դեմոկրատ լինելու արդյունք, բայց կան հունիսի 23-ի իրադարձությունները, որոնց մեղավորները պիտի պատժվեն»,- հավելեց իրավապաշտպանը:
Aravot.am-ի դիտարկմանը`այն փաստը, որ Բաղրամյան պողոտան բացելու ոստիկանների գործողություններն առանց խոչընդոտների եղավ, չի՞ հուշում այն մասին, որ իշխանության կողմից այդ քայլի անհրաժեշտությունն արդեն հասունացել էր, Արթուր Սաքունցն ասաց, որ պողոտայի փակելու արդյունավետությունը պայմանավորված է փակողների արդյունավետությամբ. «Որքանով արդյունավետ են օգտագործում բողոքողները քաղաքացիական անհնազանդությամբ փողոցը փակելու դասական օրինակը, այդքանով էլ պայմանավորված է դրա փակելը: Մենք տեսնում ենք, որ «սմենային» տարբերակը`աշխատանքի լինել, դրանից հետո գալ բողոքի ակցիա իրականացնել, արդյունավետ տարբերակ չէր, ավելին, դա նաեւ չապահովեց խնդրին մասնակցության բազմազանությունը: Եթե չկա ներգրավում եւ մասնակցություն խնդրին. դա սահմանափակում է»:
Սա Սաքունցի կողմից հետին թվով եզրակացությունը չէ, այս գնահատականները նա հնչեցրել է նաեւ բողոքի ակցիաների ժամանակ`չէր կարելի մերժել որեւիցե մեկ այլ տեսակի մոտեցում ունեցող մարդկանց մասնակցությունն այդ կոնկրետ խնդրի լուծմանը:
Կարդացեք նաև
Խնդիրը, ըստ նրա, սոցիալական լինելով հանդերձ, նաեւ ակնհայտ քաղաքական էր, քանի որ վերաբերվում է միջազգային մակարդակով կոռուպցիոն մեխանիզմին, որում ներգրավված են նաեւ ՀՀ բարձրագույն իշխանությունները: Ի՞նչ անել հետո`մեր հարցի պատասխանն էլ, իրավապաշտպանն այսպես է պատկերացնում. «Պետք է հստակեցվի գործողությունների օրակարգը եւ հատկապես դրանց բազմազանությունը, այլապես նման իրավիճակներ կունենանք»:
Բայց հիմնական արդյունքը, որն ամրագրեց այս շարժումը, ըստ իրավապաշտպանի հետեւյալն է. «ՀՀ քաղաքացին կա, գոյություն ունի, դա նյութական արդյունք չի, բայց դրա հետեւանքները հետո կզգանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ, երբ ահազանգեր եղան, ոստիկանության բաժանմունքներ քաղաքացիներին եւ ակտիվիստներին բերման ենթարկելու ժամանակ բռնությունների մասին, Արթուր Սաքունցը հավելեց. «Ոստիկանների այդ գործելաոճը ստվերեց նրանց գրագետ աշխատանքը»: