Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտումներ՝ իջեւանյան ձերբակալությունից

Հուլիս 06,2015 13:30

Մանթաշյան-Ներսիսյաններ հակամարտությունը շարունակվում է,
իսկ քննիչի գործողությունները դատարանը որակել է ոչ օրինական

Aravot.am-ն իր 17.06. 2015-ի «Ներսիսյան տոհմից հինգ մեղադրյալ» հրապարակմամբ անդրադարձել էր իջեւանյան վերջին սկանդալային ձերբակալություններին: Հիշեցնենք, որ ձերբակալվել էին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հինգ եղբորորդիները: Նրանք ձերբակալվել էին Ներսիսյանի եղբոր՝ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի բնակարանի խուզարկությանը խոչընդոտելու մեղադրանքով: Հետախուզում էր հայտարարվել նաեւ Հրաչյա Ներսիսյանի եւ Մարտին Ներսիսյանի նկատմամբ, իսկ Ներսիսյանի կնոջը՝ մանկաբույժ Գայանե Ղազարյանին բերման ենթարկելու որոշում էր կայացվել:

Վերոնշյալ խուզարկությունը, իջեւանցիների հավաստմամբ, հիշեցնում էր ժամանակակից մարտաֆիլմ. բժիշկ Ներսիսյանի բնակարան խուզարկության համար մուտք են գործել վերամբարձ կռունկով, բազմաբնակարան շենքի երրորդ հարկի պատշգամբով:
«Խուզարկություն» օպերացիան անցել է բավականին մարդաշատ, ինչը շենքի բնակիչների մեջ խուճապ է առաջացրել: «Առավոտի» հետ զրույցում նրանք ասացին, որ այնպիսի տպավորություն էին ստացել, թե բժշկի բնակարանում պայթուցիկ կամ ռումբ է տեղադրված: Մինչդեռ, պարզապես ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մովսես Թամազյանն այդ «հրատապ» խուզարկությունը կատարել է քրեական գործի հարուցումից շուրջ հինգ ամիս անց, Իջեւանի բ/կ-ի նախկին կնիքը, տպիչ մեքենա եւ պայմանագրի բնօրինակ փնտրելու նպատակով: Հարցին, թե իրավապահներն ինչո՞ւ են նրա բնակարան մուտք գործել պատշգամբից, եւ ոչ թե մուտքի դռնից, Հրաչյա Ներսիսյանը պատասխանեց. «Այդ օրը մենք Գետահովիտում նշում էինք կնոջս 50-ամյակը: Ունեինք բազմաթիվ հյուրեր: Հյուրերի ներկայությամբ կնոջս հեռախոսին զանգ է գալիս եւ մի ոստիկան նրան, առանց որեւէ պատճառաբանության, շտապ հրավիրում է տուն: Նշված հեռախոսային խոսակցությանը միջամտելով՝ ես զանգահարող ոստիկանին ասացի, որ կնոջս 50-ամյակի առիթն է, բազմաթիվ հյուրերով հավաքված ենք նրա հայրական տանը, որի պատճառով չենք կարող ներկայանալ: Հրատապ ներկայանալու վերաբերյալ ոստիկանի պնդումներից հետո ես եկա մեր շենքի բակ, որտեղ տեսա քննիչ Մ. Թամազյանին, որն ինձ առաջարկեց բարձրանալ իմ բնակարան՝ կարեւոր խոսակցության համար: Ես ասացի, որ նա իր ասելիքն ասի հենց շքամուտքում, քանի որ ինձ մոտ բնակարանի բանալի չկար: Իմ խոսքերին ի պատասխան՝ քննիչն ասաց, որ բնակարանի դուռը չբացելու դեպքում, ինքն այն կջարդի: Ես նրանց առաջարկեցի մինչեւ բնակարանի բանալին բերելը սպասել:

