Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Որպեսզի երանոսյանները չաճեն» (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 14:42

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը խիստ բացասական են գնահատում, որ հունիսի քսաներեքի առավոտյան խաղաղ ցուցարարների եւ Բաղրամյան պողոտայում մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ կիրառվել է բռնություն, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այսօր, «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ իրենց մոտեցումները բարձրաձայնեցին բանախոսները:

Հիշեցնենք, իրադարձությունները զարգացան «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի եւ անժամկետ նստացույցի ժամանակ:

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով, լրագրողներն այս հարցում խիստ հետեւողական պետք է լինեն եւ պահանջեն գործի արդարացի քննություն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ուշադրություն է հրավիրում դատախազության կողմից հարուցված քրեական գործի վրա: Սաքունցն ասաց, որ այդ օրը դատախազությունը խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի մասին, սակայն հայտնի է դարձել մեկ օր անց. «Ես հակված եմ նրան, որ քրեական գործ պետք է հարուցվի ոչ միայն մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին խոչընդոտողների նկատմամբ, այլ նաեւ խաղաղ ցուցարարների, որոնց նկատմամբ լայնածավալ բռնություն է կիրառվել:Մենք հենց այդ օրը նման դիմում ենք ներկայացրել գլխավոր դատախազությանն ու ՀՔԾ-ին»:

Իրավապաշտպանը տարօրինակ է համարում այն փաստը, որ չնայած հունիսի քսաներեքի վաղ առավոտից լրատվամիջոցները հեղեղված են եղել բռնությունների մասին նյութերով, տեսանյութերով ու նկարներով, սակայն միայն օրեր անց է դատախազությունը այդ հրապարակումներն ուղարկում ՀՔԾ, իսկ վերջինս էլ տասն օր անց է որոշում հարուցել քրեական գործ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ձեռքին էր ԳԱԼԱ-ի լրագրողի դիմումը, որտեղ հստակ նշված է մոտ մեկ տասնյակ լրագրողների անուններ, ովքեր դեպքի օրը եղել են Բաղրամյան պողոտայում եւ տուժել են ոստիկանների գործողություններից:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ուսումնասիրությունների արդյունքում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու հրահանգ տվել է ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Մասնավորապես, ըստ Սաքունցի, հենց Երանոսյանի հրահանգով են դաժանաբար ծեծի ենթարկել www.1in.am կայքի օպերատոր Գոռ Հովհաննիսյանին: Տեսագրությունից, ըստ իրավապաշտպանի, հստակ երեւում է նաեւ այն քաղաքացիական հագուստով ոստիկանը, որը հայհոյել է www.lragir.am կայքէջի լրագրող Թեհմինե Ենոքյանին:

Լրագրողներից մեկի հարցին` իրավունք ունեի՞ն արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկանները մասնակցել գործողություններին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «օպերատիվ հետախուզության մասին» օրենքը թույլ է տալիս, բայց մեկ բացառությամբ. «Եթե խոսքը վերաբերում է բացահայտված հանցագործությանը, այսինքն, եթե իր գործունեությունը միտված է հանցագործության բացահայտմանը: Բայց այս դեպքում ինքը դուրս է եկել օրինական իր գործողությունների սահմանից, օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք իրականում գործում էին այնտեղ, որտեղ կար հանցագործությունը բացահայտելու անհրաժեշտություն»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասաց, որ հավաքված ցուցարարները խաղաղ են եղել, իսկ քաղաքացիական համազգեստով ոստիկանները տեղում գործողություններ իրականացնելու իրավունք չունեին:

Փաստաբանը կարծում է, որ լրագրողները պետք է միավորվեն եւ պաշտպանեն իրենց իրավունքները, հակառակ դեպքում «երանոսյանները կշարունակեն աճել»:

Արթուր Սաքունցն էլ ասաց, որ այն ոստիկանները, ովքեր կատարում են հանցագործություն, պետք է հեռացվեն համակարգից, այլապես անպատժելիությունը կմեծացնի ոստիկանների կողմից բռնությունների աճը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Արթուր Սաքունցն էլ ասաց, որ հավաքված ցուցարարները խաղաղ են եղել, իսկ քաղաքացիական համազգեստով ոստիկանները… Քաղաքացիական համազգեստ չի լինում…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031