Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության համար այսօր դժվար է ուժ կիրառել»

Հուլիս 06,2015 14:30

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ իշխանությունը սպառնալիքի տակ է, քանի որ նրանց բանկային հաշիվներն Արեւմուտքում են:

Հունիսի 23-ի լուսաբացին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անող հանրության նկատմամբ, երեկոյան արդեն մարդկանց հոսքը Բաղրամյան պողոտա շատացավ, ու օր օրի ավելի էին շատանում՝ մինչեւ հունիսի 28-ը, երբ ՀՀ նախագահը՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու ու էլեկտրաէներգիայի թանկացված մասը՝ 7 դրամը, կառավարությունն իր ուսերի վրա վերցնելու մասին հայտարարություն արեց: Ակցիայի մասնակիցների մի մասը հունիսի 28-ից հետո լքեց պողոտան, եւ մինչ օրս այնտեղ նախկինի պես բազմամարդ չէ: Բայց նույնիսկ բազմամարդ ակցիան, որը լավ առիթ էր, որպեսզի քաղաքական ուժերն «իրենց ձեռքը» վերցնեին, ոչ մի ուժ այն չնախաձեռնեց: Սրա պատճառաբանությունն այն էր, որ պողոտայի հանրությունը թույլ չի տվել:

Voch_talanin_9

 

Մինչդեռ, ինչպես ասում են՝ «մտքներին տեղ լիներ», մի ձեւ կգտնեին ակցիան ղեկավարելու: Վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ակտիվ գործունեություն է ծավալում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, նա պողոտայի նոր համակարգող խմբի անդամ է: Պողոտայում, որքան էլ հիմնականում հնչում է, որ սա սոցիալական ընդվզում է, սոցիալական բունտ է, այնուամենայնիվ՝ շատ մարդիկ քաղաքական հարցեր էլ են բարձրացնում: «Առավոտի» թղթակիցը բազմիցս ականատես է եղել, երբ հավաքվածներից շատերը միմյանց ասում էին՝ «Դու հոսանքի թանկացման համար ես եկել, ես՝ Սերժին հանելու: Էս երկրում մենակ հոսանքը չի պրոբլեմ, սաղ կառավարությունը պրոբլեմ ա, պիտի արդարության հասնենք: Մինչեւ թալանչիներին չհեռացնենք, չենք կարա ասենք՝ հաղթել ենք…»:

Վերջերս պողոտայում է պարբերաբար լինում նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որին նախօրեին «Առավոտը» մի քանի հարց ուղղեց:

Պատգամավորը մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» մի օր շարժումը սկսի ղեկավարել, ու ավելի ռադիկալ քայլերի գնա շարժումը՝ հատկապես, որ «Ժառանգությունն» ակտիվ քննարկումներ է ունենում ակցիայի մասնակիցների հետ, Փոստանջյանն ասաց. «Կարեւորը, որ այս շարժումը պետք է ունենա ժողովրդի գույնը եւ ձայնը, այլ ոչ թե մի խմբի կամ կուսակցության կամ մի դրոշի ներքո լինի: Ինքը պետք է ունենա ժողովրդական պահանջ, պետք է ունենա ե՛ւ ժողովրդական գույն, ձայն, ե՛ւ ժողովրդական դրոշի ներքո պիտի լինի»:

Raffi
Մեր այն հարցին էլ՝ ի՞նչ արդյունք կտա այս ակցիան, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ամենակարեւորն այն է, թե հանրությունն ինչ է ցանկանում: Ընդհանրապես, երբ ինչ-որ մեկը մի բան ցանկանում է եւ հետամուտ է դրա համար պայքարում, հասնում է դրան: Իսկ իշխանությունը թույլ է, իշխանությունը խոցելի է, փոքր է: Միակ խնդիրն այն է, որ իշխանությունը կարողանում է մեզ հաղթել, այն է, որ ինքն ավելի կազմակերպված է: Մենք անկազմակերպ ենք եղել, բայց ժամանակը հիմա ցույց է տալիս, որ ոչ միայն կազմակեպվում ենք, ինքնակազմակերպվում ենք, այլեւ օրակարգը մենք ենք թելադրում, այստեղ՝ Բաղրամյան պողոտայում»:

Մեր այն հարցին էլ՝ ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների ներկայիս վարքագիծը, նրանք առաջվա պես շատ չեն ու «առաջին գծում» չեն ու կարծես թե նախկինի պես զգաստ էլ չեն, վտանգ չկա՞ այլեւս, տիկին Փոստանջյանն ասաց. «Եթե ոստիկանությունը ապօրինի հրամանը ստանա, ապա նա այդ ապօրինի հրամանը կկատարի: Այս պահին չունի այդ հրամանը, որովհետեւ բավականին դժվար է ուժ կիրառել եւ մնալ անպատիժ, հատկապես այն ժամանակահատվածում, երբ քո ուժ կիրառելու ռեսուրսները սպառված են, եւ դու քո երկրի պետական բյուջեում չունես գումարներ, իրենց համար բավականին դժվար գործ է այսօր ուժ կիրառելը: Եվ բացի դրանից՝ եթե հաշվի առնենք, որ իրենց բոլորի բանկային հաշիվները եւ հանգստի վայրերը գտնվում են Արեւմուտքում, դա էլ իրենց համար սպառնալիք է, որովհետեւ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվում, այդ պատժամիջոցները իրենց դուռն էլ կարող են թակել. սա ինչ-որ չափով զսպվածություն է մտցրել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031