Ժամը 18-ի սահմաններում՝ ես բանալիները վերցնելուց հետո վերադարձա տուն ու տեսա, որ շենքի բակում կանգնած էր վերամբարձ կռունկը: Բարձրանալով տուն՝ ես տեսա, որ մուտքի դուռը բաց է, իսկ տանը բազմաթիվ ոստիկաններ եւ անծանոթ մարդիկ կային, որոնց թվում՝ նաեւ Մ. Թամազյանը եւ կռունկավար Հայկազը: Իմ այն հարցին, թե ո՞վ եւ ինչպե՞ս է բացել իմ տան դուռը, քննիչ Թամազյանը պատասխանեց, որ իրենք ավտոկռունկն օգտագործելով՝ բնակարան են մուտք գործել երրորդ հարկի պատշգամբից, իսկ տան դուռը բացել է իր հետ ներս մտած ընթերականերից մեկը: Այդ պահին իմ բնակարանում կային բազմաթիվ մարդիկ, որոնց զգալի մասը քաղաքացիական համազգեստով էին, եւ կարող էին ինչպես իմ տնից ինչ-որ բան վերցնել, այնպես էլ ինչ-որ բան դնել ու հետագայում իմ կամ իմ ընտանիքի անդամների դեմ օգտագործել: Ես քննիչ Մ. Թամազյանից պահանջեցի պարզաբանել ապօրինի իրավիճակը: Ի պատասխան՝ նա հայտարարեց, որ ինքն ինչ ուզում եւ ինչպես ուզում է, այնպես էլ անելու է, իսկ ես կարող եմ ուր ուզում եմ բողոքել: Այս խոսակցությունից հետո նա փորձեց ինձ ծանոթացնել դատարանի կողմից տրված խուզարկության թույլտվության հետ: Ես հրաժարվեցի եւ պահանջեցի ավարտել ապօրինի խուզարկությունն ու հեռանալ: Նշեմ նաեւ, որ ես իմ բնակարան էի եկել իմ երկու տղաների հետ միասին: Հետո եկան եղբորս որդիները՝ բավականին գրագետ երիտասարդներ, եւ հասկանալով, թե ինչ է կատարվում, սկսեցին տեսանկարահանել այն, ինչ կատարվում է մեր տանը, ովքեր են ներկա եղել: Մեր ձեռքի տակ կա այդ տեսաերիզը, եւ պարզ երեւում է, որ մեր կողմից ոչ մի ապօրինի քայլ, խոչընդոտում չի եղել: Բայց հետո պարզվեց, որ իմ եւ եղբորս որդիներին ձերբակալում են, իբր՝ խուզարկությանը խոչընդոտելու կասկածանքով: Այդ նոր հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչ Վասիլ Սարգսյանը իրականացրել է անհիմն զանգվածային ձերբակալություններ, իսկ իմ նկատմամբ հայտարարել հետախուզում: Կնոջս բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը ոչ միայն այդ պահին ներկա չի գտնվել, այլեւ որեւէ կապ չի ունեցել նշված դեպքերի հետ: Երկու օր անց կրկին անգամ կատարվել է խուզարկություն՝ առանց դատարանի համապատասխան որոշման եւ հիմքերի: Բնականաբար, այս անգամ եւս ոչինչ չի գտնվել»:

Այնուհետեւ, ձերբակալություններից հետո, քննիչ Վ. Սարգսյանը դիմում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, երիտասադներին եւ Ներսիսյանին երկամսյա կալանքի տակ առնելու միջնորդությամբ: Դատարանը, սակայն, մերժում է քննիչի հիշյալ միջնորդությունները, հիմնավորելով, որ բնակարանի խուզարկությունը օրինական չի եղել: Խուզարկությունը գաղտնի քննչական գործողություն է, որին կարող են ներկա լինել միայն քրեադատավարական կարգավիճակ ունեցող համապատասխան անձինք: Մինչդեռ նշված խուզարկությանը ներկա են եղել այլ կողմնակի անձինք, ինչը հաշվի առնելով, քննիչը պետք է դադարեցներ խուզարկությունը, որը, սակայն, չի արել: Բացի այդ, դատարանի համար հիմք է հանդիսացել այն, որ գործի մեջ բացակայում է մեղադրյալին մեղսագրված արարքների նկարագիրը: Եվ քանի որ խուզարկությունը օրինական չի եղել, ապա ներկա անձանց վարքագիծն էլ քրեորեն պատժելի չէ: Փաստորեն, ստացվում է, որ Ներսիսյանների որդիները ձերբակալվել էին եւ 72 ժամ մնացել անազատության մեջ անհիմն եւ անօրինական:

