Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/16-րդ փուլում հաղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով), սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց հետագա պայքարից:
Նույն քաշային կարգում Բելառուսի հավաքականում հանդես էր գալիս նաև մեր հայրենակից, գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին՝ Վահե Թութխալյանն, ով սակայն պարտվեց ճապոնացի Շո Տատեյամային և զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:
Հայաստանը ներկայացնող մյուս ձյուդոիստը Դավիթ Նիկողոսյանը չնայած 1/16-րդ եզրափակիչ փուլում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրո Կանիվեցին, սակայն քանզի վերջինս մտավ եզրափակիչ, Նիկողոսյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ՝ հայ ձյուդոիստը 1-ին և 2-րդ շրջանների արգելքները հաջողությամբ հաղթահարեց, համապատասխանաբար հաղթանակներ տանելով Չեռնագորիան ներկայացնող Նիկոլա Գարդասևիչի, ապա նաև Դոմինկյան Հանրապետությունը ներկայացնող Խոսե Դե Լեոն Լոպեսի նկատմամբ, սակայն 3-րդ շրջանում պարտվեց ֆրանսիացի Արթուր Կլերգերտին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից և բավարարվեց 7 րդ հորիզոնականով: Հայազգի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ուկրաինան ներկայացնող Շուշաննա Ղևոնդյանը (57կգ) բավական հաջող հանդես եկավ և այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:
Վաղը մրցասպարեզ դուրս կգա մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
Մամլո հաղորդագրություն