«Ես այս պահին ոստիկանության իրավաչափության վերաբերյալ մեկնաբանություններ անելուց ձեռնպահ կմնամ: Ավելի ուշ ես կխոսեմ նաեւ բերման ենթարկված ցուցարարների հետ, որովհետեւ ճանապարհին, երբ փորձում էին նրանց տեղափոխել, մեքենայի միջից մի քանիսը բացականչում էին, թե կարծես իրենց նկատմամբ այնտեղ բռնություն է կիրառվում»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Նա քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր, որտեղ ոստիկանությունը բացեց շուրջ երկու շաբաթ ցուցարարների կողմից փակված երթեւեկելի ճանապարհը՝ ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով:
Տիկին Վարդանյանը նշեց, որ նա կարող է գնահատականներ հնչեցնել միայն ցուցարարների հետ խոսելուց հետո. «Այս պահին ցուցարարներին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ, սակայն փոխոստիկանապետը հավաստիացրեց, որ երեք ժամ հետո վերջիններս բաց կթողնվեն, եւ բնականաբար, եթե երեք ժամվա ընթացքում որեւէ մեկը ազատ չարձակվի, ես կզբաղվեմ այդ ցուցարարների ազատ արձակման գործընթացով»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Տիկին Վարդանյանը հեռու մնաց ենթադրություններ անելուց, թե ինչու հենց այսօր որոշվեց ցրել ցուցարարներին, նշեց միայն. «Ցուցարարները պետք է արդեն իսկ ինքնակազմակերպված լինեին, ունենային իրենց առաջնորդները, ովքեր բանակցություններ կվարեին, ինչին անկեղծ ասած, ես այսօր ականատես չեղա, որովհետեւ բանակցող ցուցարարների կողմից, որպես այդպիսին, որեւէ մեկն ուղարկված չէր»:
Մեր հարցին՝ արդյոք նկատել է՝ բոլոր ցուցարարների՞ն բերման ենթարկեցին, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Այնքանով, որքանով ես նկատեցի, ոչ բոլորին տարան, որովհետեւ մի մասը պարզապես հեռացան կենտրոնական հատվածից»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