Հրաչյա Ներսիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ քննիչի կողմից ոչ միայն խուզարկության գործընթացն է եղել անօրինական, այլեւ քրեական գործի հարուցման եւ քննության ողջ ընթացքը. «Իբր՝ հիվանդանոցի փողերի հաշվին իմ ավտոտնակի էլեկտրաէներգիայի վարձավճարն եմ վճարել: Ես իրեն ներկայացրի այն պայմանագիրը, ըստ որի իմ ընտանիքին պատկանող ավտոտնակն անվարձահատույց տրամադրել եմ կենտրոնին՝ շտապօգնության մեքենաները կանգնեցնելու համար: Կրկնում եմ, անվարձահատույց, մինչդեռ կարող էի վարձակալության տալ: Այո, ավտոտնակի համար կենտրոնի ֆինանսական հաշվից ՀԷՑ-ին է փոխանցվել օրական 200 դրամ՝ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց:

Դա շարունակվել է նաեւ ինձ հաջորդող տնօրենի ժամանակ: Ամեն ինչ օրինական է, եւ բխել է հիվանդանոցի շահերից: Տեսնելով, որ այլ հիմնավորում չեն գտնում, Տավուշի մարզային քննչական վարչությունում սկսում են ենթադրել, թե նշված պայմանագիրը կեղծել եմ, գրել հետին ամսաթվով եւ կնիքել, քանի որ, ըստ իրենց, կնիքը մինչ օրս ինձ մոտ է: Մի քանի անգամ իմ ցուցմունքներում նշել եմ, որ կնիքը հանձնել եմ ՀՀ Երեւանի ոստիկանության կենտրոնական մասնաշենք՝ ոչնչացնելու նպատակով: Քննիչ Թամազյանը, փոխանակ Երեւանի ոստիկանության կենտրոնական մասնաշենք հարցում անելու, ոստիկանության Իջեւանի բաժին է հարցում կատարում, որտեղից էլ, բնականաբար, պատասխանում են, որ ես իրենց կնիք չեմ հանձնել: Քննիչի փոխարեն իմ փաստաբանը հարցումներ արեց, փաստեր հավաքեց, որի արդյունքում հաստատվեց, որ ես 2008 թ.-ին հանձնել եմ բժշկական կենտրոնի նախկին կնիքը՝ ՀՀ Երեւանի ոստիկանության կենտրոնական մասնաշենք՝ ոչնչացման նպատակով: Ուստի, հետին ամսաթվով պայմանագիր կեղծել ես չէի կարող: Բացի այդ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Իջեւանի հաշվառման կենտրոնը տվել է տեղեկանք, որ հիվանդանոցի մեքենաները կայանել են իմ ընտանիքին պատկանող ավտոտնակում: Դա պարզելը քննիչի պարտականությունների մեջ էր:

Փորձառու մասնագետը չպետք է հիմնավորվի էժան մարդկանց էժան կլյաուզաների վրա եւ չեղած բանից գործ սարքի: Նա կամ իր մասնագիտությանը չի լավ տիրապետում, կամ էլ պարզապես կատարել է իր վերադասի՝ Մանթաշյան Աննայի հրահանգները, որը նստած մտածում է, թե իմ կամ եղբայրներիս դեմ ինչ «գործ սարքի»:
Այն, որ Տավուշի մարզի նախկին դատախազ եւ ներկայիս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ Աննա Մանթաշյանի ու Ներսիսյան եղբայրների ջրերը վաղուց մի առվով չեն հոսում, Իջեւանում գիտեն բոլորը:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Aram says:

    Մեր երկրի մեծամեծերն էլ պնդում են, թե մենք իրավական երկրում ենք ապրում, այնինչ ճիշտ կլիներ ասել` սանձարձակ իրավապահների երկրում:

  2. Միլենա Ղազարյան says:

    Այ լրագրող ջան նենց հեզանքով ու քնքշանքով ես ներկայացնում Հրաչյա Ներսիսյանին, ոնցվոր նա քո հարազատ-բարեկամը լինի, սաղ էլ ճանաչում են իրան ու իրա հարազատներին, թե չէ մի ուրիշ մարդ, որ կարդա, կարողա հասկանա, թե դրանք սուրբ են, օդից հենց նոր են Իջել: Էդ որ սաղ Իջևանը կերան, թալանեցին, բա էդ ուր էիք, որտեղ էիք նայում այ լրագրող ջան?: Մի մոռացեք, որ ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվում, հերիքա սրան-նրան կլաուզ անելով ման գաք, արդեն հոգնել ենք Ներսիսյանների կլյաուզներից ու հովանավորողներից, ճիշտ են անում, մեկը պետքա լինի չէ, որ դրանց հասկացնի, որ օրենք կա, բան կա, վերջացել են են թալանի ժամանակները:

  3. Anna says:

    Հոդվածը կարդալով և Իջևանում շրջանառվող լուրերը լսելով հիմնովին պատկերացում կազմեցի իրավապահների կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունների մասին:Ավելին,հասկացա, որ մեր երկրում իրավական համակարգ,որպես այդպիսին բացարձակ չկա,այլ առկա է կամայական իրավականություն:Տեսնես ով պետք է սրա համար պատասխան տա:

  4. Կարեն Ավագյան says:

    Լինելով փաստաբան և ոչ Իջևանաբնակ, սակայն Իջևան քաղաքի հասարակությանը երկար տարիներ ծանոթ և բարեկամ, կարող եմ նշել, որ ոմանց համար, նամանավանդ այսպես կոչված ներսիսյան եղբայների համար, այդպես էլ <> մնաց օրինապաշտ լինելու գաղափարը, համենայն դեպս ցավով կարող եմ փաստել մի տհաճ և իջևանցիների համար ցավալի երևույթ՝ այսօր Իջևան քաղաքում դատական և դատախազական ոլորտը բացարձակ կամայական և անվերահսկելի իրավիճակում է հայտնվել, ինչը կարող են նույնիսկ փաստել վերջին շրջանում դատարանում քննվող քրեական գործերով դատավորների կողմից կայացված <> որոշումները և վճիռները, որը գեթ մեկ անգամ վերադաս պաշտոնյաների ուսումնասիրության արժանանալու դեպքում կարող է պայթեցնել Իջևանի կառկառուն դատավորներից շատերի դեմքերը: Իջևանցիների համար նորություն չէ նաև այն, որ ներսիսյանները, օգտվելով ժամանակին իրենց ընձեռնված <> հնարավորությունից, շատ հողեր և տարածքներ են դարձրել իրենցը, ինչը կարող է փաստել Իջևանի յուրաքանչյուր 3 բնակիչից ամեն երրորդը: Ինչևէ խոսքը այդ անօրինական ճանապարհով ձեռք բերված ու քաղաքացիների աչքից թաքցված տարածքների մասին չէ, այլ նրա մասին, որ ներսիսյանները իրենք լինելով հասարակության կողմից լքված, հեռացված, փորձում են քավության նոխազ դառնալ որոշ մարդկանց աչքերում՝ իրենց հերթական կլաուզներով որոշ դիվիդենտներ հավաքելու համար / ինչ իմանաս, կարող է մեկ էլ տեսնենք հետագա ընտրություններում Հրաչյա Ներսիսյանը Իջևանի քաղաքապետի թեկնացություն դնի, չէ որ այս երկրում ամեն ինչ էլ հնարավոր է, նման հանցավոր նախադեպեր շատ քաղաքներում ունենք/: Նրանք մեռածների շրջանում փորձում են մեռելներ փնտրել, այն էլ չգիտեն, որ շատ վաղուց էդ մեռելներին արդեն էլ չեն հիշում, և պետք է վերջ տալ օրենքի հետ խաղալ, հովանավոր դատախազ-դատավոր, քավոր-սանիկ կապերով առաջ գնալ, անցել են արդեն այդ տգիտության ժամանակները: Որպես հասարակ քաղաքացի՝ հոդվածագրին խորհուրդ կտամ նաև շրջել հասարակ մահկանացու իջևանցիների շրջանում և հարցում կատարել, թե ինչ կասեն իր գրած հոդվածի վերաբերյալ այդ քաղաքացիները և ներսիսյանների կողմից խեղաթյուրված կերպով ներկայացված հանգամանքներն արդյոք համապատասխանում են օրենքի տառին ու իրականությանը, արդյոք նրանք այնքան անմեղ են ու ներսիսյաններին ճանաչող անձը կարող է օրը ցերեկով ապօրինիություն կատարել նրանց նկատմամբ և մնալ անպատիժ, թե ոչ, քանի որ լրագրողը պետք է օբյեկտիվորեն մեկնաբանի իրեն հայտնի տեղեկությունները, այլ ոչ թե միակողմանիորեն և պետք է վերջ տրվի տարիներ ի վեր ներսսիսյանների կողմից սրան-նրան կլաուզներ անելը: Իսկ որպես երկարամյա աշխատանքային փորձ ունեցող փաստաբան՝ կավելացնեմ, որ ցավոք անօրինականությունը սկսվել է և շարունակվում է ներսիսյանների կողմից, չէ որ ժողովրդական խոսք կա՝ շատ գոռացողը իր ահից է գոռում, այլ ոչ թե արդարություն պահանջի զգացումից: Օրենքին քիչ թե շատ ծանոթ մարդը նման անհիմն մեկնաբանություններ չի կատարի այս հոդվածի տակ, թե չէ վերամբարձ խոսքեր ասելով և գոռալով չի, Իջևանում ի վերջո մի խելացի, օրինապաշտ պաշտոնյա պետք է լինի հանցավոր տարրերին հասկացնելու համար, որ վերջ, հերիք ա սրա-նրա կաբինետների տակ հերթ կանգնեք կլաուզ գրելու և մարդկանց վարկաբեկելու համար: Հասկանալի և ինչ-ինչ պատճառներով թեպետ կասկածում եմ, որ այս կայքի պատասխանատուն հարկ կհամարի տեղադրել շարադրածս մտքերը և դրա պատասխանատվությունը թողնում եմ նրա լրագրողական խղճին ու օբյեկտիվությանը՝ հույս ունենալով, որ գոնե կայքի պատասխանատուները համապատասխան հետևություններ կանեն ներսիսյանատեղեկատվական կլաուզները և ապօրինի գործելավոճը հետագայում կայքում ճիշտ և օբյեկտիվ ներկայացնելու համար:

  5. Aram says:

    Իմ կարծիքով Միլենա Ղազարյանն այնքան է չարացած, որ չհասկանալով խեղաթյուրում է հոդվածի իմաստը: Այս պարագայում խնդիրը իրավապահ մարմինների կողմից ծավալած անօրինականությունների մասին է, իսկ ըստ Միլենա Ղազարյանի, եթե այդ ամենը վերաբերվում է մի մարդու, ում ինքը չի ընդունում, ուրեմն իրավաչափ է: Ի դեպ, Սրբերն էլ երկնքից են իջել:

  6. Zaven says:

    Բոլոր մեկնաբանությունների հետ էլ համաձայն եմ, բայց լրագրողից անհնաիրնը մի պահանջեք: Սահմանափակ ժամանակում, եթե անգամ նա ցանկանում է արդարամիտ լինել, անկողմնակալ մոտենալ հարցին` չի կարող մարդկանց և նրանց գործերը անաչաոորեն ներկայացնել: Այս հոդվածը ևս մի մեկնաբանություն է, ինչու եք սվիններով ընդունում: Ինչ անի լրագրողը, ասել են հոդված գրի, նա էլ գրել է: Մի ուրիշը կասի` հակառակը կգրի: Այդքան լուրջ մի ընդունեք մամուլը: Բայց եթե ազատ ժամանակ ունեք` գրեցեք, զբաղմունք է…

  7. Kamo says:

    Կարեն Ավագյանն իրականում որպես փաստաբան փորձում է իր մեկնաբանությունով պաշտպանել Աննա Մանթաշյանին, որի վերաբերյալ, ի դեպ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված ու նախաքննությունը շարունակվում է: Մեկնաբանությունից միայն մեկ մեջբերում` ”Իջևան քաղաքում դատական և դատախազական ոլորտը բացարձակ կամայական և անվերահսկելի իրավիճակում է հայտնվել…”, բավարար է փաստելու համար այն իրողությունը, որ եթե նրանք իրենց տեղում լինեին, ապա Աննա Մանթաշյանը չեր կարող ի թիվ այլ հանցագործությունների, դատախազության ծառայողական բնակարանը ևս կեղծ փաստաթղթերով իր հարսի անունով սեփականաշնորհել: Ինչ վերաբերվում է փաստաբան Կարեն Ավագյան-Աննա Մանթաշյանի կողմից անանուն նամակ հիշեցնող այս մեկնաբանությանը, ապա իրոք որ իջևանցիներն ամեն ինչ տեսնում ու լսում են:

  8. Արմինե Սիմոնյան says:

    Ծիծաղելի տռագիկոմեդիա է հիշեցնում ներսիսյանների հերթական նամակաբույլը: Իչպես ակտուալ է դարձել ասել ՙ քիչմ մարդ եղեք, մարդ ՙ, հերիք է սրան-նրան պախարակելով, անանուն նամակներ գրելով սրա-նրա վրա փուչ գործեր սարքեք, ես Իջևանի օդը շնչեք ու իջևանցիների արունը խմեք, ով եք եղել դուք, ինչ բարոյական ու մարդկային արժանիքներ ունեք և ուր եք հասել, որ հիմա էլ խոսում եք Աննա Մանթաշյան մարդու մասին: Գոնե, որ գրում եք բարոյականություն ունեցեք գնացեք հայլու առաջ մի հատ ձեզ նաեք … : Շատ էլ ճիշտ և օրենքով է արել քննիչը, արդեն անցելա զոռբայության ու հովանավորության ժամանակները, սրան-նրան ծախվելու, սրա նրա տակ … ժամնանակները: Ձեզ սովորացնողները թող օրենք կարդան, օրենք իմանան: Մեկը պետք է լինի ես երկրում, որ օրենքի ուժով ձեր հետ խոսա ու ասի, որ արդեն վերացելա ՙ ես սարն իմն է, ես ծառն իմն է սկզբունքը ՙ և եկել է ՙ խելոք մնացեք, թե չէ կբանփվեք ՙ սկզբունքը: Հերթական անգամ մեծն դիվանագետ Ներսիսյանի հետ բարեկամներով-հարազատներով խորհրդավոր ընթրիքի շուրջ նստած կլաուզ կամ անանիմկա գրելուց առաջ չմոռանաք իրար դեմքի նաել ու հիշել, թե ով եք դուք և ինչ եք ձեզնից ներկայացնում …

Պատասխանել